Հայկական իժ կամ Ռադդեի իժ
Vipera (Montivipera) raddei Boettger
Կատեգորիա. VU
Հայկական բարձրավանդակի էնդեմիկ խոցելի տեսակ է: Հայաստանում տարանջատված պոպուլյացիաները կենտրոնացած են Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում: Հանդիպում է նաև Արևելյան Անդրկովկասում և Թուրքիայի ու Իրանի հարակից շրջաններում: Բնակվում է լեռնային չորասեր անտառներում, գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, ծառաթփային նոսր բուսականությամբ քարքարոտ լանջերին, ծ.մ. 1300-1800 մ բարձրության վրա, երբեմն բարձրանում է մինչև 2500-2700 մ: Երբեմն մտնում է մշակովի դաշտեր, որտեղ մնում է քարերի կույտերում: Ակտիվ է ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը: Բազմացման ակտիվ շրջանը սկսվում է մայիսի կեսերից և շարունակվում մինչև հունիսի վերջը: Ձվակենդանածին է: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը: Վտանգման հիմնական գործոնները. բնորոշ ապրելավայրերի քայքայումը` լեռնալանջերը վարելու և շինարարական աշխատանքներ կատարելու, լեռնային անտառները ոչնչացնելու, լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում անասուններ արածեցնելու հետևանքով: Մեծ վնաս է հասցնում նաև ապօրինի որսը: Տեսակի արեալի որոշ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետարգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ստեղծել մի շարք արգելավայրեր Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում և սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:
Էջանիշներ