Վերջերս ընկերոջս տանն էինք, խոսքի մեջ ասեց.
- Պարզվում ա ես աուտիկ եմ։
- Ո՞նց ա պարզվում։
- Օնլայն թեստ եմ անցել, սահմանայինը 26 էր, ես 27 միավոր հավաքեցի։
Ծիծաղեցինք.
- Հաջորդ անգամ հորոսկոպ նայի, ավելի շատ բան կբացահայտես քո մասին, քան էդ տիպի թեստերով։
Նեղացավ.
- Լուրջ թեստ ա, մասնագիտական շրջանականերում բարձր հեղինակություն ունի։
Ասեցի. լավ, հետո կուղարկես, նայեմ։
Ուղարկեց Սայմոն Բարոն-Քոենի
Autism Spectrum Quotient (AQ) թեստը։
Զուտ հետաքրքրության համար լրացրեցի։
Արդյունքը՝ 37։
Գրեցի, ասում եմ ես քեզ հաղթեցի, քոնը 27 էր, գլուխ էիր գովում, ես 37 միավոր հավաքեցի։
Հիմա էլ ինքը ծիծաղեց, թե ուշադրություն մի դարձրու, մասնագիտական դիագնոզից բացի մնացածը սուտ բաներ են։
Օք, առանձնապես լուրջ չէի էլ վերաբերվում, իսկ մասնագետի դիմելու մասին խոսք անգամ լինել չի կարող՝ ես խուսափում եմ փողոցում պատահական հանդիպած ծանոթ մարդկանց բարևելուց, ուր մնաց անծանոթ մարդու հետ ինքնակամ վերբալ քննարկումներ ձեռնարկեմ։
Սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել էս թեման, էլի տարատեսակ թեստեր լրացրեցի, տարբեր հետազոտություններ ու հոդվածներ կարդացի ու պարզվում ա ես բավականին ընդգծված բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեմ։
Այսինքն էն բոլոր տարօրինակությունները, որ ես ամբողջ կյանքում ապարդյուն փորձում եմ վերացնել, ու որոնք ժամանակի ընթացքում թուլանալու փոխարեն ավելի ու ավելի են սրվում, իրականում ոչ թե անտանելի ու տարօրինակ մարդ լինելու այլ աուտիզմի հետևա՞նք են։
Ես չգիտեմ ինչ անեմ էս ինֆորմացիայի հետ։
Շատ եմ կարդում, որ աուտիզմ հայտնաբերած մարդիկ ասում են, թե ինչ թեթևություն են զգացել դրանից հետո, որ վերջապես հասկացել են ինչ է կատարվում իրենց հետ։
Ես ոչ մի թեթևություն չեմ զգում, ճիշտ հակառակը՝ եթե առաջ մտածում էի, այ սպորտով զբաղվեմ, կսկսեմ մի քիչ ավելի լավ զգալ, այ աշխատանքս փոխեմ, ամեն ինչ լավ կլինի, այ հենց առանձին բնակարան ունենամ, այ հենց վերանորոգեմ, այ հենց մեքենա գնեմ ու նորանոր այ հենցներ հենց անեմ, ինձ ավելի լավ կզգամ, ու սրանցից որևէ մեկը անելուց հետո ավելի լավ չէի զգում, այլ ճիշտ հակառակը, բայց գոնե հույս կար, որ ինչ-որ բաներ անելուց հետո ապրելը մի քիչ ավելի տանելի կդառնա, հիմա էդ հույսն էլ չկա։
Այսինքն միշտ ամեն ինչ էսքան, ու ամենայն հավանականությամբ ավելի վատ ա լինելու, ի՞նչ թեթևություն զգալու մասին ա խոսքը։
Ու մի վախեցնող բան էլ կա, եթե առաջ ինձ ստիպելով, համարյա ֆիզիկական ցավ հաղթահարելով գնում էի տարատեսակ շփումների, ինքս ինձ մեղադրելով, որ չի կարելի էդ աստիճանի սրիկա լինել, ու անտեսել քեզ հետ շփման ձգտող մարդկանց, հիմա ներքին ձայնս փորձում ա հանգստացնել, թե մի անհանգստացի, սրիկա չես, ուղղակի աուտիկ ես, ոչ մի տեղ էլ մի գնա, ոչ մի բան մի արա, զանգերի մի պատասխանի, հաղորդագրությունները մի բացի, նորմալ ա ամեն ինչ։
Էջանիշներ