Ավտոմեքենաների տեխզննումը Հայաստանում միշտ էլ թաղված է եղել կոռուպցիայի մեջ: Դեռ խորհրդային տարիներից այս համակարգն աչքի էր ընկնում իր թափթփվածությամբ: Շատերը հավանաբար կհիշեն, որ տեխզննումն այն ժամանակ էլ փաստացի գոյություն չուներ, իսկ կաշառք վերցնում էին բացահայտ: Նույնիսկ մի այսպիսի հետաքրքիր փաստ եղավ. Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տեխզննման կայանում պատասխանատուն մի ադրբեջանցի մայոր էր (տեխզննումը գտնվում էր միլիցիայի համակարգում): Նա հավանաբար Հայաստանից հեռացած վերջին ադրբեջանցին է, քանի որ ղարաբաղյան շարժումից հետո դեռ երկար ժամանակ շարունակում էր վարորդներից 3 ռուբլի վերցնել` տեխզննման կտրոնը տրամադրելու համար: Ընդ որում` դա անում էր բացահայտ` չնայելով նույնիսկ այն մեքենային, որի համար կտրոն էր տալիս:
Անկախացումից հետո այս համակարգում երկար ժամանակ արմատական փոփոխություններ չեն նախաձեռնվել, սակայն վերջին տարիներին որոշ քայլեր իրականացվեցին: Նախ` տեխզննման կայանները հանվեցին ոստիկանության համակարգից եւ սեփականաշնորհվեցին: Այնուհետ որոշվեց, որ վարորդներն ինքնուրույն են ընտրում, թե որ կայանում տեխզննում անցնեն` անկախ նրանից, թե մեքենան որտեղ է գրանցված: Սա արվեց այն նպատակով, որ տեխզննման կայանների միջեւ մրցակցություն լինի, բարձրանա սպասարկման որակը;
Սակայն այս փոփոխությունները ակնհայտորեն բավարար չէին; 2011 թվականի մարտի 31-ի կառավարության նիստում նոր, շատ ավելի արմատական փոփոխություններ կատարվեցին տեխզննման կարգում:
Մինչ այդ ավտոմեքենայի վարորդը կամ ավտոմեքենայի սեփականատերը պարտադիր տեխնիկական զննության կտրոնը ձեռք բերելու համար պետք է այցելեր մի քանի պետական հիմնարկ; Մասնավորապես` վճարեր գույքահարկը թաղապետարանում, այցելեր բանկ բնապահպանական վճար կատարելու համար, որից հետո միայն այցելեր տեխզննման կայան` այնտեղ էլ որպես կանոն վճարելով 8000 դրամ: Վճարումը կատարելուց հետո նա տեխնիկական զննության կայանից ստանում էր դիմապակուն փակցնելու համար անհրաժեշտ կտրոնը` տալով 5000 դրամ ապօրինի վճար:
Այժմ, նոր կարգի համաձայն, վարորդը պետք է առաջնորդվի հետեւյալ սխեմայով. Հարկավոր է նախ այցելել թաղապետարան`տեղեկանալու գույքահարկի պարտքի չափի մասին; Այնուհետ պետք է գնալ բանկ ու կատարել բոլոր վճարումները (բնապահպանական, տեխնիկական զննության վճարները եւ պետ.տուրքը): Բանկը վարորդին տրամադրում է տեխնիկական զննության վկայականը, որն արդեն կարող է փակցնել իր դիմապակուն, եւ համարվում է, որ վարորդն այդ առումով իր պարտականություններն արդեն կատարել է:
Միեւնույն ժամանակ քաղաքացուն բանկում տրամադրում են երկրորդ թերթիկը: Դա մի կտրոն է, որով վարորդը տեխզննման կայանից կարող է պահանջել իրականացնել ավտոմեքենայի տեխնիկական զննում: Այդպիսով` ավտոմեքենայի տեխնիկական վիճակի ստուգումը ավտոմեքենայի սեփականատիրոջ խղճի հարցն է դառնում, իսկ տեխնիկական զննման կայանը գումարը ստանում է միայն վարորդի կողմից տրամադրվող թերթիկը ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո: Այս սխեման բերում է նրան, որ ապօրինի 5000 դրամի վճարումը բացառվում է, էապես պակասում են բյուրոկրատական քաշքշուկները:
Այս ամենի արդյունքում տեխզննության կայանների աշխատանքը դառնում է ինքնակարգավորվող. մեքենաների տերերն իրենք են որոշում, թե տարվա ընթացքում երբ եւ որտեղ կատարեն տեխզննումը, իսկ կայաններում ոչ մի վճարում չի կատարվելու: Այս պարագայում կայաններն իրենք են շահագրգռված, որ վարորդները հենց իրենց մոտ գնան: Հույս կա, որ նրանք կսկսեն ավելի որակյալ ու հնարավոր է` հավելյալ ծառայություններ առաջարկել վարորդներին (ասենք, գուցե ավտոմեքենայի լվացում և այլն):
Էջանիշներ