Քաջ Նազարը հայ ժողովրդական բանահյուսության ու գեղարվեստական գրականության հերոսներից մեկն է, որի կերպարն աչքի է ընկնում երգիծական մեծ ուժով:
Ներկայացնում է պատահականության, դիպվածի, հանգամանքների բերումով և միջավայրի հանդուրժողականության հետևանքով հասարակական դիրքի, պաշտոնի, հարստության ու գահի տեր դարձած բախտախնդիր մարդուն: Քաջ Նազարի հոգեբանության մեջ դրսևորվում են ժամանակի սոցիալ-քաղաքական հարաբերությունները՝ արտաքնապես պարզունակ անրադարձումներով, բայց խորքում՝ ընդհանրացված ու դիպուկ: Ժողովուրդը ծիծաղելով պատմում է թույլ, հիմար, ամբարտավան մարդու մասին, որը առաջնորդ է կարգվում խելոքների վրա՝ հենց խելոքների կամքով: Ու թեև հեքիաթի վերջում գահազրկվում է, բայց ենթադրել է տալիս նորանոր Քաջ Նազարների ծնունդը: Նմանատիպ կերպարային արտահայտություններ կան նաև աշխարհի այլ ժողովուրդների բանահյուսություններում:
Հայ գրականության մեջ այս թեման հաճախ է շոշափվել: ХХ դարին Գարեգին Սրվանձտյանը Քաջ Նազարի կերպարը դարձրեց իր «Դժիկոն» հեքիաթի կենտրոնը, հետագայում Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Համաստեղը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Սիպիլը, Վեսպերը, Մկրտիչ Սարգսյանը, Ժիրայր Ավետիսյանը և ուրիշներ հեքիաթի սյուժեի հիման վրա գրեցին պատմվածք, կատակերգություն, հեքիաթ-վեպ, չափածո հեքիաթ և այլն:
Թեման ժամանակի ընթացքում ներառել է նոր գծեր, սյուժետային ճյուղավորումներ, երբեմն հեռանալով ժողովրդական հեքիաթի հենքից, բայց չկտրվելով նրանից: Քաջ Նազարի կերպարի մշակումը հայ գրականությունը հարստացրել է համամարդկային հնչեղություն ունեցող ստեղծագործություններով: Հատկանշական է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» կատակերգությունը, որը հայկական երգիծանքի կատարելություններից է, երկար տարիներ եղել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկում, կինոնկարահանվել (1940), ռադիոբեմականացվել:
Մ. Մելքոնյան
Աղբյուր՝ Հայկական Սովետական Հանրագիտարան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցութային նյութերն ուղարկելու համար մնացել է
մեկ շաբաթից
քիչ ավելի ժամանակ
Էջանիշներ