Բեռը
Ես արդեն շատ եմ ծեր ապրելու համար:Մահը մոռացել է ինձ:Ասենք, ես նրա ինչի՞ն եմ պետք`առանց այն էլ նրանն եմ ու նրանը: Երա~նի նրանց,ովքեր սարսափում են մահից,որովհետև ապրելու անհուն ցանկություն կարող է ունենալ միայն երջանիկ մարդը, նա , ով կորցնելու բան ունի`սեր ,ընտանիք,կարիերա:Մահվան ու կյանքի պայքարն ամեն օր է ու ամունուր, ու մահը կարող է հաղթել նույնիսկ այն ժամանակ, երբ կարծեցյալ կյանքը շարունակվում է: Իսկ եթե մի օր արթնանում ես ու հասկանում , որ կորցրել ես զգայարաններ ունենալու իմաստը, որ հավասարապես թքած ունես գեղեցիկի ու տգեղի, բարու ու չարի, մեղրի ու լեղու վրա, հաստատ իմացիր , որ կյանքը քեզ տանուլ է տվել ու հանձնել մահին: Բայց ի դժբախտություն քեզ, քանի դեռ շնչում ես ,ուրեմն “ապրում ես”, քեզնից կյանքի հոտ է գալիս, ու մահը ամեն ինչ անում է այդ հոտից ազատվելու համար: Եթե դա նրան հաջողվում է դու գնում ես լրացնելու նրա պահածոյացված սննդի պաշարը :Քո մասին նա գուցե հիշի ձմռանը ,երբ ուտելիքը կպակասի:Աստված տա , որ գոնե շուտ հիշի ու ստիպված չլինես նրա նկուղի պահարանում երկար սպասելու:
Քըստ, քըստ քըստ...Ոտքերիս քստքստոցը լցրել է արթնացող քաղաքը:Հիշողությունները թակում են մանկությանս դուռը:
_Տատի այ տատի, ինչու՞ Ես քայլելիս քստքստացնում:
_Որովհետև աշհարհի բեռն ուսերիս է , ու այդ ծանրությունից ոտքերս ծալվում են ձագս:
Ես կասկածանքով նայում եմ տատիս ուսերին :
Է՜, տատ, ինչի՞ ես խաբում , ուսերդ ազատ են ու ոչ մի բան էլ չկա:
_Այդ բեռը անտեսանալի է, այն չի երևում:
Ես մտքումս ի մի եմ բերում նրա պատմած բոլոր հեքիաթներն ու զրույցները ու վերջապես գլխի ընկնում.
-Տատ, էդ քո բեռի գլխին անտեսանելի գլխարկ կա՞:
Տատիս կնճռապատ դեմքը մի պահ լուսավորվում է.
-Հա, ձագս:
Ես իմ հայտնագործությունից գոհ շարունակում եմ .
_ Դու էլ ցած գցիր թող գնա կորչի, կամ էլ արի ես քեզ օգնեմ , մի մասը ինձ տուր:
Լսում եմ տատիս դառը հոգոցը.
-Ցած գցել չեմ կարող, մատաղ լինեմ քեզ,հողը սրա ծանրությանը չի դիմանա ,այս բեռն իմն է ու քանի ես կամ ,այն իմ ուսերին կմնա,_հետո մի երկար ու տխուր հայացք գցելով վրաս ավելացնում է,_Իսկ դու շատ մի շտապիր , ժամանակը գա, դու էլ քոնը կունենաս , միայն աստված տա , այնքան էլ ծանր չլինի , որ քայլելիս չքստքստացնես:
Խեղճ տատիկ ի՜նչ իմանային ,որ թոռիդ քստքստոցը աշխարհ է բռնելու:
Ամեն ինչ սկսվեց ինստիտուտում:Ես սիրահարվեցի միանգամից ու անվերադարձ:Ասում են, երբ աստված ուզում է պատժել, առաջին հերթին փակում է աչքերը:Ես երկար եմ մտածել դրա մասին ու այդպես էլ չեմ հասկացել թե ,ո՞ր մեղքիս համար պատժվեցի` սատանայի աչքերով այդ սերը նվեր ստանալով: Միայն գիտեմ , որ այն սողոսկելով իմ մեջ` դարձավ կենսական կարևոր բոլոր ռեակցիաների պարտադիր մասնակիցը, ինձ դարձնելով իր հլու ստրուկը:Սերը սուրբ է , մաքուր ու բյուրեղյա , բայց միայն այն դեպքում , երբ փոխադարձ է : Չէ՛, այն իր մաքրությամբ կարող է փայլել նույնիսկ, երբ փոխադարձ չէ, որովհետև ազնիվ է ու հասկանալի. դու սիրում ես , քեզ չեն սերում , ուրեմն կա՛մ հաշտվիր, կա՛մ այնքան հղկվիր որ սիրելիիդ աչքը կեղծ քարերի սուտ փայլի միջից նկատի ադամանդ դարձած քո զգացմունքը:
Իմ սերը թվացյալ փոխադարձներից էր, ու ստի գետից սկիզբ առած նրա սնուցման աղբյուրը բթացրել էր բոլոր զգայարաններս: Ես սիրում էի ու ինձ թվում էր , որ սիրված եմ :Այս աշխարհում այդպիսի զույգեր շատ կան , նույնիսկ ամուսնացած : Մեկը սիրում է , մյուսին թվում է թե սիրված է:Երեխաներ են ունենում ու այդպես էլ ծերանում են` կեղծ սիրո շղարշով փաթաթված: Երանի՜ իմն էլ այդպիսին լիներ: Գոնե բեռս թեթև կլիներ...
Մի օր ստի շղարշը հետ քաշվեց ,ու մորթազերծ սերս արյունլվա փռվեց` ի տես բոլորին: Նա ամուսնացած էր , ես էլ նրա “պարապ վախտի” խաղալիքը:
Այդ օրը ես հասկացա տատիս պատմած հեքիաթի իրական իմաստը:
“Աշխարհի ամենածայրում մի մեծ լիճ կա , լճի կենտրոնում մի փոքրիկ կղզի:Այդ կղզում մի դարավոր, հսկա ծառ է աճում,իսկ նրա փչակում մի թռչուն է ապրում:
-Ինչ? թռչուն է ,տատ, նկարը ցույց կտա՞ս_փոքրիկ աղջկա աչքերը հետաքրքրությունից փայլում են:
-Չգիտեմ ,ձագս,_մարդկությանն անհայտ մի թռչուն է :
_Իսկ անունն ի՞նչ է:
Անունը՞...հըմ... անունը Թռչուն է:
Տատ , այդպես չի՛ կարելի , բա առանց անուն ոնց կլինի՞: Կարո՞ղ է Հազարան Բլբուլն է :
_ՉԷ , բալես, էդ թռչունի անունը հենց Թռչուն է:
_Լավ , հետո՞
_Հետո այն , որ նա ամբողջ տարին երգում է `լավը վատին ,վատը լավին...Բայց տարվա մեջ մի անգամ թռչունը երգի բառերը փոխում է ու ամբողջ ուժով դայլայլում `լավը լավին , վատը վատին: Այդ օրը բոլորին հնարավորություն է տրվում գտնել իրենց իրական ու արժանի կեսին:
_Հետո՞ , տատի,_աղջիկն անհանգիստ շարժվում է բազմոցում:
_Հետո այն, ձագս,_որ երբ մեծանաս, ամեն ինչ արա , քո իսկական ,լուսավոր կեսին գտնելու համար...
Իմ լա՜վ տատիկ, երանի այդ հեքիաթը ժամանակին հիշեի...
Էջանիշներ