Մի քանի քար էլ ես շպրտեմ, եթե թույլ տաք:
Իմ կարծիքով, տվյալ մրցույթը չի հաջողվել: Դրա պատճառներից մեկը հեքիաթների անհաջող ընտրությունն է. նրանցում առկա թեմաները այնքան ծեծված ու համատարած են, որ դժվար է ստեղծել որևէ բան, որը չափազանց նման չի լինի արդեն գոյություն ունեցող նյութին: «Սուտլիկ որսկանը» կամ «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ կթողնեին: Անձամբ փորձել եմ կազմել «Ձախորդ Փանոսի» իմ տարբերակը: Հասնելով որոշ կետի, սկսեցի հորինել հնարավոր շարունակություններ, բայց բոլորն էլ ակնհայտ, բանալ և անհետաքրքիր թվացին ինձ, դրա պատճառով որոշեցի՝ չմասնակցեմ:
Քվեարկության արդյունքներն էլ են հետաքրքիր. պարզվում է, ընթերցողին ավելի շատ գրավում է կոպտավուն հումորը՝ կանացի լաչառության տարրերով:Սկսեմ:
1. Բախտիյար Նազարը: Բախտիարը գրվում է առանց յ-ի, եթե յ-ն հատուկ է մտցված, պարզ չէ՝ ինչ նպատակով, և ընդհանրապես պարզ չէ, թե ինչ իմաստով է գործածված այդ բառը: Ձայնավորների քառա- կամ հնգապատկումը՝ տիլդայի ավելացմամբ (բացականչական նշանի փոխարեն), տհաճ և դժվարընթեռնելի է. կարելի էր խնդրել Չուկին՝ փոխարինի տիլդաները: Արհեստական տեքստը, տրիվիալ զուգահեռները քաղաքական գործիչների հետ, հումորի կենցաղայնությունը, այս տարբերակը դարձնում են ոչ գրավիչ:
2. Ձախ Փանոսը: Ուզում եմ նկատել, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթում Փանոսի հետ կատարված իրադարձությունները՝ միաժամանակ ծիծաղելի և ողբերգական, շատ հավանական են թվում ընթերցողին, մինչդեռ այս տարբերակի հեղինակը հեռացել է հեքիաթի ոգուց, ավելացնելով արհեստական դետալներ՝ ինչպիսիք են խաչակնքվող կամ ծխող եզները, հեծանվող ճանապարհորդող ծծմայրը, և այլն: Ընդհանուր առմամբ հումորային էֆեկտը ստեղծվել է ոչ թե հավանական իրադարձությունները անհավանական կոնտեքստում ներկայացնելուց, այլ կողմնակի զարդարանքի միջոցով (լինի դա կենցաղային խոսակցություն, թե զավեշտական, արհեստական պատկեր): Նշված հանգամանքները զրկում են նաև այս տարբերակը գրավչությունից:
3. Քաջ Նազարը մեր օրերում: Կրկին՝ տրիվիալ զուգահեռներ, այս անգամ ռազմական-քաղաքական գործիչների հետ: Ճնշող արհեստականություն՝ սկզբնական տարբերակի նկատմամբ: Նույն մտքի (այն է՝ պատերազմական գործողություններին չմասնակցած անձանց կողմից գովասանքի, արտոնությունների և պաշտոնների արժանանալու անարդարությունը) անընդհատ կրկնությունը համանման օրինակների միջոցով, տեքստը դարձնում են ձանձրալի:
(շարունակելի)
Էջանիշներ