Բարեւներ փոստատար Եփրիկից
Ասացեք խնդրեմ, ձեզնից ո՞վ չի վայելել նորաբնակության հաճույքը: Նոր տուն, նոր շրջապատ, նոր զգացողություններ...
Իսկ ինձ համար այս ամենին գումարվել էր նաեւ մի ուրիշ հանգամանք. վերջապես ազատվել էի մեր փոստատար Եփրիկից:
Տարօրինակ ուրախություն, այնպես չէ՞:
Թող ձեզ այդպես թվա: Մինչդեռ ութ լրագիր, տասներկու հանդես եւ մի շարք հավելվածներ ստացող մարդու համար դա ոչ պակաս կարեւոր հանգամանք է:
Վա՜յ, եթե փոստարկղդ չտեսներ, կամ հեռագիր բերելիս դուռդ փակ գտներ: Կճղճղար-աղմուկ-աղաղակով կլցներ շենքը:
-Էլի Եփրիկն է,- կասեին հարեւանները ու սիրտ չէին անի դուռը բացել:
Իսկ միջանցքում դեռ երկար կլսվեր նրա կշտամբանքի ձայնը.
-Ախր էսքանը, որ բաժանորդագրվում եք, իսկի մտածում ե՞ք փոստատարի մասին:
Բանից դուրս էր գալիս, որ դուք պիտի մտահոգվեք ոչ միայն ձեզ հետաքրքրող պարբերականների բաժանորդագրությամբ, որ ինքնին հեշտ գործ չէր, այլեւ դրանք առաքող փոստատարի կարգավիճակով:
-Հապա մի այս պայուսակը շալակեցեք, վեր ու վար արեք այս բազմահարկ շենքում, դե փորձեցեք, էլի՜...- ու թերթերով, ամսագրերով լեցուն, ծանր պայուսակը ձեր ուսը կտար:
-Դժվար է, հա՞... բա ես ո՞նց եմ անում: Գոնե խելք անեիք՝ ամեն մեկդ մի արկղ կախեիք շքամուտքում: Բերեի, գցեի, գնայի: Թե չէ՝ ամբողջ օրը՝ վեր վար, վեր վար: Մե՞ջք կդիմանա...
Չգիտեմ ուրիշներն ինչպես, բայց ես այնքան էի հոգնել, որ երբ նոր բնակարան ստացա, իսկույն Եփրիկին հիշեցի:
-Հենց միայն Եփրիկից ազատվելն ինչ արժեր...
***
Ես դեռ չէի հասցրել բարեկամներիս, ծանոթներիս հաղորդել նոր հասցեն, եւ նամակներ ու թղթակցությունները հնով էին գալիս:
Եփրիկը մատիտով վերահասցեագրում էր դրանք, ուղարկում նոր տուն:
Առաջին նամակի ծրարի անկյունում կարդացի՝ «Բարեւներ փոստատար Եփրիկից»:
-Ա՜չքս լույս... հիմա էլ հեռու հեռվից է հոգուս հետ խաղում,- անցավ մտքովս:
Բայց երբ նրա մակագրությունները կրկնվեցին մյուս ծրարների վրա, չգիտեմ ինչու, խղճի խայթի պես մի բան զգացի սրտիս խորքում: Այլեւս չէի բարկանում: Տխրում էի, որպես թե հեռու վայրում մի մտերիմ բարեկամ, մի հարազատ թողած լինեմ:
-Շատ էր ճղճղում, բայց երեւում է վատ աղջիկ չէր,- խոստովանեցի ինքս ինձ:
***
Կիրակի մի առավոտ գրասեղանիս մոտ նստած աշխատում էի, երբ զանգը հնչեց: Դուռը տղաս բացեց: Մեկ էլ ուրախացած ներս ընկավ:
-Հայրիկ, Եփրիկը...
Դուրս եկա միջանցք: Նա էր, մեր Եփրիկը, տոնականորեն հագնված, մազերը գանգրացրած, ամսագրերի մի կույտ թեւի տակ:
Հավաքել, բերել էր միանգամից:
-Վախեցա կորչեն, չուղարկեցի,- ժպտաց մի տեսակ՝ մեղավորի ծուռ ժպիտով:
-Համեցեք, համեցեք... Ներս մտավ սեղանատուն, հայացքը պտտեց շուրջը:
-Շնորհավոր լինի,- ասաց հուզմունքով:- Էս մեկն էլ իմ կողմից...- ու սեղանին դրեց թղթի մեջ փաթաթված մի գիրք:
Նորաբնակության առթիվ շատ հյուրեր էինք ունեցել, շնորհավորանքի խոսքեր լսել, նվերներ ստացել, բայց ուրիշ էր Եփրիկի այցելությունը, ուրիշ՝ նրա նվերը:
Մենք սեղան նստեցինք Եփրիկի հետ, սեղանի ամենալավ տեղը նրան հատկացնելով: Տնեցիներից յուրաքանչյուրը ձգտում էր իր սերն ու հարգանքը ցույց տալ: Ամենաընտիր քաղցրավենին նրան էին մատուցում: Եփրիկը չէր քաշվում, վարվում էր տնավարի, ազատ, անկաշկանդ: Ասես մեր ընտանիքի հարազատ անդամը լիներ:
Ուրախ, սրտաբաց զրույցի ժամանակ ես կատակով նրա փնթփնթոցները հիշեցրի: Չնեղացավ, չշփոթվեց: Ժպտաց ներողամտորեն՝ էլի մի քիչ ծուռ:
Հիմա էլ նույն կարծիքին էր: Ու չթաքցրեր:
-Գրել եմ մինիստրին, բա՜... Թող մտածի, թող հոգ տանի: Սրանք հին Երեւանի շենքերը չե՞ն: Բոլորն էլ՝ մեծ, բազմահարկ: Դու միայն սանդուղքները հաշվի: Թող գա մի անգամ պայուսակս ուսն առնի՝ վեր-վար անի: Էդպես էլ գրել եմ: Դեռ մոտո-ռոլեր եմ պահանջելու... Բա՜...
Բաժանվեցինք հին բարեկամների պես: Մերոնք նրան ուղեկցեցին մինչեւ ավտոբուսի կանգառը:
***
Այսօր ես նորից մեր փոստատար Եփրիկին հիշեցի: Առիթն ինքն իրեն եկավ: Մեր շքամուտքում մի երկնագույն պահարան կախեցին՝ գեղեցիկ արկղիկներով, որոնցից ամեն մեկն իր բանալին ունի:
-Փոստի համար է,- ասաց տնային լիազորը: Սրանից հետո ինքներդ կվերցնեք ձեր փոստը:
Ա՜յ քեզ խելացի միտք:
Ես համոզված եմ, որ Եփրիկի գործն է, նրա նախաձեռնությունը:
Հավանորեն հիմա էլ մոտո-ռոլերի համար է պայքարում: Եւ կստանա: Անպայման կստանա, ու նրա հաջորդ այցելությունը մոտո-ռոլերով կլինի:
Կապրենք, կտեսնենք:
Էջանիշներ