Աղմուկի հնչյունները / Sound of Noise
Շատ օրիգինալ կինո է լինելու, կարելի է ասել՝ գրեթե արտ-հաուզ: Ֆիլմը քաղաքային «աղմուկ-երաժիշտների» մասին է, ովքեր զանազան խենթուխելառ, հակահասարակական ու արգելված բաներ են անում հանուն բարձր արվեստի: Օրինակ՝ բանկ են «թալանում», ու ընթացքում շատ ռիթմիկ կերպով փողերի տրցակները մտցնում են թուղթ ոչնչացնող սարքի մեջ՝ զուգահեռ «նվագակցելով» տասնյակ ուրիշ ձայներով՝ ստեղնաշարի չխկոցներ, շտամպերի շրխկոցներ... Կամ, ասենք, հիվանդանոցի սաբոտաժով են զբաղվում, որը վերաճում է հերթական «աղմուկային» համերգի, ընդ որում՝ առաջին ջութակը վիրահատական սեղանին պառկած անգիտակից հիվանդն է: «Աղմուկիստները» խոստացել են, որ շուտով քաղաքի մաստաշով են համերգ տալու, ու որ դա կլինի իրենց լավագույն ստեղծագործությունը: Իսկ գլխավոր հերոսը՝ ոստիկանության քննիչ Ամադեուս Ուորնբրինգը, ով սրտանց ատում է երաժշտության հետ կապ ունեցող ցանկացած բան, պիտի ամեն գնով խանգարի նրանց:
Այս կինոն արժանացել է քննադատների միաձայն գովեստներին, շատ ջերմ է ընդունվել հանդիսատեսների կողմից ու առաջադրվել է որպես մի քանի հեղինակավոր կինոմրցանակների թեկնածու: Կարևորը այստեղ ֆիլմի հետաքրքիր կոնցեպցիան է (հիմքում ռեժիսորական զույգի այս կարճամետրաժն է): Ըստ հանդիսատեսի կարծիքների՝ «Աղմուկի ձայները» շատ թեթև, դինամիկ ու պայծառ ֆիլմ է: Եվ, բնականաբար, շատ երաժշտական. վերնագիրը հստակ ակնարկ է «Երաժշտության ձայները» դասական մյուզիքլի մասին: Ֆիլմի հեղինակները, կարծես թե, հումորի զգացումից էլ զուրկ չեն. գլխավոր հերոսի անունը մենակ ամեն ինչ արժի: Ֆիլմը, թերևս, կարելի է շատ յուրահատուկ կոմեդիա համարել:
Էջանիշներ