[B]
Աղետալի փլուզում
Այսօր, հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում փլուզում է տեղի ունեցել Տավուշի մարզում`Թումանյանից Բագրատաշեն տանող ճանապարհին` Նոյեմբերյան-Այրում գլխավոր ճանապարհահատվածում: Փլվել է ճանապարհամերձ սարը, ինչի հետևանքով ավերակների տակ են մնացել նախնական տվյալներով, 10-12 ավտոմեքենաներ, որոնց թվում կան նաև բեռնափոխադրող և ՃՈ ծառայողական ավտոմեքենաներ:
Որոշ ժամանակ անց արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանութան Տավուշի և Լոռու մարզերի աշխատակիցները` նշված մարզերի ոստիկանության մարզային վարչությունների պետերի` Անուբախ Ղամբարյանի և Վլադ Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, մարզային փրկարար ծառայությունների աշխատակիցները, շտապ օգնության մեքենաներ:
Այս պահին դեպքի վայր են ժամանում փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ` հարակից մարզերից, փրկարարական աշխատանքներին աջակցելու համար:
Փլուզված տարածքն ընդգրկում է 150-200 մետր, փլուզման պատճառով շրջվել է նաև բետոնե էլեկտրասյունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Լոռու մարզի մեր թղթակից Էդվարդ Արզումանյանը, փրկարարական կամ վերականգնողական աշխատանքները գրեթե անհնարին են, քանի որ փլուզումը շարունակվում է:
Մեր թղթակից Էդուարդ Արզումանյանը դեպքի վայրից տեղեկացնում է, թե այսօր նշված վայրում ձորն է գլորվել բեռնատար մեքենա: Բեռնատարը հանելու համար ավտոկռունկ է ժամանել այդտեղ: Ճանապարհի այդ հատվածը փակվել է, երկու կողմից մի քանի տասնյակ մեքենա է կուտակվել: Ըստ նախնական վարկածի, հողը սկսել է հոսել ավտոկռունկի տակից, եւ փլուզումը սկսել է տարածվել, իր հետ տանելով այդ հատվածում կանգնած մեքենաներին, որոնց ստույգ թիվը հայտնի չէ:
Այս պահին դեպքի վայրում են ոստիկաններ, փրկարարներ, շրջակա բնակավայրի բնակիչներ, որոնք օգնում են փրկարարներին, որոնք աշխատում են բավական բարդ պայմաններում, քանի որ սողանքն ու փլուզումը շարունակվում են: Առայժմ հայտնի չէ հողի ու քարակույտերի տակ մնացած մեքենաների թիվը եւ նրանցում գտնվող մարդկանց ճակատագիրը:
Էջանիշներ