Երեւանում հրդեհվել է հայտնի պարուսույց Սուրեն Գյանջումյանի ավտոմեքենան. Նրա որդին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է

Հունիս 02, 2011 | 21:40

Երեւանում, այսօր` հունիսի 2-ին ժամը 16:50-ի սահմաններում հրդեհվել է հայտնի պարուսույց, Ժողովրդական արտիստ, «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանի ավտոմեքենան:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ-2106» մակնիշի 61 ԼՏ 389 համարանիշի ավտոմեքենայում: Այն գրանցված է Երեւանի Բաղրամյան-78 շենքի բնակիչ Սուրեն Գյանջումյանի անվամբ:

Ավտոմեքենայի հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարարական ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները` մեկ մարտական հաշվարկով:

Բարեբախտաբար, այդ պահին վարորդը մեքենայում չի եղել, իսկ հրդեհը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 19 հասցեում: Նշված հասցեում է գտնվում «Կանազ» մշակույթի տունը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ավտոմեքենան պատկանում է հայտնի պարուսույց, Ժողովրդական արտիստ, «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանին: Նրա որդին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանն է, իսկ թոռը` հայտնի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն է:




news.am