One_Way_Ticket-ի խոսքերից
Հա, երկու ամիս է այստեղ եմ։ Ադապտացիայի առանձնապես խնդիր չկա։
Ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է։ Եթե սկսեմ թվել, թե ինչն է դուրս գալիս, երկար եմ գրելու, ու որոշ մարդիկ կարող է էլի ասեն, որ ռեկլամ եմ անում, դրա համար արի մենակ գրեմ թե ինչը դուրս չի գալիս։ Ուրեմն․
- Գները։ Խայտառակ թանկ է ամեն ինչը։ Տան վարձը, մթերքները, շորեղենը, տրանսպորտը, ինտերնետը։ Իսկ այն, ինչ պահանջում է մարդու աշխատանք, Հայաստանի գների համեմատ սար ու ձոր է։ Ասենք, ջինս կարճացնելը 22 դոլլար (դա դեռ էժան տեղ գտա, մի ուրիշ տեղ 30 ուզեցին)։ Դրանից հետո էլ իմ բոյից մեծ ջինս չեմ առնում։ Մազ կտրելը՝ սարքով 21 դոլլար (մկրատով կտրելու դեպքում 45): Ու կտրեցին էապես ավելի վատ, քան Երևանում կտրում էր իմ վարսավիրը։ Իհարկե, աշխատավառձերն էլ են բարձր, բայց հարաբերությունը բնավ բարձր չէ։ Ասենք, Միացյալ Նահանգները այդ հարցում ծալած ունի Ավստրալիային։
- Մարդիկ փողոցում շատ են ծխում։ Երևանի պես շատ չէ, բայց ասենք Լոնդոն-Փարիզի համեմատ շատ։ Ծխելն արգելվում է միայն գոնե 75%-ով փակ հասարակական վայրերում, ինչը նշանակում է, որ նույնիսկ տրամվայի կանգառներում ու բաց սրճարաններում մարդիկ ազատ ծխում են։ Լսել եմ՝ Սիդնեյում շատ ավելի քիչ են ծխողները։ Խնդրում եմ, չսկսել քննարկել ծխելու լավ ու վատ կողմերը, ես ծխողների դեմ ոչինչ չունեմ, ինձ ընդամենը տհաճ է ծխախոտի ծուխը շնչելը։ Ոչ մի պատճառ-հետևանքային կապ ինձ չի հետաքրքրում։ Չեմ ուզում շնչել և վերջ։
- Տների ջերմաիզոլյացիան շատ թույլ է ըստ մեր ստանդարտների։ Ապրիլի կեսերից ես արդեն ժամանակ առ ժամանակ ջեռուցում եմ, չնայած որ ջերմաստիճանը գիշերները ընդամենը մինչև +10 է իջնում։ Պատուհանները զբաղեցնում են գրեթե ամբողջ պատը․ ծայրից ծայր, հատակից առաստաղ, ընդ որում ապակին եզակի է, ոչ թե կրկնակի։ Դա, իհարկե, շատ էսթետիկ է, բայց միևնույն ժամանակ շատ արագ դրսի ջերմաստիճանը ներս է թողնում։ Մեկ մեկ կարոտում եմ մեր տաք սովետական տներին։
Մնացած ամեն ինչը լավ է։ Եթե ինչ-որ ավելի կոնկրետ հարցեր կան, կաշխատեմ պատասխանել։
Էջանիշներ