Գիրք` գեղարվեստական (fiction) կարդալու ամբողջ կայֆը նրանումն ա, որ լցնում ա մի վիրտուալ դատարկություն, ինչն այլ բանով չի լցվի, քան հենց գրքով: Դա էն տարածքն ա, ուր ապրում ա մեկը, որի հետ դու նույն սենյակում ես, ու էդ մեկը հեղինակն ա:
Դու ապրում ես նրա ապրումները, քեզ փաթաթում ա նրա ներվերից պրկված էներգիան, դու նրա հետ միասին գրոտում ես թուղթը կամ տպում ստեղնաշարի վրա, հետո գնում սուրճ լցնում հետ գալիս, ու նրա կրծած բիսկվիթից թափվող փշրանքները քո սեղանին են թափվում: Դու քնում ես իր անհանգիստ քունը, քայլում իր հետ զբոսայգում ու նայում գրքիդ հետ ոչ մի կապ չունեցող գնացող-եկող մարդկանց կամ շարժվող ծառերին, հանկարծ կտրուկ մի բան գլխի ընկնում ու շտապում տուն էդ ամենը ֆորմայի բերելու:
Դու դառնում ես հեղինակի հիշողությունները, նրա կյանքի մասնիկը` էդ պահին:
Դառնում ես կատարելապես ոչ մենակ: Ու ոչինչ քեզ չի կարող դարձնել էդքան կատարելապես ոչ մենակ, ինչքան լավ գիրքը:
Դու շարունակում ես ապրել քո սովորական առօրյա կյանքը, բայց մտքումդ թաքուն սպասում, թե երբ է գալու ազատ ժամանակդ, որ վերցնես գիրքդ, ու շրխկոցով բացվեն դռները, ու ինչ-որ մեկի կյանքը` այնտեղ բանտարկված, դուրս գա ազատություն, դառնա ամենամոտիկն էդ պահին ու պատմի իր պատմությունը:
Էջանիշներ