Պատերազմի աղջիկը...
Գառնիկն արդեն էն ուժն ու առույգությունը չուներ, գործ չէր անում, բայց ամեն առավոտ հոտն արոտ ուղարկելու ժամանակ Ազնիվի ասած` պիտի գործի գլխին լիներ :
Ու երբ առավոտյան գործերը վերջանում էր, անցնում էր իր սրբազան պարտքի կատարմանը: Գրպանն էր դնում երկու մոմ ու մի պտղունց խունկ, ու կամաց-կամաց սկսում էր ելնել տան դիմացի զառիթափը:
Ճանապարհին թե գյուղացիներից մարդ հանդիպեր սայլով կամ ձիով, թե կոլտնտեսության մեքենան դեմ գար, ոչ մեկ չէր առաջարկում տեղ հասցնել. գիտեին Գառնիկի պատասխանը ու գիտեին, թե ուր է գնում:
Ու Գառնիկն ամեն օր ավելի ու ավելի դժվարությամբ, բայց և անմռունչ կատարում էր իր հաստատած ծեսը` ամեն օր խունկ էր ծխում ու մոմ վառում անցավորաց շիրիմներին:
Հետո տան ճանապարհին այցելում էր մեծ եղբորը` Աղասին` Տացուի որդուն ու երկար նստում էին իրար հետ, լուռ պապիրոս քաշում:
Էդպես մի սովորական օր էր, երբ հարևանի թոռը վազեվազ եկավ, թե.
- Գառնիկ ամի, Աղասիմ ապերն ասեց տուն գաս, հյուրեր են գալու:
- Ապրես ձգուկս, վազ տուր ասա` գալիս եմ,- ու ծանր-ծանր տեղից վեր կացավ,- ես գնամ մեծ ախպեր, լավ կաց, էգուց կգամ էլի...
- Գնա, Գառնիկ ջան, աստոձ քո հետ,- վրա բերեց Աղասին ու վեր կացավ Գառնիկին ճանապարհելու:
Իրար հետ լուռ քայլեցին մինչև Աղասիմենց տան գլուխն ու Գառնիկը մենակ շարունակեց ճանապարհը: Դեռ գյուղամեջ չէր մտել, երբ դեմն էլավ որդու` գյուղի նախագահի մեքենան: Վարորդը մեջից իջավ.
- Գառնիկ ամի, ընկեր նախագահն ասեց քեզ շուտ տուն հասցնեմ:
- Ընկեր նախագահդ ղալաթ արեց, Ցոլակի տղա, ուրեմն իմ իրեք ոտը թողած քո չորս կալյոսով եմ տուն գնալու՞....հեյ-հե՜յ...
- Ամի ջան, գիտեմ, համա ընկեր նախագահն ասեց քեզ մեքենայով շուտ տուն հասցնեմ:
- Բալա ջան դու գնա, ասա էս է տեղ եմ հասնում,- ու առարկություն չլսելու համար շարունակեց ճանապարհը:
Վարորդը նստեց մեքենան ու սկսեց Գառնիկի կողքից կամաց քշել, մինչև հասան տուն: Հասան, մեղավորի պես գլուխը կախած մոտեցավ նախագահին, ուզում էր բան ասել, սա չթողեց.
- Գիտեմ , Արմենակ ջան, գիտեմ,- ու վերջին "գիտեմ"-ը ձգելով խիստ հայացքով նայեց չարաճճի ժպտացող հորը:
- Ազնիվ ջան, մի ստաքան ջուր բեր,- դեպի ներս գոռաց Գառնիկն ու նստեց շեմքի կողքի իր գահին` "սոլուղ առնելու",- ապա դիմեց որդուն,- հը՞, քյոփողլու նախագահ ջան, ո՞ւր են հյուրերդ:
- Էս ա տեղ կհասնեն, - ժպտաց Աղասիմը:
Մինչև Գառնիկը մի պապիրոս կփաթաթեր, ճանապարհին երևաց շրջկոմի քարտուղարի սև Պոբեդան, ու Գառնիկը մտքերի մեջ ընկավ` "Տեսնես ո՞վ է ինձ հիշել": Ու մինչև կմտածեր, թե եկողն ո՞վ է լինելու, Պոբեդան իրենց դռանը կանգ առավ: Մեքենայի մեջից շրջկոմի երկրորդ քարտուղար Աշխեն Դալիբալթայանի ուղեկցությամբ երկու "տոտոխները բաց" (սրունքները) կին դուրս եկան, ու ինչ-որ բան հարցրին թարգմանչին:
Գառնիկի ականջին ընկավ գերմաներենով բառերն ու սիրտը թունդ էլավ: Մինչև տեղից կելներ, իրեն մոտեցավ կանանցից տարեցը, գլխից հանեց շլյապան` դեմքը կիսով չափ ծածկող սև քողով ու բռնեց ձեռքերը:
- Քուր ջա՜ն,- խռպոտած ասաց Գառնիկն ու աչքերից գլոր-գլոր գնացին, ապա ուժերը հավաքելով վեր կացավ կանգնեց մի ոտքին ու երկու կանանց գիրկն առավ,- մեռնի՜մ ձեզի....
Լաց եղան երեքով ու կողքի կանգնածներին էլ լացացրեցին: Ազնիվը դուրս եկավ ու քրջ պես գորովանքով փաթաթվեց ու ամուր համբուրեց Կատերինին ու մորը: ապա իրար գրկած ներս գնացին:
Նախագահի մեքենան գնաց սար`հոտից երինջ բերելու...
Տանը Կատերինը բացեց պայուսակն ու նվերներ հանեց: Ազնիվին մի սիրուն գլխաշոր ու մի զույգ ոտնաման: Գառնիկին մի արծաթե ծխախոտատուփ` վրան գրած` von Catherine, թոռների համար խշխշան թղթերով կոնֆետներ:
Նստեցին ու խոսեցին սկզբից թարգմանչի օգնությամբ, հետո ձեռք ու ոտքով իրար հասկանալով:
- Կատերին ջան, ձգուկ, դուն իմ աղջիկն ես չէ՞.... ուրեմն հայ ես, չէ՞.... ես քեզի հայի պես կնքել կուզեմ, Տացուիս խաչով, հը՞....
- Ja,- ասաց աղջիկն ու ժպտալով վրա բերեց,- հա....
- Մեռնիմ լեզվիդ, ձգուկս... Աղասիմ ջան խաբար էրա, տՏեր Թադեն թող գա, ըսա հայի՜ կնունք կա գյուղում:
Մինչև Տեր Թադեն կգար սեղան նստեցին: Գառնիկը բաժակը վերցրեց.
- Ընկեր Դալիբալթայան, գիտեմ դու Ասսուն չես հավատա, բայց իմ բաժին Ասսուց կխնդրեմ, օր վատ օր չտեսնիս: Ձգուկներ ջան ձեզնից էլ եմ շնորհակալ , օր եկաք հասաք ինձի տեսնելու,- աչքերը լցրեց Գառնիկը ապա մի թափով դատարկեց գինու գավն ու արցունքների մեջից ժպտալով ասավ,- օխա՜յ, օրշնվի ստեղծողդ....
Հաշվապահ Պողոսը, որ Տացուի ժամանակ եկեղեցու ժամահարն էր, ներս մտավ.
- Գառնիկ ամի, ժամի դռները բացել եմ, Տեր Թադեն էնտեղ ձեզի կսպասե...
- Էլեք, ձգուկներս էլեք էրթանք,- տեղից էլավ Գառնիկն ու դիմեց տղային,- Աղասիմ ջան մաշինեդ հո՞ս է....
- Քո իրեք ոտքերին ի՞նչ է էղել, օր իմ մաշինի չորս կալյոսներով տեղ էրթաս ա՛յ հեր,- խնդաց Աղասիմն ու դուրս եկավ մեքենան պատրաստելու:
Գառնիկը մոտեցավ թախտին, բարձի տակից հանեց շալով փաթաթած Տացուի խաչը, բացեց, համբուրեց, ու դուրս եկավ: Հասան եկեղեցի, Տեր Թադեի ձեռքը տվեց խաչն ու ասաց.
- Տեր հայր, քու խաչդ պահե, Տացուի՛ս խաչով պիտի կնքնենք պատերազմի տված աղջկաս,- հենակները որդուն տալով մի ոտքի վրա խորանի մոտ ձիգ կանգնեց Գառնիկն ու Կատերինի մորը հրավիրեց իր կողքը....
Էջանիշներ