User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Անլար հաղորդակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անլար հաղորդակցություն

    Պատմվածքն իրականության հետ ոչ մի կապ չունի, բացի հեղինակի և բուժհաստատությունների անուններից:

    Մաս 1. Անհայտ հեռախոսազանգը

    Ժամը հազարին տուն վերադառնալուս սովորական օրերից էր: Մինչ ես սատկած, սոված ու սառած տուն կմտնեի և չորս վերջույթներս հալեցնելուց հետո կհարձակվեի ուտելիքի վրա, մայրս զեկուցեց.
    - Քեզ մի կին էր զանգել:
    - Ո՞վ,- հարցնում եմ ու մտքիս մեջ հազար տարբերակ քննարկում: Ինձ վերջին անգամ տան համարով զանգել են մի երեք ամիս առաջ՝ գիտաբժշկական գրադարանից: Ասում էին՝ գիրքն ուշացնում ես, բեր, հանձնի: Պատկերացրի, որ այս զանգն էլ նման կարևորություն ունի, ու մորս «չգիտեմ, չասեցից» հետո հարձակվում եմ.
    - Բա ինչու՞ ձեռիս համարը չտվեցիր:
    - Առաջարկեցի, չուզեց: Խոստացավ, որ հետո կզանգի: Շատ կիրթ կին էր:

    Մտքիս մեջ թվարկում եմ բոլոր հնարավոր տարբերակները. համալսարանից, ամբիոնից կամ բաժանմունքից դժվար լիներ: Նրանք ձեռքիս համարն ունեն: Ամերիկյան համալսարանի գրադարանում «Ուլիսեսը» երկու օր ուշացնելու համար արդեն տուգանվել եմ, գիտաբժշկականին պարտք ու պահանջ չունեմ, Ֆրանսիայի դեսպանատան գրադարանի գիրքս դեռ ուժի մեջ է: Ուրիշ որևէ պաշտոնական-գործնական զանգ չէր կարող լինել: Մնում էին ընկերներիս ծնողները, ընդ որում՝ վաղուցվանների, որովհետև նորերինն էլի առաջին հերթին բջջայինով ինձ կգտնեին: Չէ, մի տարբերակ էլ կա... Ընկերուհիս՝ Նանեն: Նրան ճանաչում եմ դեռ 13 տարեկանից, երբ ինքն ինձնից ավելի քան երկու անգամ մեծ էր: Դեռ այն օրերից, երբ զանգում էր, երբ դեռ հեռախոսալարերի հույսին էինք, մերոնք ասում էին՝ քեզ մի կին ա զանգել: Ու երբեք չէր ասում, որ ինքն է, բայց մերոնք արդեն սովորել էին. իմ շրջապատում միակ «կինն» ինքն էր:
    - Մամ, կարո՞ղ ա Նանեն էր:
    Դժվարանում է ասել: Էդպես էլ պիտի լիներ, որովհետև մի հազար տարի տուն չէր զանգել, բայց նրանից հեռու չէր հանկարծ տան հեռախոսահամարը հիշելը:

    Մաս 2. Գլխի ուռուցք և ռադիո

    - Ձեր դեմքը ծանոթ ա, որտե՞ղ եմ տեսել,- հարցնում է Ավանի հոգեբուժարանի կանանց բաժանմունքի հիվանդներից մեկը: Ես այնտեղ կյանքիս մեջ երկրորդ անգամ էի գնացել, ու երևի վերջին անգամն էր. հաջորդ օրվանից վերադառնալու էի Նորքի հոգեբուժարանի իմ սովորական առօրյային:
    - Խանգարում եք մեզ:
    Ընդհանրապես, հիվանդների հետ շատ հանգիստ եմ ու երկաթե նյարդեր ունեմ, բայց անտանելի չեմ սիրում, երբ մեկի հետ զրուցելիս կողքից մյուսները խանգարում են: Այ էդ դեպքերում կարող եմ ամենայն անկեղծությամբ խոստովանել, որ ինձ խանգարում են և ուղարկել ուրիշ տեղ զբոսնելու:

    Հիվանդը չի հանձնվում.
    - Բայց, այնուամենայնիվ, ձեր դեմքը ծանոթ ա:
    Հոգեկան հիվանդներից հնարավոր և երևակայական ամեն ինչ կլսես, ու մի կարևոր կանոն կա. «Երբեք մի հավատա շիզոֆրենիկներին»: Դրա համար բանի տեղ չեմ դնում: Ավելին՝ չի բացառվում, որ հաջորդ նախադասությունը լինի. «Հիշեցի. միասին լուսնի վրա ենք էղել»: Բայց գլուխս բարձրացնում եմ, որ ավելի խիստ տոնով բացատրեմ նրա՝ ավելորդ լինելը: Մեկ էլ տեսնեմ՝ իսկապես դեմքը ծանոթ է:
    - Դուք Նորքում բուժվե՞լ եք:
    - Հա... կարծում էին՝ գիժ եմ, բայց ուռուցքը գտան: Նենց որ ես գիժ չեմ, ուռուցք ունեմ:
    Ախր ես տղամարդկանց բաժանմունքում եմ, ու կանանցից միայն ընտրում եմ շիզոֆրենիա ունեցողներին ու միայն հետազոտության համար: Ասենք, միշտ էլ կարող եմ հետևել ոսկե կանոնին ու չհավատալ, որ ախտորոշումն ուռուցք է. շիզոֆրենիա ունեցողները միշտ ինչ-որ կերպ հիմնավորում են իրենց հիվանդությունը: Մեկը կասի՝ սթրես եմ տարել, մյուսը՝ անքնություն ունեի, երրորդն էլ կպնդի, որ սեռավարակ ունի:

    Մտածելով, որ իմ հետազոտությունով անցած հիվանդներից է՝ հարցնում եմ.
    - Ձեր անունը կասե՞ք:
    - Մանե,- պատասխանում է:
    Չէ, ինչ-որ չեմ հիշում, որ նման հիվանդի հետազոտած լինեմ... Դե երևի հավի հիշողություն ունեմ: Իսկ հիվանդը հետ չի մնում:
    - Դուք հոգեբա՞ն եք չէ: Ձեր անունը ո՞նց էր:
    - Հոգեբույժ,- չեմ ալարում ամեն անգամ ուղղել,- Բյուրակն:
    Ցնցվեց: Դեմքը մի քանի անգամ գույնը փոխեց, ծամածռվեց: Իսկույն հասկացա, որ Նորքի հոգեբուժարանը բնավ այն տեղը չէ, որտեղ նախկինում հանդիպել եմ նրան:
    - Ի՞նչ, հիշեցի՞ք, թե որտեղ եք տեսել:
    - Չէ, ուղղակի շատ յուրահատուկ անուն ունեք... չկրկնվող...
    Համոզիչ չէր: Մի վայրկյանում ուղեղս ամենահեռավոր թափառումներ կատարեց՝ սկսած նրանից, որ ես ու տատիկս նույն անունն ենք կրում, հետևաբար կարող էր նրա շրջապատից լինել կամ կարող էր ուղղակի ճանաչել մեր ընտանիքին կամ գոնե ծնողներիս (տարիքով ավելի շատ նրանց էր մոտ): Մի վայրկյան անց իմ ուղեղն ամեն դեպքում եզրակացնում է, որ Մանեն հենց իմ անձը գիտի, ու մինչ հենց նույն ուղեղի մի կենտրոն կորոշեր շուռ գալ ու շարունակել հիվանդի հետ աշխատանքը, մեկ այլ կենտրոն հարց է նետում.
    - Դուք իսկապե՞ս ինձ չեք ճանաչում:
    - Բացառիկ, չկրկնվող անուն ունեք... Գիտեմ, գիտեմ... ռադիոյից:
    Էստեղ ուղեղս վերցնում է նրա դեմքի ծանոթ լինելը, անունն ու «ռադիո» բառը, կապում իրար ու ստանում պատասխան: Երևի իմ դեմքն էլ ծամածռվեց, ես էլ մի քանի գույն փոխեցի, բայց շրջվեցի դեպի մյուս հիվանդը, որն արդեն ներվայնանում էր, որ ուշադրությունս շեղվել էր, դողացող ձայնով կարդացի հաջորդ հարցը:

    Մաս 3. Շառլ Ազնավուրի թաշկինակը

    Միջանցքում նստած սպասում էի, թե երբ պետք է նոր ընդունված հիվանդն արթնանա, որպեսզի ժամանակ չկորցնեմ, թեստավորեմ ու գործս վերջացնեմ: Մոտենում է Մանեն:
    - Ինձ չհիշեցի՞ք:
    - Հիշեցի,- ասում եմ ու խորամանկորեն ժպտում:
    - Որտեղի՞ց:
    - Կարծում եմ՝ ինքներդ պետք է ասեք:
    - Վաղուց չենք հանդիպել:
    - Չէ, հանդիպել ենք, հունվարին:
    - Բայց դեկտեմբերին Նորքից դուրս եմ գրվել:
    - Իսկ մենք էնտեղ չենք հանդիպել:
    - Երևի սրտաբանականու՞մ... կամ մի ուրիշ հիվանդանոցում: Ես գնացել էի գլուխս հետազոտելու:
    - Չէ, մեր հանդիպումը որևէ հիվանդանոցում չի էղել:
    - Բա որտե՞ղ:
    - Դուք ինձ հարցնում էիք, թե ինչու Շառլ Ազնավուրը La bohème երգից հետո թաշկինակը շպրտում:
    - Չեմ հիշում... ես ձեզ ռադիոյից գիտեմ: Աննայի մորաքրոջ աղջիկն եմ:
    - Ի՞նչ Աննա:
    Մի՞թե ինչ-որ ուրիշ բարեկամական կապ կար, որի մասին անարդարացիորեն ինձ չէր ասել: Աննա... Աննա... Նրանք շատ են մեր ընդհանուր շրջապատում, բայց էդ բոլոր Աննաներից մեկը մեր մտերիմ ընկերուհին է... Հիմա ես ո՞նց իմանամ՝ որ Աննան է: Չի պատասխանում:
    - Կարծեմ աղջիկ ունեք, անունը՝ Մարիա:
    - Մարիա՞:
    - Դե վերջը... Մաշա են ասում:
    - Էդ ոմանք են Մաշա ասում... Լավ, կարտերը բացենք... Դուք հասկանու՞մ եք, ես ամբողջ ոսկեղենս-արծաթեղենս ծախել եմ, իսկ Նանեն ինձ մի հազար դրամ էլ չտվեց:
    - Կարծեմ ինքը ծանր ֆինանսական դրության մեջ ա:
    - Բայց ախր ես իրան շատ եմ օգնել: Իրա անունը ես եմ դրել: Որ ծնվեց, մամայիս ասեցի՝ Մանե-Նանե, Մանե-Նանե, որոշեց անունը Նանե դնել... Հետո նրա ձեռքից բռնած տանում էի երաժշտական դպրոց: Նոտաները շպրտում էր փողոցում, լացում, հետս կռիվ անում: Հետագայում մամայիս կոկորդից բռնել էր, ասում էր՝ ինչու՞ երաժշտական չտարաք:
    - Լսեք, ինքը իմ ընկերուհին ա, խնդրում եմ՝ մի բամբասեք:
    - Հազար ներողություն... գիտեք, ես ձեզ զանգել էի վերջերս, ձեր մայրն ասեց, որ տանը չեք: Ուզում էի Նանեին ասեիք, որ վերցնի հեռախոսը: Զանգում եմ, չի վերցնում: Մաշան էլ ասում ա, որ ձեռքի համարը փոխել ա:
    - Ճիշտ ա ասում, փոխել ա, բայց չեմ տա:

    Նոր տարվա այն օրը, երբ Նանեն հազիվ քրոջը տնից վռնդեց ու լարված նստեց, իսկ ես նրան փորձեցի հանգստացնել՝ ասելով, որ հոգեկան հիվանդի հետ գործ ունի, ու որ շատ հավանական է՝ ուռուցքն է պատճառը:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (26.03.2011), einnA (27.03.2011), Freeman (26.03.2011), murmushka (26.03.2011), My World My Space (31.05.2011), tvsevak (31.05.2011), V!k (31.05.2011), Դատարկություն (31.05.2011), Ինչուիկ (26.03.2011), Նաիրուհի (26.03.2011), Շինարար (10.04.2011), Ջուզեպե Բալզամո (26.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վիրտուալ հաղորդակցություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.06.2018, 21:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •