Մ.թ.ա. 212 – Պարսկահայքը, Փայտակարանը, Վասպուրականի արևելքը և Տրպատունիքը Արտավազդ I-ի գլխավորած Ատրպատականի թագավորության բանակը (մոտ 60.000) գրավեց Մեծ Հայքի թագավորության բանակից (մոտ 10.000): Հայերը կորցրին մոտ 7.000, թշնամին՝ մոտ 7.000 զինվոր
Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 5"-ից
Այս իրադարձությունների մասին հայտնում է Պոլիբիոսը (գիրք 8): Հետաքրքիր է, որ այս հաղորդումը արտացոլում է այդ ժամանակ տարածաշրջանում զարգացող ուշագրավ քաղաքական ինտրիգներից մեկը:
Բանն այն է, որ Ատրպատականի թագավորությունը, որը իր ստեղծման իսկ պահից` մ.թ.ա. 246 թ-ից, ենթարկված էր ուժեղ պարթևական ազդեցությանը, մ.թ.ա. 220 թ-ին արդեն լիովին ընկել էր Պարթևական թագավորության գերիշխանության տակ և հանդիսանում էր վերջինիս շահերի պաշտպանը տարածաշրջանում: Կոնկրետ այս դեպքում, երբ Երվանդ III-ի (մ.թ.ա. 212-201) գահակալմամբ կոպտորեն ոտնահարվել էին պարթևական շահերը Մեծ Հայքում, հետևաբար նաև ողջ Հայաստանում, Ատրպատականի թագավորությունը անմիջապես մարտական գործողություններ սկսեց գահը բռնատիրած Երվանդ III-ի դեմ և բռնազավթեց Հայաստանի արևելյան լայնարձակ շրջանները: Իր հերթին դա ստիպեց ակտիվանալ Սելևկյանների թագավորությանը, որը անմիջապես խոշոր ուժերով ներխուժեց Ատրպատականի թագավորության տարածք: Արդյունքում Ատրպատականի թագավորությունը ձևականորեն ընդունեց Սելևկյանների թագավորության գերիշխանությունը և այդ գնով շարունակեց տիրել մինչ այդ զավթված Հայաստանի արևելյան տարածքներին, սակայն իրականում շարունակեց պահպանել պարթևական կողմնորոշումը:
Փաստորեն Սելևկյանների և Պարթևական թագավորությունները ակտիվ արտաքին քաղաքական միջոցառումներով ձգտում էին իրենց կողմակիցներին ունենալ Մեծ Հայքի գահի վրա` դրանով իսկ ուժեղացնելով իրենց դիրքերը ողջ Հայաստանում: Եվ եթե Արշակ I-ի (մ.թ.ա. 225-212) սպանությունից ու Երվանդ III-ի գահ բարձրանալուց հետո ուժեղացել էին Սելևկյանների թագավորության դիրքերը, ապա Արտաշեսի իշխանության գալով կրկին ուժեղացավ Պարթևական թագավորության ազդեցությունը:
Հետաքրքիր է, որ Անտիոք III Մեծի (մ.թ.ա. 223-187) օրոք կրկին վերելքի ուղին բռնած Սելևկյանների թագավորության հետ, թեև և Պարթևական թագավորության աջակցությամբ գահ բարձրացած Արտաշես I-ը միանգամից չի սրում հարաբերությունները, այլ դրա փոխարեն ճանաչում է վերջինիս գերիշխանությունը: Իր հերթին Պարթևական թագավորությունը, բավականին թուլացած լինելով Անտիոք III Մեծի մ.թ.ա. 211-209 թվականների Արևելյան մեծ արշավանքից հետո, թեկուզ և այդ գնով համաձայնեց տեղի ունեցածի հետ, քանի որ ամեն դեպքում Մեծ Հայքում, հետևաբար նաև ողջ Հայաստանում, իշխանության էին հասել պրոպարթևական ուժեր, որոնք վաղ թե ուշ կվարեին հակասելևկյան քաղաքականություն:
Ինչպես ցույց տվեց մ.թ.ա. 190 թ-ի դեկտեմբերի 22-ի Մագնեսիայի ճակատամարտից հետո զարգացած իրադարձությունների ընթացքը, այս հաշվարկները ճիշտ դուրս եկան...
Էջանիշներ