Ջազի տոն՝ «Մեցցո» ակումբում
Ջազմեն Գարի ՔՅՈՍԱՅԱՆԻՆ կարող եք ունկնդրել այստեղ
Ավագ սերնդի ընկերներից ու ծանոթներից հաճախ եմ լսել, թե ինչ հրաշալի մթնոլորտ է ունեցել 70-80-ականների Երևանը: Քաղաքը շնչել է արվեստով, ունեցել իր համն ու բույրը, բնակչին ու հյուրին նվիրել ջերմություն ու պայծառություն: Իսկ քաղաքի դեմքը կերտել են ոչ միայն դեպքերն ու իրադարձությունները, այլև մարդիկ, ովքեր իրենց գործով ու կյանքով ավելի են ջերմացրել ու սիրել տվել մեր քաղաքը: Անկեղծորեն ասած՝ փոքր-ինչ նախանձով եմ լսել այն օրերի Երևանի մասին պատմությունները, ցավել, որ այսօր քաղաքը շնչում է այլ օդով, որ այն օրերից մեզ մնացել է միայն կարոտը:
Բայց վերջերս հուրախություն և ի զարմանս շատերի՝ Երևանի կենտրոնում հայտնվեց մի փոքրիկ «կղզյակ»: Այն ոչ մի առնչություն չունի մերօրյա կյանքի խելահեղ ռիթմի, մրցակցային տենդով բռնկված վազքի ու արագահոս առօրյայի հետ: «Կղզյակի» տերն ու տիրականը ՋԱԶն է:
«Մեցցո» ջազ ակումբը, որի երաժշտական մասի ղեկավարը հայտնի ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանն է, գործում է Դրամատիկական թատրոնի շենքի շարունակության առաջին հարկում: Երբ մուտքից ներս ես մտնում, մեկեն հայտնվում ես այլ աշխարհում: Հրաշալի մտածված գեղեցիկ ինտերիերը և ներքևի հարկից ականջիդ հասնող ջազի առաջին հնչյուններն ստեղծում են նոր տրամադրություն, ակամա ժպտում ես: Գտել եմ՝ մտածում ես և երանավետ հաճույքն ու ջերմությունը կանխավայելելով` ոլորապտույտ աստիճանով իջնում ներքև, որտեղ գեղեցիկ սրահն է ու բեմը:
«Մեցցո» ջազ ակումբը բացվել է 2009թ. դեկտեմբերի 5-ին: Ըստ Գարի Քյոսայանի` այս նախաձեռնության դրդապատճառներից մեկն այն էր, որ Երևանը լավ ջազ ակումբի կարիք շատ ունի: Ակումբի նպատակն է մատուցել որակյալ երաժշտություն, միաժամանակ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ այցելուն հանգստանա, ստանա հոգևոր բավարարություն և ամենակարևորը` թեկուզ կարճ ժամանակով զգա ներքին ներդաշնակություն: Ակումբի նպատակի մասին խոսում է նույնիսկ անունը` «Մեցցո»: Երաժշտական այս տերմինը նշանակում է թավշյա, փափուկ: «Իսկ դա մեր դիզայնի ու երաժշտական հոգեվիճակի հետ առավել քան համահունչ է»,- պարզաբանում է կոմպոզիտորը:
«Մեցցոյում» հնչում են ամերիկյան ջազային լավագույն գործերը, Գարի Քյոսայանի ստեղծագործությունները` ինչպես տեղացի, այնպես էլ Ամերիկայից հրավիրված երաժիշտների կատարմամբ: Ջազային ոճերի առումով այստեղ խտրականություն չկա: Կարևորը, որ հնչող երաժշտությունը շոյի ունկնդրի լսելիքը, դիպչի հոգու լարերին ու բերի այնքան ցանկալի խաղաղությունը: «Երաժշտական իմաստով ոչ մի ագրեսիա չպետք է լինի, քանի որ ջազային երաժշտությունը մարդու հոգևոր վիճակը պետք է բալանսի մեջ պահի»,- ասում է հայտնի ջազմենը:
Պարոն Քյոսայանը վստահ է, որ Երևանում ջազ սիրում են: «Մեր ժողովուրդը լավ արվեստի պահանջ ունի: Բայց այսօր, դժբախտաբար, քարոզվում է ամենացածր արվեստը: Դա արվեստ էլ չի կարելի համարել: Թյուրիմացություն է, հանցագործություն արվեստի դեմ: Իսկ հայկական արվեստը միշտ եղել է ամենաբարձր մակարդակի: 20-րդ դարն ապացուցեց, որ հայ արվեստագետներն աշխարհում լավագույնն են»: Ուստի «Մեցցո» ջազ ակումբը փորձում է լրացնել բարձր արվեստի պակասը: Կարող եմ վստահեցնել` դրա համար կան բոլոր պայմանները: Ակումբում հնչում է երգեհոն (Hammod B- 3), որը ջազ մեկնաբանությամբ հոգևոր երաժշտության համար ուղղակի անփոխարինելի է: Ակումբում նվագում են ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ երաժիշտներ: «Այստեղ շատ պրոգրեսիվ և դեմոկրատ մթնոլորտ է: Բոլոր երաժիշտները, ովքեր այստեղ նվագելու ցանկություն են հայտնել և ներկայացրել են որակյալ երաժշտություն, մեր բեմում են»,- ասում է ջազմենը, նա անձամբ է կատարում երաժիշտների ընտրությունը: Ի հեճուկս տարածված կարծիքի, թե Հայաստանում ջազ-երգիչներ չկան, «Մեցցո» ջազ ակումբում երգում է մի քանի փայլուն կատարող: Նրանցից մեկի մասին հայտնի ջազմենն ու կոմպոզիտորը շատ ջերմ արտահայտվեց. «Մի երգչուհի ունենք, ով ինձ համար իսկական հայտնություն է: Թեպետ սկսնակ է, բայց ունի կատարողական հրաշալի որակ և ներքին երաժշտական մեծ կուլտուրա»: Ի դեպ երաժիշտների օրացույցը դեռևս հստակեցված չէ: Մոտ մեկ ամսից արդեն պարզ կլինի, թե որ օրը որ երաժիշտն է նվագելու:
«Մեցցո» ջազ ակումբն աշխատում է ամեն օր: Բաց է առավոտյան ժամը 12-ից: Երեկոյան ժամը 7-ից մինչև 9-ը հնչում է դասական երաժշտություն, իսկ 9-ից հետո արթնանում է ջազի հեքիաթը: Գարի Քյոսայանը, նվագում է գիշերվա 12-ից հետո:
«Ջազն ազատություն է: Այն երաժշտին տալիս է իմպրովիզացիայի ազատություն: Այդ դեպքում է ի հայտ գալիս երաժիշտի տաղանդը, թե նա ինչպես կարող է մարդկանց գրավել իր մտքի ու հոգու ազատությամբ»:
Հավատացեք` «Մեցցոյում» ոչ միայն ջազի լիակատար ազատություն է, այլև՝ իսկական տոն:
Աղբյուրը





Մեջբերել

Էջանիշներ