User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ձուկը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձուկը

    Արևի տաքուկ շողերը բաց օդանցքից, առանց հրավերի սպասելու, ինքնագլուխ հորդել էին սենյակ ու փառավորապես տեղավորվել սեղանին ու հատակի մի անկյունում: Առաստաղի տակ մի մոռացկոտ ճանճ էր պտտվում՝ օդանցքի տեղը կորցրած տագնապահար բզզոցով: Քնատ աչուկները տրորելով՝ աղջիկը հենց այն պահին մտավ խոհանոց, երբ ցանցկեն տոպրակից եղբայրը ձկները գցեց հատակին: Երկու հատ էին, միջին չափի, կապտա-արծաթավուն թեփուկներով ու դուրս պրծած աչքերով:
    Մանկան զնգուն ուրախությամբ լցվեց սենյակը.
    -Վա՜յ, սրանք որտեղի՞ց:
    -Մաման է բերել,- պատասխանեց տղան ու գետնից բարձրացնելով ձկներից մեկն ավելացրեց.
    -Տե'ս, սա բերանը բացուխուբ է անում: Շու'տ, շու'տ արա, տաշտը բե'ր, գցենք մեջը:

    Աղջնակը սրունքները փայլեցնելով վազեց լոգարան՝ տաշտի հետևից: Ձուկն անսպասելի թպրտաց, թափահարեց իրեն, ձեռքերի օղակի միջից պլստաց, նորից ընկավ գետնին: Տղան նորից վերցրեց ձուկն, ուզեց հասկանալ, թե ի՞նչ է ասում շրթունքների անձայն շարժումով: Ծպտուն չէր լսվում, բայց ինքը գիտեր, որ ձկներն առանձ ջրի չեն կարող ապրել: Ձուկն էլ երևի նույնն էր ասում, բայց ձկնային լեզվով:

    Աղջիկը բերեց իրենից մեծ տաշտն ու դրեց հատակին:
    -Տու'ր ես էլ բռնեմ,- խնդրեց եղբորը:
    -Վերցրու, ես ջուրը լցնեմ:
    Լվացարանի տակից վերցրեց էմալապատ դույլն ու թափով շուռ տվեց թասի մեջ: Մայրն առավոտներն աշխատանքի գնալուց առաջ միշտ երկու դույլ խմելու ջուր էր լցնում, դնում լվացարանի կողքին, որովհետև ցերեկները հաճախ էր լինում, որ ջրերը կտրում էին:
    -Տու'ր,- քրոջ ձեռքից առավ ձկանն ու գցեց տաշտը:
    Մի երկու ակնթարթ ձուկն անշարժ էր, կարծես չհավատաց նրան, թե հայտնվել է իր կենսատու տարերքի մեջ, բայց հետո ուշքի գալով, թափահարեց պոչն ու առաջ լողաց: Մռութը դեմ առավ տաշտի այլումինե պատին:
    Տղան ձգուշությամբ թեքեց ձկան գլուխը, ուզեց ցույց տալ, թե ու՞ր պիտի լողա: Աղջիկն անթաքույց հրճվանքով փափլիկ թաթիկները կոխեց տաշտն ու սկսեց ջուր ցանել ձկան գլխին: Ձուկը կամաց-կամաց ուշքի էր գալիս:

    -Ապե'ր, ուզում եմ, որ իմ հանդեսի շորն էլ ձուկի կճեպի նման պսպղուն լինի...
    -Սա կճեպ չի, սրանց անունը թեփուկ է,- բանիմաց տոնով սովորեցրեց եղբայրը, - շատ հին ժամանակներում այնպիսի մարդիկ են եղել՝ ասպետները, որ թեփուկավոր շոր են հագել:
    -Իսկ դու տեսե՞լ ես իրենց:
    -Ե՞ս..., չէ', մայրիկն ու հայրիկն էլ չեն տեսել: Նույնիսկ պապիկն էլ իրենց չի հանդիպել: Դա շա՜տ վաղուց է եղել:
    -Իսկ ասպետները ջրի մե՞ջ էին ապրում...
    -Չէ', ի՞նչ ես խոսում, մարդը ջրի տակ չի կարող շնչել, խեղդվում է... Ինչպես որ ձուկն է ջրից դուրս խեղդվում:
    -Բա թեփուկներն ասպետների ինչի՞ն էին պետք,- շարունակում էր տարակուսել փոքրիկը:
    - Դրանք կռիվների ժամանակ պաշտպանում էին թշնամիների սրերից,- լրջությամբ պատասխանեց տղան: Հինգ տարով մեծ էր քրոջից:
    -Հա՜,- եզրակացրեց աղջնակը,- երևի մայրիկն էլ սրա թեփուկները կհանի, որ չիմանա պաշտպանվել: Ու կտապակի:
    Փոքրիկը տխրեց իր ասածից:

    Տղան ոչինչ չպատասխանեց: Վերցրեց գետնից երկրորդ ձուկն ու սկսեց շուռումուռ տալ: Այդ մեկն արդեն չէր շնչում:
    Աղջիկը խաղում էր ձկան հետ: Դարձավ եղբորը.
    -Իսկ ձկներին ո՞նց են բռնում, որ իրենց թեփուկները հանեն...
    -Կառթով, ուռկանով... Սրան երևի ուռկանով են բռնել:

    Տղան մտախոհ էր: Գիտեր՝ ընդմիջմանը մայրը գործի տեղից շտապ-շտապ կգա, որ ձկան թեփուկները հանի: Նայեց ժամացույցին՝ դեռ մի ժամ կար:
    -Գիտես ի՞նչ, ձուկն այս տաշտի մեջ վերջիվերջո կսատկի, իրեն լողալու համար մեծ ու խորը տեղեր են պետք:
    -Չէ', չեմ ուզում , որ սատկի,- լացակումած վրա տվեց քույրը:
    -Ես էլ չեմ ուզում,- կամացուկ արձագանքեց տղան: Մեկ էլ հայացքը միանգամից պայծառացավ, վազ տվեց պատշգամբ ու բռնակով կաթնամանը ձեռքին հետ եկավ: Դրեց տաշտի կողքին, բռնեց ձկանն ու զգուշությամբ տեղավորեց մեջը, տաշտի ջրից էլ լցրեց վրան:
    -Ի՞նչ ես անում, դրա մեջ իսկի շարժվելու տեղ չկա,- վառվող աչուկները եղբորը հառեց աղջիկը:
    -Ինքը լողալու տեղ կունենա',- վճռական պատասխանեց տղան, վերցրեց կաթնամանն ու դուրս եկավ տնից:

    . . .

    Քիչ էր մնում վազեր, որովհետև վախենում էր, թե հանկարծ կուշանա: Բարձահարկների արանքով, մայթերով անցնելիս կողքերը չէր նայում: Նույնիսկ կրպակավաճառին չբարևեց, որից գրեթե ամեն օր թերթ էր գնում հոր համար: Չէր ուզում, որ ընկեր- տղերքից հանկարծ մեկը տեսնի իրեն՝ կաթնամանը ձեռքին: Լավ գիտեր, իրենց աներեսությամբ պիտի ստիպեին կափարիչը բացել, ծիծաղեին վրան: Այդ պատճառով էլ եթե կաթնամանից ջուրը թափելու վտանգը չլիներ, հաստատ պիտի վազեր: Մայիսյան արևը հաճելիորեն շոյում էր գլուխն ու կարծես ասելիս լիներ. «Գնա'-գնա', ճիշտ ես որոշել...» :

    Քայլեց այնքան, մինչև բարձրահարկներին սկսեցին փոխարինել սեփական տների թաղամասերը, հետո դրանք էլ մնացին հետևում ու ծայր առավ քարքարոտ, զառիվեր ճամփան: Տղայի տրամադրությունը րոպե առ րոպե բարձրանում էր, սկսեց սուլել: Սիրտն ուռչում էր մտքից, որ հեքիաթի մեջ ձկնորսը ոսկի ձուկ էր բռնել , իսկ ինքը արծաթե թեփուկներով ձկանը բաց պիտի թողնի: Ճիշտ է, մի քիչ նեղսրտում էր մտքից, թե մայրը հաստատ բարկանալու է արածի համար, բայց այն բանի գիտակցումը, որ ձուկը նորից ազատության մեջ պիտի լողա ու ով գիտե, գուցե մի օր նաև Սևան հասնի, ուրախացնում ու թև էր տալիս: Ճամփեզրի անցյալ տարվա չորացած ցողուններն ու փշերը երբեմն մտնում էին սանդալների արանքից, ծակում ոտքերը, բայց դրանց ուշադրություն դարձնող չկար: Մի երկու անգամ կանգնեց, վերցրեց կաթնամանի կափարիչն ու հանեց ձկանը, նայեց աչքերին, բերանի անձայն բացուխուբին՝ կենդանի է... Նորից զգուշությամբ դրեց կաթնամանն ու շարունակեց ճամփան:

    Գետը... Ամառներն ընկերներով ամեն օր լողանալու են գալիս ու այնքան են մտնում- ելնում, մինչև արևմուտ, որ սկսում են սրթսրթալ: Բայց ձկներին ի՞նչ, իրենց սրթսրթալ չկա:
    Մայիսի սկիզբն է, ջուրը սառն է ու որևէ մեկի մտքովը չի անցնի հիմա լողանալու գնալ: Տղան էլ կարոտով հիշեց ամռան շոգն ու կարծես իրեն սաստելու համար կամացուկ ասաց.

    -Ջուրը սառն է, հունիսին կգանք...

    Մոտեցավ գետափի դարիվեր պռնկին, ոտքը սահեց մանր քարերի միջով, հազիվ ինքն իրեն պահեց, որ չշրմփա ջուրը:
    Գետը ցեխակապտագույն վիշապի նման սահում էր առաջ և ուշադրություն չդարձրեց տղային: Պպզեց, կաթնամանից հանեց ձուկը, մի անգամ էլ նայեց չռված աչքերին ու դրեց ջրի մեջ: Մի ակնթարթ ձկան մեջքը հայելանման փայլով շողաց ջրի տակից ու անհետացավ: Մի ակնթարթ միայն... Տղան ուրախությունից սկսեց քթի տակ երգել:

    . . .

    -Դու հասկանու՞մ ես, որ ես դրան փող էի տվել, առել էի, որ ընթրիք սարքեմ: Ո՞վ էր քեզ թույլ տվել, որ խանութից առած ձուկը տանես, գետը գցես:
    Դու երեխա չե'ս, աստծո պատիժն ես:
    Տղանը ոչինչ չէր պատասխանում, միայն նայում էր, թե ոնց էին մոր աչքերից զայրույթի կայծեր թափվում:
    -Շը'րխկ...,- ապտակը շամփրեց տղայի այտն ու կայծերից մի քանիսն սկսեցին պտտվել հայացքի առաջ:
    Քույրը գլխիկոր կանգնել էր խոհանոցի դռան հետևում ու վախվխիլով մերթ մորն էր նայում, մերթ՝ եղբորը:
    Տղան փախավ խոհանոցից, թաքնվեց մահճակալի տակ ու լաց եղավ: Դեմքն արցունքներից տաքացավ, կոպերը ծանրացան ու աչքերի առաջ պտտվող կայծերը կամաց- կամաց մարեցին: Հոգնել էր երկար ճամփից, մի անուշ թմբիր իջավ վրան: Երազի մեջ ոսկե թեփուկներով զրահազգեստ էր հագել, ոնց որ գրքի միջի քաջ ասպետները, թուր ու վահանը կապել, կռիվ պիտի գնար: Բայց ձի չուներ: Ձիու փոխարեն այսօրվա ձուկն էր խելոք աչքերով նայում վրան ու մարդկային լեզվով խոսում.
    -Նստի'ր մեջքիս ու ամուր բռնվիր: Հանկարծ չվախենա'ս, դու դեռ չգիտես, թե ինչքա՜ն արագ կարող եմ սլանալ... Ամենասրնթաց ձիուց էլ արագ...
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 20.02.2011, 19:06:

  2. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (21.02.2011), aragats (20.02.2011), Ariadna (21.02.2011), ars83 (21.02.2011), CactuSoul (21.02.2011), Chuk (20.02.2011), einnA (21.02.2011), Gayl (21.02.2011), KiLa (20.02.2011), lili-4 (21.02.2011), Lion (21.02.2011), Lusinamara (20.02.2011), Malxas (20.02.2011), Mark Pauler (21.02.2011), Moonwalker (20.02.2011), My World My Space (20.02.2011), Nare-M (21.02.2011), Shah (21.02.2011), Skeptic (20.02.2011), Tig (21.02.2011), yerevanci (20.02.2011), Ամպ (20.02.2011), Գեա (20.02.2011), Թամարա (20.02.2011), Ինչուիկ (21.02.2011), Լեո (20.02.2011), Հայկօ (21.02.2011), Նաիրուհի (20.02.2011), ՆանՍ (21.02.2011), Ռուֆուս (21.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •