User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Թե ինչպես ես ստացա իմ պետական քննությունները :)

  1. #1
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թե ինչպես ես ստացա իմ պետական քննությունները :)

    Երբ երկրորդ անգամ դիմեցի համալսարան ընդունվելու համար (առաջին տարին չէի ընդունվել ծուլությանս ու անփութությանս պատճառով), արդեն կրկին խառը ժամանակներ էին: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հեռուստատեսությամբ ընթերցել էր իր հայտնի ելույթը Դաշնակցության վերաբերյալ, Դրոյի ու 31-ի գործերով մի քանի տասնյակ մարդիկ գտնվում էին ճաղերի ետեւում, մի տարուց ընտրություններ էին, ու շատ թունդ աժիոտաժ էր տիրում էդ կապակցությամբ: Ես ինքս դեռ լիարժեք քաղաքականացված չէի, բայց ամեն ինչ տանում էր դրան, քանի որ ՀՄԸՄ-ական էի, պատկառելի ընկերվարական ու պատմաքաղաքական դաստիարակություն էի ստացել ու մի կես տարուց հաստատակամորեն պատրաստվում էի ձեռքս դնել զենքին ու ՀՅԴ կանոնագրին: 1995 թվականն էր:

    Մանրամասն չեմ անդրադառնալու այդ օրերից մինչեւ բանակից վերադառնալս ընկած ժամանակահատվածին. Էս նախաբանը նրա համար էր, ուղղակի, որ փորձեմ ինչ-որ կերպ արդարացնել բավարարի հազիվ ձգտող առաջադիմությունս ու վերջին կուրսի քննամարտերը տանուլ տալու արդյունքում համալսարանից դուրս մնալս: Ռոմանտիկա, կրքեր, ուսանողական շարժումներ, քաղաքական ցույցեր, կռիվներ, հացադուլներ, սիրային պատմություններ, կիթառ, հեղափոխության փորձեր, երգեր, բանավեճեր, ճամփորդություններ, ինտրիգներ… Մի խոսքով լիարժեք ուսանողական կյանք` բայց առանց համալսարանի: Երանելի ու անփույթ ժամանակներ էին:

    98-ին ամեն ինչ փոխվեց, հայրս հեռացավ կյանքից, իսկ ես, հավերժ բողոքավորի հաստ կողս դեմ տված` Դաշնակցությունից: Ու առաջնեկս ծնվեց: Նիկոլն իր մոտ էր կանչել (ականջդ կանչի, ախպեր ջան), «Օրագիրն» էր բացում, որը ներկայիս նախագահի թեթեւ ձեռամբ մի կես տարվա կյանք պիտի ունենար ու վերակազմավորվեր «Հայկական ժամանակի»: Աշխատել էր պետք, զուգահեռ` ազատվել կազմաքանդող մտածմունքներից, ուսմանը ժամանակ տրամադրելն արդեն ժամանակ վատնելու պես մի բան էր դառնում, ու համալսարանն ավարտելու հեռանկարը կամաց-կամաց սկսեց ծորալ մատներիս արանքով:

    Վերջին ավազահատիկը վայր ընկավ 99-ի գարնանը, ու ես ավարտական սեմեստրը չավարտած` գնացի բանակ: Երբ հետ եկա` 2001-ին, հստակ էր, որ մյուս տարի հաստատ պետք է վերականգնվեմ ու ավարտեմ ուսում կոչեցյալս: Էլի ամեն ինչ փոխվել էր, էլի ադապտացիա, աշխատանք, էլի օրաթերթի ռեժիմ, ներընտանեկան փոթորկահույզ դրամաներ, հավեսի լիակատար բացակայություն, բայց դե հորաքույրս վճարել էր վերջին սեմեստրի համար, ուրեմն պետք էր հորով-մորով անել: 2002-ի սկզբին վերականգնվեցի համալսարանում, բայց թե ոնց պիտի անեի, որ համ գայլերը կուշտ լինեին, համ ոչխարները ողջ` պատկերացում չունեի:

    Համալսարանում էլ էր ամեն ինչ փոխվել, բոլոր ընկերներս, նույնիսկ ինձնից ցածր կուրսերից, վաղուց ավարտել էին, ոչ ինձ էին էստեղ հիշում, ոչ էլ ես իրենց: Չնայած` բացի դեկանատի Ջուլիկ տոտայից (տեսնես կա, չկա…): Ֆակուլտետիս` բանասիրականի դեկանն էլ էր փոխվել` վարուժանագետ դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանին փոխարինել էր զարյանագետ դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը: Ես վերականգնվել էի էն աղոտ հույսով, որ գուցե հնարավորություն լինի դասերից ծլկելու հաշվին աշխատել, իսկ քնելու հաշվին` պատրաստվել քննությունների: Բայց էդ հույսերն ի դերեւ ելան իմ նոր դեկանի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ: Պարզվեց, որ առաջին հայացքից շատ բարի ու հավասարակշիռ Արծրուն Ավագյանը իրականում կարող է լինել ոչ շատ բարի, ոչ էլ հավասարակշիռ, եթե դրա համար համապատասխան հիմք չես ստեղծում ու տպավորություն չես գործում:

    Իրավիճակին ավելի ինտեգրվելու համար պատկերացրեք դեկանիս դրությունը. ոմն մեկը, որն իբր 4 տարի սովորել է համալսարանում, բայց որի դեմքն իսկի ծանոթ էլ չէ, որի ստուգման գրքույկում բացի երկրորդական առարկաներից ստացված մի երկու հատ հինգից ու մի երեք հատ չորսից` համատարած բավարարներ են, որը դուրս է մնացել համալսարանից «անբավարար առաջադիմության» համար, փորձում է համոզել իրեն, որ թույլ տան դասերի չգալ, որ աշխատի: Կարճ ասած, որ քաղաքավարությունը ներեր, կասեր` հո դու դեբիլ չես, արա:

    Առաջին հարցը, որ ծագում է` քեզ ո՞վ էր ստիպում վերականգնվել, մնայիր աշխատեիր. եւ առաջին պատասխանը, որ հետեւում է ըստ տրամաբանության` կտրուկ ոչ, ոչ մի բացակայություն: Ես էսպես թե էնպես բացակայելու էի, ուրիշ ճար չկար, բայց ողնաշարս ոռնում էր, որ Ավագյանը տարվա վերջում դա քթիցս է բերելու: Ու ես ոչ մի շանս չունեմ նրան ապացուցելու, որ ես լավն եմ, պուպուշ եմ, կարդացած եմ քչից-շատից, դե ուղղակի էդպես է ստացվել: Միով բանիվ`ձեւ էր պետք գտնել էդ ամեն ինչը իմ դեկան դոկտոր պրոֆեսոր Արծրուն Ավագյանին գեղեցիկ ձեւավորմամբ մատուցելու համար: Իսկ ձեւն ինքն ինձ գտավ:

    Էն ժամանակ կար կամընտրական դասընթաց հասկացություն (հիմա չգիտեմ` էս նոր բուլոնյանով կա-չկա…), դու ընտրում էիր առաջարկված մի քանի թեմաներով զբաղվող խմբերից մեկը ու փոքրաթիվ կազմով, որեւէ դասախոսի ղեկավարությամբ, լծվում նեղ մասնագիտական կոնկրետ ուսումնասիրության: Ցուցակը կարդալիս ի ուրախություն ինձ պարզեցի, որ խմբերից մեկի ղեկավարը Արծրուն Ավագյանն է, ու ինձ անմիջապես խցկեցի էդ խմբի կազմում: Դասընթացի թեման, հասկանում եք, առանձնապես կարեւոր էլ չէր արդեն:

    Պատկերացրեք դեկանիս զարմանքը, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի նրա աշխատասենյակ` իր կամընտրական դասընթացին մասնակցելու: Էս ոմն մեկը, որը պետք է ամեն ջանք գործադրեր իր աչքին չերեւալու համար, ընտրել է իր դասընթացը, որից բացակայելու հնար ընդհա՜նրապես չունի: Բայց զարմանքին անմիջապես փոխարինելու եկած ժպիտը` սկզբում փոքր-ինչ քամահրական, հետո` ավելի ներողամիտ, ինձ հուշում էր, որ ընտրածս մարտավարությունն իմ առջեւ լայն հորիզոններ է բացում:

    Տեղավորվեցինք, Ավագյանը սկսեց բացատրել մեր անելիքը: Մի երկու խոսքով ներկայացնեմ էն տպավորությունը, որ ստացել եմ նրանից` կարճատեւ շփման ընթացքում: Զուսպ, կոմպրոմիսի չգնացող, ինտելիգենտի բացառիկ դիմագծերով ու հատկանիշներով օժտված անձնավորություն, որի հետ «Դուք»-ով խոսում ես ոչ թե քաղաքավարությունից ելնելով, այլ ակամայից: Կամընտրական դասընթացի շրջանակներում մենք նրան պետք է ներկայացնեինք ռեֆերատ: Դա պիտի լիներ իրենց գործերում ժանրային ընդհանրություններ ունեցող, բայց տարբեր պատմական ժամանակահատվածներում ապրած երկու գրողների ստեղծագործությունների համեմատական բնութագիր:

    Ընտրածս մարտավարության երկրորդ խորամանկությունը հենց այդ գրողների ընտրությունը պետք է լիներ, որոնք իմ ռեֆերատի միջոցով դեկանիս երկու իմպուլս պետք է հաղորդեին` հոգերահազատության (իմ հանդեպ դրական էմոցիոնալ ֆոն ստեղծելու համար) եւ թարմության (իմ հնարավորություններն ի ցույց դնելու համար): Հիմա երբ հետադարձ հայացք եմ գցում` հարցի նկատմամբ էս ճղճիմ վերաբերմունքս խղճի խայթ ու մի փոքր էլ ամոթի զգացում է առաջացնում, բայց էն ժամանակ դա պետք էր, պետք էր օդ ու ջրի պես: Բացի այդ էլ` միեւնույն է, անկախ հեղինակների ընտրությունից, ռեֆերատի վրա հո աշխատելու էի:

    Ընդհանուր թեմա ընտրեցի գյուղագրությունը: Հոգեհարազատության իմպուլսը հաղորդելու եկավ Հակոբ Մնձուրին` գիտեի, որ դեկանիս թեկնածուական թեզը վերաբերվել է էդ շրջանի պոլսահայ գրական կյանքին, ու պետք է որ սիրեր թեման: Ավելի դժվար էր թարմության իմպուլսի հաղորդիչի ընտրությունը. պետք էր ընտրել մի գրողի, որը ճանաչված լինի, բայց ուսումնասիրված չլինի, կամ գոնե` թեթեւակի: Ու քանի որ դրսում 2002-ն էր, ու հավերժ բողոքավորի կողս էլի հաստացել էր…

    - Կարելի է՞ երկրորդ գրող վերցնեմ Վանո Սիրադեղյանին, պարոն Ավագյան…
    Դեկանիս զուսպ, խորը հայացքի մեջ հետաքրքրության նշաններ նկատեցի:
    - Ինչու ոչ, փորձիր, եթե կարող ես, Վահագն:

    Ինձ առաջին անգամ Վահագնով էդ ժամանակ դիմեց, որքան հիշում եմ, մինչեւ այդ` տղա ջան, լավագույն դեպքում` Թեւոսյան: Փաստորեն իմ մարտավարությունը լավ էլ հյութալի պտուղներ էր տալիս: Անհրաժեշտ է՞ հիշատակել, որ բացի Արծրուն Ավագյանի կամընտրական դասընթացից ուրիշ ոչ մի դասի չէի հաճախում: Ու նաեւ էդ էր ինձ խթանում ավելի շատ ու հետեւողական աշխատել էդ 10-15 էջերի վրա, քանի որ հասկանում էի` եթե պարտվեցի ճակատամարտը, տանուլ եմ տալու պատերազմը եւս:

    Մի խոսքով, էդպես մի քսան օր Մնձուրու ու Սիրադեղյանի ամբողջ գյուղագրությունը հերկեցի մատղաշ եզան պես ու անցա գարնանացանին: Արդեն չեմ հիշում` ինչ էի բստրել, ափսոս չի էլ պահպանվել, բայց էն ժամանակ իմ արածն ինձ մի անուրանալի սխրագործություն էր թվում: Ռեֆերատս տարա դասընթացին, ընթերցեցի ու ստացա իմ կյանքի, թերեւս, ամենակարեւոր ստուգարքը:

    Հիմա կհարցնեք` բա ի՞նչ կապ ուներ վերնագիրդ (Թե ինչպես ես ստացա իմ պետական քննությունները) էս ամբողջ պատմության հետ: Պարզապես էս ամենից հետո, համենայն դեպս ինձ էդպես թվաց, Արծրուն Ավագյանն ինձ սիրեց, ու երկու պետական քննություններս «ստացավ» իմ փոխարեն: Մտավ քննասենյակ ու հանձնաժողովի անդամներին հորդորեց` տղան նոր է եկել բանակից, հոգնած է, աշխատում է, ընտանիք է պահում, շատ մի տանջեք: Հիշում եմ, պարոն Ավագյան, հիշում եմ, գնահատում եմ ու շնորհակալ եմ

    Հ.Գ. Ավելի ուշ տեղեկացա, որ Ջուլիկ տոտան չկա այլեւս… Հոգին լուսավորվի:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (28.03.2011), CactuSoul (28.03.2011), Chuk (28.03.2011), einnA (28.03.2011), Farfalla (28.03.2011), Freeman (23.04.2011), impression (28.03.2011), lili-4 (28.03.2011), Mark Pauler (28.03.2011), matlev (28.03.2011), murmushka (28.03.2011), My World My Space (29.03.2011), Լուսաբեր (28.03.2011), Ձայնալար (28.03.2011), ՆանՍ (28.03.2011), Ջուզեպե Բալզամո (28.03.2011), Ռուֆուս (28.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մասնավոր բուհ, թե՞ պետական
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 03.10.2015, 19:06
  2. Երևանի Պետական Համալսարան
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 210
    Վերջինը: 19.06.2015, 12:20
  3. ՀՀ պետական խորհրդանշանների օրը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.06.2012, 11:43
  4. Պետական բյուջե
    Հեղինակ՝ krcho, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 22.09.2008, 22:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •