1922 թ. հուլիսի 21-ին (ըստ որոշ աղբյուրների՝ 25-ին) իրագործվում է 1919 թ. ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում հաստատված «Նեմեսիս» պատժիչ գործողության մաս կազմող ահաբեկումներից մեկը։ Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը Թիֆլիսում՝ Չեկայի շենքի դիմաց, սպանում են իր դաժանության համար «մսագործ» մականունն ստացած Ահմեդ Ջեմալ փաշային՝ Օսմանյան Կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարարին։ Ըստ մի վկայության՝ այդ սպանությանն ականատես Չեկայի այդ օրվա պետը կողքիններին վստահ ասում է, որ դա դաշնակցական տեռոր է։
Ի տարբերություն «Նեմեսիսի» մյուս սպանությունների, որոնք կատարվել էին տարբեր եվրոպական քաղաքներում, այս ահաբեկումն իրականացվում է բոլշևիկյան հեղկոմի մոլեգին տիրապետության օրերին՝ նոր խորհրդայնացած Վրաստանում, ուր այդ ժամանակ ընդհատակում դեռևս գործում էր ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական Կոմիտեն։
Ջեմալի ահաբեկման մասին վկայություն է թողել Ս. Վրացյանն իր «Մրրկածին Դրօն» գրքում. «Հ.Յ. Դաշնակցութեան Վրաստանի Կենտր. Կոմիտէի նախաձեռնութեամբ, 1922 թ. Յուլիս 21ին, Թիֆլիսում, օրը ցերեկով, ահաբեկուեց Իթթիհատական եռապետութեան վերջին ողջ մնացած անդամ, բոլշեւիկների բարեկամ ու գործակից Ջէմալ փաշան։ Չեկան անհաշիւ բանտարկութիւններ առաւ, բայց չէր համարձակւում սուր միջոցների դիմել՝ վախենալով փոխադարձութիւնից։ Դրօն իրաւունք ստացաւ Մոսկուայից (ուր կ՛ապրէր աքսորեալի կարգավիճակով) եւ շտապով մեկնեց Թիֆլիս, ուր բոլոր յայտնի դաշնակցականները ձերբակալուած էին։ Դրոյի հեղինակութիւնը թէ՛ դաշնակցական ընկերների եւ թէ բոլշեւիկների աչքին այնքան բարձր էր, որ նրան յաջողուեց երկու կողմի համար ընդունելի պայմաններով բանտից ազատ արձակել Կենտր. Կոմիտէի անդամներին եւ ձերբակալուածների մեծ մասին։ Այդ առթիւ Վրաստանի Կենտր. Կոմիտէի անդամները եւ Դրօն հրապարակեցին մի «դեկլարացիա», որով ճանաչում էին սովետական իշխանութիւնը եւ կոչ էին անում բոլոր դաշնակցականներին հետեւելու իրենց օրինակին։
«Արտասահմանում մեզ, որ անհաշտ պայքարի մէջ էինք սովետական բռնատիրութեան դէմ, որոշ էին այդ «դեկլարացիա»յի դրդապատճառները եւ իմաստը, բայց եւ այնպէս անթոյլատրելի էինք համարում Դրոյի եւ ընկերների ընթացքը։ Ես նոյնիսկ ստիպուած եղայ հրապարակով, մամուլի միջոցւվ, դատապարտել «դեկլարացիա»ն եւ զգուշացնել ընկերներին, որ չընկնեն բոլշեւիկեան ծուղակը։ Հետագային մենք իմացանք, որ «դեկլարացիա»ն մնացել է սոսկ թուղթի վրայ եւ ոչ մի հետեւանք չէր ունեցել, բացի այն, որ Չեկան փաստ էր ձեռք բերել արդարացնելու համար իր մեղմ վարմունքը դաշնակցականների նկատմամբ»...
••Սեղմել՝ ցույց տալու համար
***
...Հա, մեկ էլ 1905 թ. կատարվում է հերթական անհաջող մահափորձը Աբդուլ Համիդի դեմ։ Այն պատմության մեջ հայտնի է որպես Ելտըզի մահափորձ, քանի որ ծրագրված էի իրականացնել Ստամբուլի Ելտըզի մզկիթի հարևանությամբ։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ