Տարբերակ 1.
Վիրավորանք
Նա ինձ վիրավորեց, ու երբեք չկարողացա նրան ներել: Նա ինձ հոգեկան հիվանդ անվանեց: Ընդսմին կարելի էր և սրտին մոտ չընդունել: Քի՞չ մարդիկ են իրար այդպես վիրավորում: Սակայն ճշմարտությունն այն է, որ մեկ շաբաթ եղել եմ այդ սահմռկելի հաստատությունում. ուղիղ մեկ շաբաթ: Իսկ նա ասաց, իբրև հինգ տարին քիչ էր ինձ ու մի հինգ տարի էլ պետք է: Ինչո՞ւ այդպես ասաց: Հստակ հիշում եմ, որ մեկ շաբաթ եմ եղել այնտեղ` ուղիղ յոթ օր: Շաբաթ օրն ինձ տարան, իսկ մյուս շաբաթ օրն արդեն դուրս էի գրվել: Ճիշտ է, սարսափելի օրեր էին այդ յոթ օրերը: Ծերացա այնտեղ: Թերևս մարդիկ դա են հիմք ընդունում, երբ անհրաժեշտ է լինում ճշտել տարիքս: Ասում են, որ քսանյոթ տարեկան եմ, մինչդեռ շատ լավ հիշում եմ, որ քսաներկուսից ավելին չեմ: Հենց այդքան էի, երբ հոգեբուժարան տարան: Ինչպե՞ս կարող էի մեկ շաբաթում քսանյոթ դառնալ: Խելագարվե¯լ են բոլորը: Հարցրեք ծնողներիս, հարցրեք քրոջս ու եղբորս: Նրանք ազնիվ ու հավասարակշռված մարդիկ են, և յուրաքանչյուրը կարող է հավաստել, որ քսաներկու տարեկան եմ: Մեկ շաբաթ զուր ժամանակ կորցրի հիվանդանոցի դատարկագլուխ բժիշկներին ապացուցելու, որ կատարելապես առողջ եմ: Այնուամենայնիվ, նրանցից մեկը խելքը գլխին մարդ էր: Հենց նրա միջնորդությամբ ինձ դուրս գրեցին: Եթե նա չլիներ, գուցե մինչև հիմա այնտեղ լինեի: Բայց մյուս կողմից էլ` շատ վատ էր, որ յոթ սարսափելի օրեր անցկացրի այդ զզվելի վայրում ու ամբողջ հինգ տարով ծերացա: Իսկ հետո ընկերս վիրավորեց ինձ, ու չկարողացա ներել: Նա հոգեկան հիվանդ անվանեց ինձ… Եթե միայն հնարավոր լիներ բացատրել մարդկանց… Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ գիշերները չէի կարողանում քնել: Սենյակումս հետուառաջ էի անում մինչև առավոտ ու այդպես` մի քանի շաբաթ: Հետզհետե ըմբռնեցի անքնությանս պատճառը: Այգու կողմից եկող սատանայական ձայներն էին խանգարում: Երկհարկանի է մեր տունը, իսկ իմ ննջասենյակը երկրորդ հարկումն է ու բացվում է այգու վրա: Դուրս եկա պատշգամբ: Ամառային երեկո էր, բայց դեմքիս սառը քամի փչեց: Արյունը սառավ երակներիս մեջ: Այգու հեռավոր անկյունում ուրվականատիպ արարածներ նկատեցի: Շուրջպար էին բռնել ու աղաղակում էին: Հենց նրանցից էր ճառագում աղմուկը, որը օրեր շարունակ չէր թողնում քնել: Շուտով նկատեցի Բեհեղզեբուղին: Իրոք նա էր: Նրա մասին ինձ պատմել էր մի խելացի ու զարգացած մարդ, երբ յոթ օր… Մի խոսքով: Չեմ սիրում հիշել այդ ժամանակները: Նյարդերս պրկված էին: Կուզենայի քնել, բայց չէի կարող այդ ականջ ծակող հնչյունների տակ: Ցած թռա պատշգամբից ու մի փայտի կտոր վերցնելով` վազեցի ուրվականների կողմը: Խուճապահար փախան ողորմելիները և ցանկապատի վրայով հարևանի այգին անցան: Բարձր էր պարիսպը, բայց բարեբախտաբար սանդուղք ունեի: Շուտով հարևան այգում էի հալածում չարքերին: Բայց նենգ էր հակառակորդը: Սկսեցին քարեր նետել վրաս: Մեկը դիպավ հարևանիս տան լուսամուտին ու փշուր փշուր արեց: Չնչին, ողորմելի մարդիկ էին հարևաններս: Իմ ոչ մի խոսքին չհավատացին ու ավելի մեծ աղմուկ բարձրացրին, քան մինչ այդ սատանաները: Հենց նույն օրը հայտնվեցի ճաղապատ լուսամուտների հետևում, որտեղ չարաբաստիկ յոթ օրեր անցկացրի, իսկ երբ դուրս եկա, ընկերս ինձ հոգեկան հիվանդ անվանեց, ու երբեք չկարողացա ներել:
Շաբաթներ շարունակ վիրավորանքը կրծում էր հոգիս: Հավանաբար կխելագարվեի, բայց բարեբախտաբար լուծումը գտա: Պետք էր սպանել նրան: Որևէ պատրվակով կկանչեի մեր տուն, մեկ այլ պատրվակով նկուղ կիջնեի ու կվերադառնայի հսկա դանակը ձեռքիս: Մնացածը դատարկ բան էր: Իսկ դիակը կգցեի փոսը ու կլուծեի թթուների մեջ:
Հենց այդպես էլ արեցի: Չեմ հիշում, թե ոնց համոզեցի, բայց այդ միամիտը եկավ: Երբ տեսավ դանակը ձեռքիս, մի պահ շշմած էր, հետո կարծես հասկացավ ու վախից լայնացած աչքերով վրաս էր նայում: Փորձեց փախչել, բայց դեպի այգու հեռավոր անկյունը հալածեցի: Փորձեց օգնության կանչել, բայց մի՞ թե այնքան հիմար էի, որ տանը մարդ եղած ժամանակ այդպիսի գործ ձեռնարկեի: Երբ այգու ամենահեռավոր անկյունում էր ու մի երկու ձևական հարված էր մնացել, որպեսզի ձևակերպեմ գործարքս, հանկարծ վարանեցի: Պատկերացրի, թե ինչպես եմ խփում, և ինչպես է նրա կարմիր արյունը ցայտում շորերիս ու ձեռքերիս վրա: Խիղճս սկսեց տանջել: Իսկապես. չարժեր նրան սպանել սոսկ այն բանի համար, որ վիրավորել էր ինձ: Չէ որ հետո ներողություն խնդրեց: Չէ որ իմ ընկերն էր, որի հետ լավ ու վատ օրեր էինք կիսել: Իսկ երբ յոթ օր բացակայում էի, ամեն օր, այսինքն ուղիղ յոթ անգամ, տեսակցության եկավ: Իջեցրի դանակն ու ասացի, որ կատակ եմ արել: Սաստիկ ամաչում էի արածիցս: Շրջվեցի ու գնացի տուն: Միջանցքում հետուառաջ անելով` երկար մտորում էի: Հակասական զգացումները խեղդում էին: Հիմա էլ նրանից էի նեղվում, որ փոքրոգի գտնվեցի ու չկարողացա հարկ եղած պահին վճռականություն ցուցաբերել: Ինչո՞ւ պիտի ապրեր, եթե այդպես անգթորեն անպատվել էր ինձ…
ՙՇտապ օգնության՚ մեքենայի զիլ ազդանշանը սթափեցերց ինձ: Երևի հարևանս նորից սրտի տագնապ էր ունեցել: Արագ դուրս թռա տնից: Չեմ կարող ասել, թե ինչու: Հավանաբար ուզում էի օգտակար լինել: Կամ գուցե լոկ հետաքրքրասիրությո՞ւն էր: Սակայն տնից դուրս տարօրինակ պատկերի ականատես եղա: Սպիտակ խալաթավորները իմ տուն էին գալիս: Մենակ էի տանը ու չէի կարողանում հասկանալ, թե ում համար են եկել: Երբեք առողջությունից չեմ բողոքել: Ճիշտ է, գիշերները նորից սկսել էի անքնությամբ տառապել, բայց դրա մասին ոչ ոք չգիտեր, և, համենայնդեպս, բժիշկ չէի կանչել: Զարմանալի էր, բայց ինձ տեսնելով` նրանք զգուշացան ու պատշաճ հեռավորություն էին պահում: Առավել զարմանալի էր, որ ցանկանում էին օղակի մեջ առնել ինձ: Բնազդաբար այգու կողմը նահանջեցի: Շուտ-շուտ հետ էի նայում: Առնվազն տասը սպիտակ խալաթավոր հետապնդում էին ինձ: Մի քանի վայրկյանից այլևս նահանջելու տեղ չկար: Հայտնվել էի այգու ամենահեռավոր անկյունում: Հանկարծ տեսա ընկերոջս դիակը: Վրան դանակի մահաշունչ հետքեր էին: Հարվածներից մեկը վերից վար այլանդակել էր դեմքը, մյուսը կտրել էր կոկորդը, իսկ երրորդը հսկա վերք էր բացել կրծքին: Տեսնես ով էր սպանել նրան: Նկատեցի, որ շրջապատված եմ: Բոլորը վախից պլշած ինձ էին նայում: Հայացքներն այնքան սևեռուն էին, որ անհարմարության ակնթարթային զգացում ունեցա: Հնարավոր է, որ դա ամենամեծ բացահայտումն էր իմ կյանքում, բայց նոր միայն նկատեցի, որ նկուղից վերցրած հսկա դանակը դեռ ձեռքիս է: Վրան արյան կարմրավուն բծեր կային: Համարյա չորացած: Տեսնես որտեղի՞ց էր արյունը: Ձեռքերիս կպչուն մի բան զգացի ու տեսա, որ ոտքից գլուխ արյան ու ցեխի մեջ եմ: Այլևս չհասցրի ոչ մի բանի մասին մտածել: Սպիտակ խալաթավորներից մեկը ճարպկորեն ձեռքիցս վար գցեց դանակը (Հիմա¯ր մարդ. ինքս կտայի, եթե խնդրեր), իսկ մյուսը ոչ պակաս ճարպկությամբ ոլորեց ձեռքերս: Վերջ. ընկա այս անխիղճների ձեռքը: Մի՞թե ամբողջ մեկ շաբաթ նորից պիտի տանջվեմ: Սոսկալի բան է կյանքը…





Մեջբերել
Էջանիշներ