Փրկագին
Ես նստել եմ վեցերորդ հարկում գտնվող իմ սենյակի պատուհանագոգին, ու նայելով աղջկա ժպտացող կիսադեմին` վայելում եմ նրա կիսամերկ մարմնի թեթև ու անհոգ շարժումները: Համակարգիչն արդեն միացված է: Ես համոզված եմ` այն ինչ հիմա կկարդա, նրան չի սպանի, իսկ ինձ կօգնի վերջնականապես ազատվել իմ մեջ ապրող մարդկային վերջին թուլությունից:
Նա կարող է կանխել դա: Ուղղակի պիտի կարողանա տեսնել հետաքրքրասիրություն կոչվող հատկությունից ծնվող կանխատեսելիության հետևանքները: Գոնե~ մի անգամ աներ այն, ինչ յուրահատուկ չի սովորական մարդուն, և դիվային կերպարանափոխման իմ արարողակարգի մեջ մարդս հաղթանակ կտոներ: Ես կկարողանայի ազատվել իմ ներսի հաշվենկատ եսից ու խաղամոլի մոլուցքից, իսկ նա կգտներ իմ մեջ ապրող իսկական մարդուն: Մեծ բան չի ուզածս, մանավանդ, որ նա ինձ հաստատ սիրում է:
Նա անտարբերություն խաղալով` թխկացնում էր համակարգչի ստեղնաշարի կոճակներն ու քմծիծաղ տալով, արագ բացում հերթական պատուհանը:
- Ես քեզ խնդրում եմ, որ չկարդաս այդ նամակը:
- Ես հետաքրքրասիրությունից վառվում եմ:
- Դա քեզ ոչինչ չի տա: Նույնիսկ հակառակը` կխլի քեզանից ամեն ինչ, -այս աղերսող բառերը ասաց իմ ներսի մարդը, բայց դևը նորից գլուխ բարձրացրեց ու իմ մարմինը ցնցվեց սարդոնիկ ծիծաղի պոռթկումներից:
- Ինձ մի խանգարիր: Ես սրան երեք ամիս սպասել եմ:
- Դու երեք ամիս սպասել ես այս օրվան, բայց ոչ այն բանին, ինչ հիմա կարող ես կարդալ: Ես վերջին անգամ եմ ասում` ջնջիր այդ նամակն ու մոռացիր դրա մասին:
- Չէ~,չեմ կարող: Այն արդեն բացել եմ: Ինձ մի խանգարիր,ես սկսում եմ կարդալ:
Ես վերջին անգամ նայեցի նրա լուսավոր դեմքին ու իջնելով պատուհանագոգից` շրջվեցի դեպի լուսամուտը, որ էլ երբեք չտեսնեմ նրան:
Անցան րոպեներ: Իմ ներսի դևը հրճվում էր ու տոնում իր հաղթանակը, իսկ մարդը... Մարդն արդեն մահանում էր:
Պատուհանի ապակու թույլ արտացոլման մեջ ես տեսնում էի իմ հրճվալից դեմքը, լիադեմ ժպիտը, կորստից ծնված ձեռքբերման բերկրանքս:
- Տականք,- լսվեց նրա լացակումած ճիչը: Հետո թույլ ու նվազ շարունակեց,- Քո հերթական խաղի համար նոր զոհ գտիր: Հանգիստ թող ինձ: Զզվում եմ քեզնից:
- Դու ինքդ ընտրեցիր այս ճանապարհը ու դրախտից արտաքսվելու գնով ճաշակեցիր իմացության կիրքը: Հագնվիր ու հեռացիր,-այս բառերը բերանիցս դուրս թռան սառնությամբ, առանց զգացմունքի, որից հետո դանդաղ քայլեցի դեպի լոգասենյակ: Լույսը, ազատվելով պատուհանը փակող մարմնական պատնեշից, ընկավ աղջկա գունաթափ դեմքին: Նա կիսամերկ ու խելակորույս վազեց դեպի դուռը ու...
Շարունակությունը անհասկանալի ու նույնիսկ անհետաքրքիր կլինի, առանց նախապատմության և դրդապատճառների:
Հիմա մի քիչ պատմեմ իմ մասին:
Ես իմ հարուստ հայրիկի հակապատկերն եմ: Ես նիհար եմ, մկանոտ, բարձրահասակ, լուսահոգի մորս նման շիկահեր ու կապույտ աչքերով: Հարուստ չեմ, որովհետև հորս հետ բազմաթիվ ընդհարումները, ինձ արդեն զրկել են նրա գրպանից օգտվելու առավելությունից, բայց նրա որդին լինելու համբավը միայն ավելացնում է իմ “գեղեցկությունը”:
Չեմ հիշում, որ փոքր տարիքում հայրս ինձ նկատողություն արած լինի կամ առավել ևս ջերմ խոսքեր ասի: Ես նրան հազվադեպ էի տեսնում, քանի որ նա անվերջ զբաղված էր իր կազմակերպության գործերով: Երբ տասնչորս տարեկան էի մայրս մահացավ, ու իմ խնամքով սկսեց զբաղվել հորաքույրս` “տիկին ահարկուն”:
Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո հայտնվեցի Անգլիայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում, հետո մյուսում: Դրանից հետո վերապատրաստվեցի ԱՄՆ-ում ու երբ պատրաստվում էի անցնել աշխատանքի, հայրս`ինձ վերադարձնելու համար, սրտի նոպա “խաղաց”, որի պատճառով շտապ վերադարձա Հայաստան: Չէի հարմարվում, այստեղ ամեն ինչ խորթ էր ու անհասկանալի, և երբ հրաժարվեցի տնօրինել հորս ձեռնարկության մի մասը` դարձա “անառակ որդի”:
Գիտակցումը, որ ես ուղղակի հորս հերթական ներդրումն եմ, ինձ ավելի էր հեռու վանում նրանից:
Նա իմ վրա այդքան գումար էր ծախսել միայն այն պատճառով, որ վերադարձից հետո ձեռք բերածս թարմ, եվրոպա-ամերիկյան գիտելիքները ծաղկեցնեին նրա խամրող գործը, իսկ այն փաստը,որ այս միջավայրը ինձ համար վաղուց օտար էր դարձել ու խեղդում էր` նրա հաշիվների մեջ չէին մտնում:
Երբ ես, նրա կամքին հակառակ, փորձեցի մեկնել ԱՄՆ, ինձ ձերբակալեցին հենց օդանավակայանում` ներկայացնելով ինչ-որ անհեթեթ մեղադրանք: Դատը շատ կարճ տևեց, ու ինձ դատապարտեցին երկու տարվա պայմանական ազատազրկման: Ընդհանուր հաշվով դա ոչինչ չէր նշանակում, բայց այդպես հայրս կարողացավ իմ առաջ փակել դեպի ազատության երկիր տանող դռները:
Կմտածեք, թե ես ոչնչացված էի, քանի որ Հայաստանում չունեի փող, ընկերներ և խոշոր հաշվով նաև ընտանիք, բայց... ես միայն ցավ էի զգում, որ հայրս մեր հարաբերությունները տարավ դեպի փակուղի և ուրիշ ոչինչ: Ես չվերադարձա նրա մոտ, որովհետև ինձ հնարավոր չի կոտրել, ենթարկել, ստիպել: Այո, ես այդպիսին եմ, և գուցե դա միակ հատկությունն է, որ ժառանգել եմ հորիցս:
Դատավարության ավարտից հետո, մոտ մեկ տարի, ես դեռ փնտրում էի ինձ հոգեհարազատ աշխատանք: Այդ ընթացքում, ինձ համար որպես ապրուստի միջոց էին ծառայում միայն ԱՄՆ-ում ապրող ընկերոջս ուղարկած չնչին գումարն ու մանր-մունր պրոյեկտների մասնակցությունից ստացվող վարձատրությունները: Երկար փնտրտուքից հետո գտա այն եզակի միջազգային կազմակերպություններից մեկը, որտեղ հորս հեղինակությունը չէր կարող խոչնդոտել աշխատանքի անցնելուն, և ստանձնելով մի փոքրիկ բաժնի ղեկավարի պաշտոն` ամբողջ եռանդով գործի կպա: Ութ ամիս անց ես արդեն զարգացման գծով փոխտնօրեն էի: Ունեի առանձին աշխատասենյակ, քարտուղարուհի, վարորդ և տասից ավել ենթականեր: Ես սիրեցի իմ աշխատանքը, սկսեցի համակերպվել հայկական միջավայրին և վերականգնելով խոցված ինքնասիրությունս` փորձեցի հաշտվել հորս հետ ու մի լուսավոր կիրակի հայտնվեցի նրա տան դիմաց: Նա ինձ չընդունեց: Տան դարբասների մոտ կանգնած պահակային ծառայության աշխատակիցը ինձ փոխանցեց նրա բառերը` “էս կողմերում էլ չերևաս”:
Վիրավորված էի, մտքերս ծանր էին, զգացմունքներս խառը: Ուզում էի հասկանալ ինքս ինձ: Արդյո՞ք ես հույս ունեի, որ նա ինձ կընդունի ու կհաշտվենք, թե նախօրոք իմանալով վերջաբանը թատրոն խաղացի` հերթական անգամ ինքս ինձ չմեղադրելու համար և մեր չստացված փոխհարաբերությունների մեղքը բարդեցի հորս վրա: Երևի վերջինը: Փաստորեն ես հորիցս մի հատկություն էլ եմ ժառանգել: Դա է` հաշվենկատորեն կատարել քայլեր, որոնք կհանգեցնեն սեփական խղճի ձայնի լռեցմանը: Ես վախեցա, որ շուտով իմ մեջ գլուխ կբարձրացնեն նրա դոմինանտ գեներն ու ակամայից կդառնամ նրա նման: Երևի իմ ներսի “մարդը” ապստամբած ստիպեց ինձ խոստանալ, որ երբեք հաշվարկված ու դարանակալ քայլեր չեմ անի այն մարդկանց նկատմամբ, ում սիրում եմ: Բայց իրականում ես այս աշխարհում միայնակ էի ու ոչ ոքի չէի սիրում:
- Դեռ կսիրեմ - բարձրաձայն մտածեցի ես ու քայլերս ուղղեցի դեպի Աբովյան փողոց:
Քայլում էի ցրված, մտածում կյանքի ու զգացմունքների մասին, և չնայած այդ կիրակին ծանր բեռի պես նստել էր ուսերիս, չկարողացա անտարբեր անցնել մեծ տոպրակով քայլող սևահեր աղջկա կողքով: Երեխայի պես ուրախացա, երբ նրա տոպրակը չդիմանալով պարունակության ծանրությանը, պատռվեց և դուրս թափվեցին մեծ ու փոքր գրքերը: Մոտ վազեցի ու սկսեցի օգնել, որ հավաքի,և քանի որ գրքերը դնելու տեղ չուներ, ստիպված սպասեցի, մինչև մոտակա կրպակից մի զույգ տոպրակ գնեց, դրանք դրեց իրար մեջ, որ ավելի պինդ լինեն ու գրքերը դասավորեց այնտեղ: Նա ժպտալով շնորհակալություն հայտնեց ու փորձեց արագ հեռանալ:
- Սրճելու ժամանակ ունե՞ք:
- Ոչ, շնորհակալություն:
- Այ սրա համար չեմ սիրում Հայաստանը:
- Որ աղջիկները սրճելու ժամանակ չե՞ն ունենում:
- Մոտավորապես:
- Ես իսկապես շտապում եմ:
- Էտ դեպքում ձեր հեռախոսահամարը տվեք, որ...
- Իմաստ չունի:
- Ուրեմն մի ասեք, որ ուղղակի շտապում եք:
- Իսկ դուք իսկապես ուզու՞մ եք լսել, որ ինձ դուր չի գալիս Ձեր ձևական հոգատարությունն ու գոռոզ դեմքի արտահայտությունը:
- Գոնե դա:
- Ինչ փոխվե՞ց դրանից:
- Այն, որ հասկացա դրդապատճառը, - հետո մի պահ լռեցի` իմ տափակ դատողություններից շփոթված, բայց հավաքելով ինձ ու միացնելով երևակայությանս բոլոր գույները շարունակեցի, - Լավ, ես Ձեզ հանգիստ կթողնեմ, բայց մի փոքրիկ խաղ եմ առաջարկում: Ես այսօր Ձեզ նամակ կգրեմ ու կուղարկեմ էլեկտրոնային փոստով: Դուք այն կբացեք երեք ամիս անց, որտեղ գրված կլինի, թե այս երեք ամիսների ընթացքում ինչեր են անցել Ձեր գլխով , և եթե ինձ իսկապես հաջողվի Ձեզ զարմացնել կանխատեսելու իմ կարողությամբ, ապա դուք ինքներդ ինձ կհրավիրեք սրճելու: Կլինի?
Աղջիկը բացարձակ անտարբեր շարունակում էր քայլել ` ձևացնելով, թե ես չկամ, գոյություն չունեմ: Էլ չգիտեի ինչ մտածեմ, ինչ ասեմ: Նրա լռելու նոր մարտավարությունը ինձ հիմարի տեղ դնելու ամենաճիշտ ձևն էր: Մեկ էլ հանկարծ տոպրակները նորից պատռվեցին: Նա այլայլված դեմքով շրջվեց դեպի ինձ: Ես ինձ չկորցրեցի ու անմիջապես ասացի.
- Չորս հատ իրար մեջ դրված պինդ տոպրակները փոխանակում եմ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեի հետ:
- Համաձայն եմ,- ասաց նա ու սկսեցինք ծիծաղել:
- Իսկ ութ հատ տոպրակը ձեր հեռախոսահամարի հետ չե՞ք փոխանակի:
- Ոչ,- ասաց նա, բայց արդեն ժպտալով ու առանց ավելորդ լարվածության:
- Լավ, դե ինձ սպասեք այստեղ, հիմա կբերեմ:
Տոպրակները բերեցի, օգնեցի դասավորել գրքերը` այս անգամ աչքի տակով կարդալով դրանց վերնագրերն ու հեղինակների անունները: Գրպանիցս հանեցի հեռախոսս ու պատրաստակամ կանգնեցի, որ թելադրի իր էլեկտրոնային փոստի հասցեն: Աղջիկն իր խոստումը կատարեց, և մենք բաժանվեցինք:
Շարունակելի...
Էջանիշներ