Երեւանում այսօր` մայիսի 17-ին ժամը 21:10-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արցախի փողոցում, կան զոհեր:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի փողոցում` 28 շենքի դիմաց, միմյանց են բախվել «Մերսեդես» եւ «ԳԱԶԵԼ» մակնիշների ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել է եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Այս պահին փրկարարները փորձում են մեքենաների միջից հանել այրված դիակները:
Երթեւեկությունը նշված հատվածում դադարեցվել է: Ամբողջ տարածքը լցված է քաղաքացիներով: Դեպքի վայրում են հրշեջ մեքենաները:
Դեպքի վայրում է ոստիկանության Էրեբունիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ, նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության փրկարարական խումբը` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:
Այստեղ են նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ, ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության պետ Սերգեյ Ազարյանը, նույն ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները` վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ, Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանյանը:
Ականատեսները պատմել են, որ մարմնական վնասվածքներ ստացած 3 մարդու շտապօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, մահացել է 4, վիրավորվել` 9 մարդ: Վիրավորներից մեկը 7 տարեկան երեխա է: Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
news.am
Էջանիշներ