Հեղինակ 3.
Հիշողություն
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով՝
Կրտսեր ու ավագ:
Ուտում էին նրանք հանգիստ
Ապուրը համեղ,
Կիտում էր հայրս խիստ
Ունքերը հոնեղ:
Չէր սիրում նստել լուռումունջ
Կամ հոգսից խոսել,
Սրբում էր բեղերը փունջ-փունջ,
Սկսում երգել:
Դրսում իրար են խառնվել
Կաղկանձ ու բառաչ,
Վրնջում է քուռակը խելառ
Ու նետվում առաջ:
Ականջիս մեջ ճռճռում է
Ծղրիդը համառ,
Մի հին ճոճանակ հեռվում,
Մի լուսնոտ ամառ:
Մռմռում է կատուն մի երգ
Օրերից անցած,
Փակվում են աչքերս քիչ-քիչ
Ձայներից մարած...
Օրորվում է լուսինը կեռ,
Չի հանում ծպտուն,
Քնել է պատի տակ արդեն
Մեր պառավ կատուն:
Էջանիշներ