Տարբերակ 5.
Նրանք, ովքեր կանգնած են
Երբ վերջին հաճախորդը դուրս եկավ հագուստի խանութից, Սաշան մոտեցավ դռանն ու շրջեց «Բաց է» գրությունը: Խանութը հիմա բաց էր միայն ներսի մարդկանց համար, իսկ անցորդները ստիպված էին կարդալ, որ «Հար-Մար» հագուստի սրահը փակ է (համեցեք ամեն օր՝ 10:00-ից մինչև 22:00): Սաշան հանգցրեց դրսի նեոնե լամպերը, գովազդային փոքրիկ վահանակը ներս տարավ ու քաշեց դռան շերտավարագույրը: Դիմացի լոմբարդի աշխատողը զբաղված էր նույն գործով: Սաշան ձեռքով արեց, հետևեց, թե ինչպես է նա աղումկով իջեցում ցուցափեղկի վրայի մետաղյա ծածկն ու մտավ խանութ: Նեղ փողոցն արդեն գրեթե դատարկ ու լուռ էր:
- Սաշ, ես դուրս եմ գալիս. - Խանութի տերն էր: Սաշան մտքում նրան «Բեղ» էր կոչում. - Մի քիչ շտապում եմ. ստիպված ես լինելու մենակդ տուն գնալ:
- Խնդիր չկա, շեֆ ջան, տեղ կհասնեմ, մի անհանգստացիր:
- Խանութը տեսքի բեր, հետո դուրս արի: Գորգը ներս գցիր, կգողանան: Ցուցափեղկի մանեկեններից մեկը էլի ծռվել է, ուղղիր ու տար սրահի խորքը, գրողի տարածների պատճառով դրսից ոչ մի բան չի երևում:
Սաշան միշտ մի քիչ վախեցել էր մանեկեններից: Նա իրեն մի տեսակ լարված էր զգում այդքան շատ անշարժ կերպարանքների մեջ, որոնք ամբողջ օրը քարացած կանգնած էին նույն տեղում և իրենց անվրդով տեսքով ասես ծաղրում էին մարդկանց: Բոլորն իրար նման ու բոլորն իրարից տարբեր. բոլորն առնական, գեղեցիկ ու բոլորն անկենդան, սառը: Խանութում մենակ մնալու հազվադեպ պահերին Սաշան աշխատում էր չնայել մանեկենների վրա: Մութն ընկնելուց հետո այդ տհաճ զգացումն ուժեղանում էր. կիսախավարի մեջ մանեկեններն ավելի էին նմանվում իրական մարդկանց ու անվրդով ժպիտները մոմագույն դեմքներին՝ կարծես սկսում էին իրենց պլաստմասսայե, քերծված ու կոտրատված աշխարհից հետևել շրջապատի տաք ու փափուկ արարածներին:
Ցուցափեղկի մոտի մանեկենը կանգնած էր՝ աջ ձեռքը բարձրացրած դեպի սրահի խորքը, ոտքը մի քիչ առաջ: Տիկնիկի ճաղատ գլուխն անբնական դիրքով լրիվ շրջված էր դեպի պատուհանի ապակին ու մի քիչ էլ՝ ծռված: Սաշան մոտեցավ մանեկենին, զգուշությամբ հետ պտտեց գլուխը, բայց տիկնիկին չվերցրեց, այլ լուռ ու անշարժ կանգնած մնաց դիմացը՝ աչքերը գամած դիմացի կեղծ մարդու ապակյա հայացքին:
- Հը, ի՞նչ եղար:
Տղան ցնցվեց.
- Չգիտեմ, շեֆ... Մի տեսակ... Մի տեսակ աղաչանք կա հայացքի մեջ...
- «Աղաչու՜մ եմ, գնե՜ք իմ հագի շորերը», - հռհռաց բեղավորը, - տարօրինակ տղա ես դու, Սաշ: Քո նախորդն էլ էր քեզ նման տարօրինակ: Մազերը չէր կտրում, միս չէր ուտում, մի օր էլ մնաց-մնաց, ամբողջ խանութը տակնուվրա արեց ու հաջորդ օրը ուղղակի գործի չեկավ: Էդպես էլ չկարողացանք պարզել՝ ուր է փախել: Դեռ լավ է՝ ոչ մի բան չէր գողացել, ստուգեցինք: Բացառիկ ազնիվ տղա էր: Ազնիվ ու բութ: Իդեալական աշխատող էր:
Սաշան փորձեց ծիծաղել, բայց ծիծաղի փոխարեն ինչ-որ կցկտուր ձայներ դուրս եկան չորացած կոկորդից: Ուժով պոկելով հայացքը մանեկենի քարացած դեմքից՝ տղան մի կերպ գրկեց այն ու քայլեց դեպի խանութի խորքը:
- Միանգամից հագի թիկնոցն էլ հանիր ու իջեցրու նկուղ, վերևում առանց դրա էլ մանեկենները շատ են: Բանալիները դարակի մեջ են:
- Ոնց ասես, շեֆ:
Նա նկուղ իջնել չէր սիրում: Նեղ ու լպրծուն աստիճանները տանում էին դեպի ցածր աղյուսե պատերով ու կոր առաստաղով մի սենյակ, որն ավելի շատ հին ամրոցի բանտախուց էր հիշեցնում, քան հագուստի խանութի պահեստ: Նկուղում իրար վրա լցված արկղերն ու հնոտիների կույտերը ծածկված էին երբեք չմաքրվող փոշու շերտով, պատերի անկյուններում հաստ սարդոստայններ էին կախված, իսկ քսան մոմանոց դեղին լամպը ոչ մի կերպ չէր կարողանում լուսավորել ամբողջ սենյակը: Ծանր, գաղջ օդը լրացնում էր ընդհանուր ճնշող պատկերը:
Ներքևում ամենատարբեր դիրքերով շարված կամ իրար վրա էին լցված ավելորդ մանեկենները:
Նկուղը Սաշային դիմավորեց չյուղված դռան ճռռոցով ու առնետների ծվծվոցով: Լամպի խավար, թրթռացող լույսի տակ թվում էր, թե մանեկենների կույտը թույլ խլրտում է հատակի բազալտե սալերի վրա: Խեղված վերջույթները ծուռումուռ ստվերներ էին գցում բորբոսնած պատերի վրա, իսկ կոտրված աչքերն անվրդով փայլում էին սառը ժպիտների կողքին: Սաշան իր ձեռքի մանեկենը դրեց մյուսների կողքին ու առանց նրա հագի սև թիկնոցը հանելու՝ շտապ դուրս եկավ: «Հետո կհանեմ»: Դուռը ծածկելիս տղան իր մեջքի վրա գրեթե ֆիզիկապես զգում էր բազմաթիվ տիկնիկների դատարկ աչքերի շաղափը:
- Տուն չես գնու՞մ, Սաշ:
- Չէ, շեֆ ջան: Մի երկու էջ ստուգելու բան ունեմ, ուզում եմ մնամ-նայեմ, քանի դեռ խանութը դատարկ է:
- Լավ: Դե ես գնացի: Հաճախորդների փորձած հագուստները կուղղես, մանեկեններին կդասավորես, վերջնահաշվարկ կանես: Չմոռանաս դուռը կողպել:
- Եղավ, շեֆ ջան:
Երբ խանութի տիրոջ մեքենայի աղմուկը լռեց փողոցի խորքում, Սաշան վերադարձավ վաճառասեղանի մոտ ու մի սիգարետ վառեց: Դռան շերտավարագույրը ասես դանակով կտրատում էր լուսնի դեղին լույսը: Սաշան մի պահ հմայված նայեց, թե ինչպես է սիգարետի ծուխը լուսնի մի շերտից գալարվում դեպի մյուսը, հետևեց խանութի օդի մեջ լողացող փոշու կայծերին, հետո սիգարետը հանգցրեց ու բացեց գրանցման մատյանը: Սկսնակ ծխողի գլխապտույտը ինչ-որ տարօրինակ տեսք էր հաղորդում թաց ու մութ փողոցին:
Քամին ոռնում էր դրսում՝ փոշու ամպեր բարձրացնելով, օդում պտտվում էին նախորդ օրվա թերթերը: Դիմացի շենքում մթնեց վերջին լուսամուտը: Սեղանի փոքրիկ լամպը մի կերպ լուսավորում էր Սաշայի դիմացի մատյանը: Օրվա հոգնածությունն արդեն հաղթում էր տղային. աչքերը փակվում էին, թվերը խառնվում էին իրար: Սաշայի գլուխն արդեն սկսել էր դանդաղ խոնարհվել դեպի սեղանը, երբ ինչ-որ խուլ ձայն ստիպեց նրան սթափվել ու հայացքը բարձրացնել: Խանութը դատարկ ու լուռ էր: «Երևի դրսից էր», մտածեց տղան ու մոտեցավ լայն ցուցափեղկին: Դրսում անթափանց խավար էր. միայն վերևում երևում էր ամպերի մեջ կորած լուսնի աղոտ բիծը, իսկ ներքևում՝ դրա լղոզված արտացոլանքը թաց սալահատակի վրա: Սաշան արդեն շրջվում էր՝ սեղանի մոտ վերադառնալու համար, երբ քամու աղմուկը մի պահ լռեց, և հատակի տակից լսվող ձայները նրան ստիպեցին կրկին կանգ առնել ու ականջ դնել: Նկուղից խուլ կրճտոց ու խզզոց էր լսվում, ասես ինչ-որ մեկը եղունգներով քերում էր աղյուսե պատը: «Առնետներն են... Շեֆին պետք է ասել, որ նկուղում առնետներ են բույն դրել...», մտածեց Սաշան: Չգիտես ինչու՝ այդ միտքը նրան այնքան էլ համոզիչ չթված: Առանց որևէ պատճառի՝ անորոշ վախի զգացումը խլրտաց տղայի սրտում: Նրան թվաց, թե ինչ-որ մեկը հետևում է իրեն ու լուռ ծիծաղում է իր այդ թուլության վրա:
- Ի՞նչ եք աչքներդ չռել,- գոռաց նա խանությում կանգնած մանեկենների վրա:
Սեփական գոռոցի ձայնը մի քիչ հանգստացրեց Սաշային: Զգուշորեն շրջանցելով անշարժ տիկնիկներին՝ նա վերադարձավ սեղանի մոտ ու վառեց հերթական ծխախոտը: Մատները դողում էին: Դեռ նոր էր հայացքը ուղղել մատյանի վրա, երբ խեղդված կրճտոցը նրան ստիպեց նորից վեր թռնել: Խանութի լռության մեջ հստակ լսվում էր նույն անբացատրելի ձայնը: Տղային թվաց, թե խավարի մեջ քարացած մարդկային կերպարանքները մի քիչ առաջ են շարժվել, սակայն երբ հայացքը ուղղեց մանեկենների վրա, բոլորն իրենց հին տեղերում էին: «Գրողի ծոցը ամեն ինչ. տուն եմ գնում», մտածեց Սաշան:
Նա արագ, տենդագին շարժումներով ծալեց մատյանը, աթոռը հրեց տեղը, լույսն անջատեց ու վեր կացավ: Երբ դռան մոտի կախիչի վրա խարխափելով փնտրում էր բաճկոնը, նույն խուլ շշուկը արձագանքեց գլխի մեջ. «Սաշշշշ»... Դուռը, չգիտես ինչու, չէր բացվում: «Երևի կողպել եմ, չեմ հիշում», մտածեց տղան, գրպաններում ապարդյուն փնտրեց բանալին ու հետ գնաց վաճառասեղանի մոտ: Սեղանի փոքրիկ լամպը թույլ վառվեց, մի երկու անգամ թրթռաց ու հանգավ: Եվ խավարի ընկնելու հետ միաժամանակ երեխայի լաց հիշեցնող մի ցածր ու տևական ձայն լսվեց նկուղից, որն աստիճանաբար ուժեղանալով՝ վերածվեց վայրի ու անմարդկային ճիչի, իրար խառնված ցավի, ցնծության ու սարսափի ոռնոցի: Այն պահին, երբ Սաշային թվում էր, թե ևս մի ակնթարթ, և ինքն արդեն կխելագարվի, ճիչը հանգավ: Կատարյալ լռության մեջ սեփական սրտի հարվածները ահռելի թմբուկի նման թնդում էին Սաշայի ականջների մեջ: Գիշերվա հնագույն սարսափը կաշկանդել էր տղայի բոլոր շարժումները, և միայն հայացքն էր խենթի պես ցատկում խանութի մի անկյունից մյուսը՝ կանգ առնելով տիկնիկների վրա: Մանեկենները կարծես թե փոխել էին իրենց դիրքերը և մի քիչ էլ էին մոտեցել սեղանին: Մի կերպ ուշքի գալով՝ Սաշան թափ տվեց իրեն ու մի քայլ արեց դռան ուղղությամբ, երբ լսվեց հերթական կրճտոցն ու խուլ կանչը. «Սաշշշ...»: Սաշային թվաց, թե դռան մոտի տիկնիկը գլուխը կտրուկ թեքեց իր ուղղությամբ, սակայն երբ տղան լայն բացված աչքերը հառեց դրա վրա, մանեկենը առաջվա նման դուրս էր նայում: Տղան հանկարծ հասկացավ, որ մանեկենն այլևս նախկին դիրքով չէր կանգնած: Տիկնիկի երկու ափերն ու դեմքը կպած էին պատուհանի ապակուն, հայացքն ուղղված էր դեպի մութ փողոցը, իսկ ամբողջ տեսքն ասես ինչ-որ լուռ ձգտում էր արտահայտում: Ողջ մարմնով դողալով ու ցնցվելով՝ Սաշան ընկրկեց: Նրան թվաց, թե մանեկենները հետևում են իրեն: Ներքևից եկող խզզոցը ուժեղացել էր ու ինչ-որ անբացատրելի ուժով ստիպում էր Սաշային քայլ առ քայլ մոտենալ նկուղի դռանը: Գլխում անընդհատ պտտվում էր նույն միտքը. «Ուղղակի համոզվեմ, որ ամեն ինչ նորմալ է, ու դուրս գամ: Ուղղակի համոզվեմ...»: Ծխախոտի կարմիր կետը թույլ վառվում էր խանութի մթության մեջ, շուրթերն անձայն շարժվում էին: «Ուղղակի համոզվեմ...»: Սաշան դանդաղ բացեց նկուղի դուռը ու կանգ առավ շեմին, սակայն ոչ մի ձայն չլսեց: Կրճտոցը դադարել էր: «Հաստատ առնետներն են», մտածեց նա և շրջվեց:
շարունակելի
Էջանիշներ