ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Հոդված 121. Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում
1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
2. Գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը թեկուզև մեկ անգամ թույլ է տվել սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում:
3. Սույն հոդվածին համապատասխան` աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:Հոդված 122. Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով
Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`
1) փչացրել, վնասել կամ կորցրել է գործատուի գույքը, ինչպես նաև աշխատանքի վայրում կատարել է հափշտակություն.
2) գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ.
3) անվստահություն է առաջացրել սպառողների, հաճախորդների կամ գործատուի գործընկերների մոտ, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել վնասներ:Ինչպես տեսնում ես, այնքան էլ հեշտ չէ մի սխալի համար աշխատանքից հեռացնելը։ Իմացիր քո իրավունքները։Հոդված 221. Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումը
1. Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում է համարվում այն խախտումը, որի հետևանքով կոպտորեն խախտվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները, կազմակերպության ներքին կարգապահական կանոնները:
2. Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում կարող է համարվել`
1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարող գործողություններ կատարելը.
2) պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ հրապարակելը կամ դրանց մասին մրցակից կազմակերպությանը հայտնելը.
3) իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.
4) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները խախտելը կամ սեռական հետապնդումները աշխատակիցների, ենթակաների կամ շահառուների նկատմամբ.
5) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելը.
6) անհարգելի պատճառներով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալը.
7) պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելը:
Էջանիշներ