Քիչ անց արդեն նստած էինք աղանդերի սեղանի շուրջ ու տիրում էր նույն կիսաթեթև, կիսաաշխույժ, կիսատտիպ մթնոլորտը: Քանի որ ներկաները այդքան էլ շուտ-շուտ չեն տեսնվում` ամեն մեկը պատմելու ինչ-որ բան ուներ: Յուրաքանչյուր նորություն բուռն քննարկման առարկա էր դառնում: Կարծես բոլորը ենթագիտակցորեն հասկանում էին, որ նման հանդիպում մեկ էլ կկազմակերպվի բավական ժամանակ անց ու փորձում էին այս մեկից առավելագույնը ստանալ: Չնայած այժմյան մեկուսացմանը` մենք բոլորս էլ միմյանց հետ կապված ենք հարազատական-արյունակցական կապերով, անցյալով, որտեղ ամեն ինչ այլ էր, որտեղ մենք համախմբված էինք:
Մենք… Չէ, այստեղ բոլորը չէին… մեր շարքերը նոսրացել էին: Այդ շարքերից դուրս մնացին նրանք, ովքեր համարձակվեցին լինել այնպիսին, ինչպիսին կային: Իսկ դա չընդունվեց: Դուրս մնացին նաև նրանք, ովքեր վատագույն ձևով դրսևորեցին իրենց վատագույն հատկանիշները: Դա էլ չներվեց:
Ու հիմա նայում եմ այս կլոր սեղանի շուրջ հավաքվածների ու պարզ գիտակցում, որ մեր շարքերը դեռ շարունակելու են նոսրանալ: Իսկ կնոսրանան թե’ մեր անտարբերության, թե’ անհանդուրժողականության , թե’ մեկուսացման պատճառով: Ու ամեն անգամ, ինչպես որ մինչ հիմա է եղել` ևս մեկին այս սեղանի շուրջ չտեսնելով` ցավ կապրենք, բաց էլի ոչինչ չենք անի:
Իսկ մինչ այդ ես նորից շարունակում եմ թաքուն զննել նրանց: Ահա հորեղբորս կինը իր երկու աղջիկների հետ, որոնք իր իսկ կրկնօրինակն են, թե տեսքով, թե շարժուձևով, թե նույն սահմանափակ մտածելակերպով, թե միշտ բարին լինելու ձգտումով, որը իրականում խեղդում է նրանց բուն էությունը: Նայում եմ այդ աղջիկներին ու զարմանում, թե ինչպես կարելի է երիտասարդ լինելով հանդերձ` այդքան ծեր լինել: Յոթանասունն անց տատիս երակներում ավելի շատ կյանք է հոսում , քան նրանց: Կեղծ էթիկայի նորմերի, պահելաձևերի, բարոյականության հետևից ընկնելով` նրանք միաձուլվել են իրենց դիմակին ու այդպես աստիճանաբար սպանում են իրենց կյնաքը:
Ահա և հեռու բարեկամուհիս, որը նստած է սեղանի մի ծայրին , իսկ իր աղջիկը` մյուս: Ինչ ինձ հիշում եմ, նրանք անընդհատ կոնֆլիկտների մեջ են : Ու բանն հասել է անգամ նրան, որ աղջիկը բարձրաձայն արտահայտվել է, որ ամաչում է նման մորից: Դրանից հետո ամեն ինչ այնքան է սրվել, որ մայր ու աղջիկ ատելով միմյանց` դա չեն էլ փորձում թաքցնել: Ահավոր է, բայց աղջկա պահվածքը ինձ համար հասկանալի է:
Ա՜խր նրա մոր մեջ կուտակվել են մարդկային վատագույն հատկանիշներից գրեթե բոլորը: Նախանձը, ատելությունը, դաժանությունը, ճղճիմությունը, սուտը մի դարձած` կերտել են մի հրեշավոր կին արարած, որը դժոխքի կարող է վերածել ցանկացածի կյանքը: Ցանկացած տեղ կարող է կոնֆլիկտ առաջացնել, ցանկացածի կյանք կարող է թունավորել: Իսկ աղջիկը տարիներ շարունակ դա տեսնելով` չի կարողացել ոչ փոխել, ոչ համակերպվել այդ ամենի հետ: Հիշում եմ, թե նա ինչպես էր երբեմն-երբեմն մոր հերթական ծեծից հետո փախչում ու մեր տուն գալիս: Մնում էր այնքան, քանի դեռ կրքերը չէին հանդարտվել: Ուղեղումս դաջվել է նաև այն օրը, երբ իմ սենյակում հագուստը փոխելիս պատահաբար դուռը բացեցի ու տեսա նրա մարմնի կապտուկները, որոնք կախիչով ծեծի հետևանք էին: Հիմա կասեք, թե այդ դեպքում, այդ կինն ի՞նչ գործ ունի մեր սեղանի շուրջ: Ես էլ կպատասխանեմ, որ ես էլ, մայրս էլ մեր սնահավատությունների գերին ենք ու թեկուզև այդպես ցույց չենք տալիս, բայց ներքուստ համոզված ենք, որ այդ կնոջն արհամարհելու դեպքում` հաջորդը մեր կյանքը դժոխքի կվերածվի: Դե հա, երևի ծիծաղելի է, բայց դե մեր տեսածից ելնելով` այլ կերպ չենք կարողանում մտածել ու վարվել:
Նայում եմ, նայում նրանց բոլորին, հերթով հայացքով անցնում մյուսների դեմքերի վրայով ու արագ թերթում նրանցից յուրաքանչյուրի կյանքի էջերը, դրանցում նորից կարդում ոչ պակաս ահավոր պատմություններ, երբ հանկարծ պարզ գիտակցում եմ, որ այս կանայք կարծես մի չար ուժի շնորհիվ, ինչ-որ անհասկանալի պատճառներով դատապարտված լինեն : Բայց ինչի՞: Դժբախտությա՞ն, ցա՞վի, անընդհատ հոգսերի տակ կքած լինելո՞ւն…
Հանկարծ զգացի, որ սեղանի շուրջ տարօրինակ լռություն է տիրում: Չէի էլ հասցրել հասկանալ լռության պատճառը, երբ ուղեղումս հնչեց.
-Դատապարտված են չապրելու:
-Այսինքն մեռնելո՞ւ:
-Չէ, չապրելու:
Սարսափած վեր կացա տեղիցս ու աչքս ընկավ դիմացի պատին կախված մեծ հայելու միջից ինձ նայողին, որը վախվորած աչքերով կարծես ինձ հարցներ.
-Դո՞ւ էլ…
Դեռ այսքանով բավարարվենք ու ժամանակավորապես ասենք ՝ Վերջ:




Մեջբերել

, ու ասեմ, որ այո, արժեր 
:
:

Էջանիշներ