Բրյուս Սփրինգսթինի մասին ինձ համար անհասկանալի պատճառներով Հայաստանում շատ քչերը գիտեն, մինչդեռ ողջ աշխարհում նա ամենահայտնի և սիրված ռոք երաժիշտներից մեկն է: Խարիզմատիկ, փոքր ինչ խռպոտ, բայց հրաշալի ձայնով երգիչ է, որի մասին կուզեի, որ նաև Հայաստանում իմանային ու լավ իմանային: Աշխարհին հայտնի է The Boss մականունով: Նրա մասին շատ լավ կարծիքներ են հայտնել հայտնի երաժիշտներ և դերասաններ (Bob Dylan, Sting, Peter Gabriel, Tom Hanks և այլն), և հայտնի քաղաքական գործիչներ (Ռոնալդ Ռեյգան, Բարաք Օբամա, Շվեդիայի թագավորը) և նույնիսկ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը: Նա մեծ ազդեցություն ունի այսօրվա ռոք և ֆոլկ երաժշտության վրա: Շատ հայտնի երաժիշտներ իրենց վրա կրում են նրա երգի ազդեցությունը: Դրանց մեջ են Բրայան Ադամսը, Սթինգը, Բոն Ջովին, Թոմ Մորելոն և այլն: Ինքն է համարվում Heartland Rock կոչված ժանրի հիմննադիրներից մեկը: Բազմաթիվ մրցանակներ ունի, մասնավորապես 20 Գրեմի, 1 Օսկար, 2 Ոսկե գլոբուս, Polar Music Prize, իսկ 2009-ին արժանացել է Քենեդիի անվան մրցանակին: Սփրինգսթինը շատ հայտնի է նաև իր համերգներով, որոնցից յուրաքանչյուրը վերածվում է մարաթոնային շոուի, քանի որ կարող է տևել մինչև 4 կամ նույնիսկ ավելի ժամեր: Նրա երաժշտությունը օգտագործվել և շարունակում է օգտագործվել բազմաթիվ ֆիլմերում: Նույնիսկ ինչ-որ ֆիլմերի երաժշտություն հատուկ նրան է պատվիրվել: Օրինակ, Philadelphia ֆիլմի Streets Of Philadelphia երգը, որը համարվում է նրա լավագույն երգերից մեկը և որի համար նա ստացել է 4 Գրեմի, 1 Օսկար և 1 Ոսկե Գլոբուս: Կարծում եմ, որ եթե Հայաստանում էլ ճանաչեն նրան, նա կդառնա նույնքան սիրված և պահանջարկ ունեցող, ինչպես այլ ռոք երաժիշտներ, որովհետև իր յուրօրինակությամբ բոլորովին չի զիջում նրանցից շատերին, իսկ շատ հարցերում նույնիսկ շատ առավելություններ ունի: Խոսքերի փոխարեն ավելի լավ է դնեմ նրա մի քանի երգեր, որոնք իրենց մասին ավելին կասեն, քան իմ գրածը: Հույս ունեմ, որ կհետաքրքրի, որովհետև պատրաստվում եմ ավելի մանրամասն ներկայացնել նրա գործունեությունը:
Էջանիշներ