Իհարկե տեսանյութը անորակ է` իմ կամերայի հին լինելու պատճառով, բայց դա ձեզ ցույց տալը պարտադիր էր, քանի որ Չորս Մեղքերի Գավաթը ինքը պահանջեց դա ինձանից: ինչպե՞ս: Հիմա պատմեմ նրա հետ անց կացրած իմ վերջին վեց օրերի մասին և կհասկանաք:
Թանգարանից տուն գալուց հետո ես այն խնամքով մաքրեցի, լվացեցի ու ազատելով գրասեղանս ավելորդ իրերից դրեցի այն դրա կենտրոնում: Երևի մոտ մի ժամ աչքս չէի կարողանում կտրել նրանից: Մեկ էլ այն սկսեց պտտվել իր առանցքի շուրջ ու երբ վերջապես կանգ առավ, գլուխներից մեկը սկսեց խոսել ինձ հետ.
- Մի կաթիլ կյանք տուր ինձ և ես քեզ կտամ դրա փոխարեն այն ինչ ուզում ես: Մի կաթիլ կյանք... Մի կաթիլ կյանք...
Այդ ընթացքում նրա գորշ գույնը դարձել էր շագանակագույն, իսկ ես ապուշի պես աչքերս չռել էի ու կպել աթոռին: Մի քանի րոպե անց խելքի եկա: Ամբողջ մարմինս պատված էր սառը քրտինքով: Գավաթը նորից գորշ գույն ուներ: Հաջորդ երեք օրերին գավաթը էլ չխոսեց ինձ հետ: Վերջապես ես սկսեցի համոզել ինքս ինձ, որ դա ընդամենը լսած պատմությունների տպավորություններից ծնված երևակայությանս խաղ էր, բայց այդ խռպոտ կոկրդային բառերը. “մի կաթիլ կյանք... մի կաթիլ կյանք” գլխիցս դուրս չէին գալիս:
Չորրորդ օրվա առավոտն էր բացվում, իսկ ես կորցրել էի քունս: Լուսաբացին մտքովս մի բան անցավ. “Իսկ ինչ կլինի, եթե մի կաթիլ արյուն կաթեցնեմ գավաթի մեջ?”: Մտքիցս ոգևորված վեր թռա տեղից, վազեցի խոհանոց ու վերցնելով իմ ունեցած ամենասուր դանակը վերադարձա գրասեղանի մոտ: Մատիս վրա փոքր կտրվածք արեցի ու հոսող արյունից մի քանի կաթիլ կաթացրեցի գավաթի մեջ:
Նրա գույնը անմիջապես փոխվեց ու դարձավ շագանակագույն: Գավաթը սկսեց պտտվել իր առանցքի շուրջ և կանգնելով նույն դեմքի ուղղությամբ ասաց.
- Շնորհակալ եմ քեզանից Մարատ: Շնորհակալ եմ, որ կյանք տվեցիր: Փոխարենը ինձնից կարող ես ուզել կյանքի անթիվ օրեր կամ անսպառ հարստություն:
Ես կորցրեցի գիտակցությունս...
Ուշքի եկա եղբորս թաց ձեռքի թեթև ապտակներից: Արդեն երեկո էր: Եղբայրս շփոթված ու վախեցած էր: Շուտով եկավ նաև Շտապ Օգնությունը: Բժշկի երկար-բարակ հարցուփորձին ի պատասխան, ես քթիս տակ մռթմռթացի, թե կեսօրին երկար ժամանակ մնացել եմ արևի տակ ու ինչ-որ սրսկումից հետո, գլուխս մի կերպ ազատեցի նրանցից:
Եղբայրս մի երկու ժամ քարոզ կարդաց գլխիս, որ ուշադիր լինեմ առողջությանս նկատմամբ, հետո իրար հետ ընթրեցինք ու համոզվելով, որ ինձ բավականին լավ եմ զգում` գնաց:
Երբ մենակ մնացի, անմիջապես մտա աշխատասենյակ, արդեն առանց վախ զգալու: Չորս Մեղքերի Գավաթը շագանակագույն էր: Նրա դեմքերից մեկը դատարկ հայացքով նայում էր դռան ուղղությամբ` կարծես սպասելով ինձ: Երբ ես մտա սենյակ նա սկսեց խոսել.
- Ինչպե՞ս ես քեզ զգում:
- Լավ,- հանգիստ պատասխանեցի ես:
- Ես քո փոխարեն որոշում եմ կայացրել, տալ քեզ հարստություն թե? կյանքի օրեր:
- Ու ի՞նչ ես ընտրել:
- Կյանքի օրեր:
- Որքա՞ն:
- Այնքան, որքան ինքդ կցանկանաս:
- Այդ ինչպե՞ս:
- Երբ ինձ տեսնում է որևէ մահկանացու, նրա ճակատագիրը կապվում է իմ հետ: Ես վերցնում եմ բոլոր այն մեղքերը, որոնք նա կգործի այդուհետ: Մեղքերն էլ իրենց հետ բերում են այդ մարդուց պոկած կյանքի օրեր: Դու կարող ես խմել իմ մեջ կուտակված կյանքի ջուրը, իսկ ինձ կմնան` նրա գործած մեղքերը:
- Իսկ քանի՞ օր կունենամ ամեն մեղքի դիմաց:
- Դա կախված է մեղքի տեսակից: Սա անտարբերության մեղքի իմ դեմքն է, - ասաց նա և կատարեց քառորդ պտույտ,- երբ այս դեմքս տեսած մարդը անտարբեր կանցնի ուրիշի դժբախտության կողքով, իմ ներսում կկուտակվի մեկ օրվա կյանքի ջուր: Սա իմ ստի դեմքն է, - ասաց նա ու էլի կատարեց քառորդ պտույտ, - իսկ այս դեմքս տեսած մարդը, երբ կխաբի, կախված այդ ստի մեղքի աստիճանից, իմ մեջ կկուտակվի մեկից մինչև տաս օրվա կյանքի բաժնի ջուր, - կատարելով ևս քառորդ պտույտ նա ասաց, - սա իմ դավաճանության մեղքի դեմքն է: Այստեղ կկուտակվի տասից մինչև քառասուն օրվա կյանքի ջուր և ի վերջո իմ գլխավոր դեմքը, -ասաց նա ու նորից պտտվելով` շրջվեց իր գլխավոր դեմքով դեպի ինձ, - ես կարող եմ քեզ տալ կյանքի անթիվ օրեր, որոնք կծնվեն մարդկային թուլության վախից: իսկ այդ վախը անսպառ է:
- Իսկ ի՞նչ կպատահի այն մարդկանց հետ, ովքեր կտեսնեն քեզ:
- Նրանց կյանքի օրերը կպակասեն, իրենց ապրելու համար նախատեսված ժամանակից, այն չափով, որքան մեղք կգործեն կամ էլ մեղքի վախ կզգան:
Ես սեղանի վրայից վերցրեցի Չորս Մեղքերի Գավաթն ու տեսա, որ նրա մեջ արդեն կուտակված մի կում ջուր կա: Երևի հարազատ եղբորս զգացած վախից ու այս մի քանի ժամերի ընթացքում կատարած մեղքերից էր կուտակվել:
Ես խմեցի այդ մի կում ջուրը և երբ գավաթը հեռացրի իմ շուրթերից, նա ինձ ասաց.
- Իսկ հիմա ժամանակն է, որ ինձ ցուցադրես աշխարհին: Ես մեղքերի սով եմ զգում, իսկ քեզ պետք են կյանքի անթիվ օրեր:
Հաջորդ երկու օրերի ընթացքում ես այս պատմությունն էի գրում, և զրուցում գավաթի դեմքերի հետ: Նրանք իրենց հազարավոր տարիների փորձով կիսվում էին ինձ հետ:
Հիմա հասկացա՞ք, թե ինչի համար էր այս տեսանյութը, որտեղ Դուք տեսաք Խնուսի Չորս Մեղքերի Գավաթը:
Էջանիշներ