Հայաստանում կաթնամթերքը թանկանում է
19:37 • 23.02.11

Հայաստում այս օրերին կաթնամթերքի գների բարձրացում է նկատվում։

«Հայկական ժամամանակ» օրաթերթի տեղեկացմամբ՝ կաթնամթերքի շուկայի հիմնական արտադրողներից «Մարիաննա» ընկերությունը խանութներին նոր գնացուցակ է ուղարկել։ Ըստ այդմ՝ ընկերության կաթնամթերքի տեսականու առաքման գները բարձրացել են 10 տոկոսով։ Իսկ կես կիլոգրամանոց թթվասերի առաքման գինը նախկին 360 դրամի փոխարեն 400-ի կհասցվի։

Թանկացումներից զերծ չի մնա «Աշտարակ կաթ» ընկերությունը։

Ինչպես Tert.am-ին տեղեկացնում են «Աշտարակ կաթից», ընկերությունն իր արտադրատեսականու համար առայժմ ոչ մի գնային փոփոխություն չի իրականացրել:

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հումքի շուկայում արձանագրված զգալի գնաճը, «Աշտարակ կաթ» ընկերությունում կատարվում են մանրակրկիտ հաշվարկներ, որից հետո չի բացառվում որոշ ապրանքների գնային փոփոխություն:
Ամեն դեպքում, «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ ընկերությունն իր բոլոր գործողություններում հնարավորինս հաշվի կառնի սպառողի շահերը»,- նշվում է ընկերության տեղեկատվությունում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ հանձնաժողովի մասնագետների այսօր իրականացրած պարբերական մոնիթորինգի արդյունքում ևս կաթնամթերքի գների բարձրացում է ֆիքսվել։ «Գները գտնվում են հանձնաժողովի մասնագետների ուշադրության կենտրոնում։ Եթե պարզվի, որ կան չարաշահումներ, հանձնաժողովը կմիջամտի»,- նշեց մամուլի քարտուղարը։

Tert.am