Վագիզը զգաց, որ այդպիսով Հայաստանի թեման սպառված է: Այժմ սպարապետը նրան հարցուփորձ կանի հռոմեացիների մասին: Փորձառու զինվորը չէր սխալվում:
- Հայերին մի կողմ թողնենք, -ասաց Սուրենը,- հիմա պատմիր, թե ինչ տեսար հռոմեացիների մոտ: Վագիզը վերջապես պետք է խոսեր նրա մասին, ինչի համար եկել էր: Ըստ նրա անհամբեր տեսքի, լուրը հույժ կարևոր էր:
- Մեզ խստորեն հսկում էին, տե°ր իմ, հնարավոր չէր լրտեսությամբ որևէ բան իմանալ, բայց Ահրումազդը մեր հետ էր: Պատահմամբ մի լուր առանք, որի համար թանկ կվճարեինք` արշավը մեկ ամսից շուտ չի լինի,- եզրափակեց Վագիզը:
- Ի±նչն է քեզ ստիպել այդպես մտածել, իմ բարեկա°մ: Ինձ հասած տեղեկություններով` Կրասոսի ներխուժմանը խանգարում է միայն պայմանավորվածությունը Հայաստանի հետ: Դա էլ օրերի հարց է, քանի որ Արտավազդը պետք է որ արդեն այնտեղ լինի:
- Իհարկե, այդ ամենն այդպես է, բայց այն, ինչ տեսա Կրասոսի մոտ, խորապես ցնցեց ինձ:- Վագիզը սա մի տեսակ ջղագրգիռ ասաց, ապա, կրկին խաղաղվելով` շարունակեց:- Կրասոսի միակ դաշնակիցը, որին կարող է հակադրել մեզ, Հայաստանն է, բայց արի ու տես, որ կոնսուլը դեռ ոչ մի պայմանավորվածություն չունի նրա հետ: Որևէ քայլ չի անում և սպասում է մինչ Արտավազդը կգա իր մոտ:
- Իրոք, դա լուրջ սխալ էր նրա կողմից,- համաձայնեց Սուրենը,- եթե ի սկզբանե համաձայնության գար Արտավազդի հետ և շարունակեր կապ պահպանել, մեզ դժվար թե հաջողվեր մերձենալ Հայաստանին: Բայց Արտավազդն այժմ այնտեղ է: Ուրիշ ի±նչ կարող ես ավելացնել:
- Փոխարենը գլխին է հավաքել Կապադովկիայի, Կոմմագենի և Օսրոենի թագավորներին և ավելի շատ վաշխառությամբ է զբաղված, քան պատերազմին պատրաստվելով:
- Դրանց հետ բանակցությունները երկար չեն շարունակվի: Ուրիշ ի±նչ ես տեսել, Վագի°զ:
- Իմ մարդիկ Անտիոքում տեսել են Փառնակին: Նրանից ոչ մի քայլ չի հեռանում վաճառական Սաուլը:
Սուրենի աչքերը զարմանքից չռվեցին: Վագիզի ասածը հնչեց որպես կայծակ անամպ երկնքում:
- Փառնակն Անտիոքո±ւմ է:
- Այո°: Եվ քանի որ չի պատրաստվում պատերազմել, ուրեմն ժամանել է ինչ-որ խարդավանքի համար:
- Ես նույնպես վստահ եմ դրանում, Վագի°զ: Նրա երկրի ներկայիս վիճակը թույլ չի տալիս մասնակցելու Կրասոսի արշավին: Զորքի մեծ մասը կենտրոնացած է Բոսպորի թագավորությունում և զբաղված մի քանի հյուսիսային ցեղերի ընկճմամբ:
- Փառնակի ներկայությունն անհանգստացնում է ինձ, տե°ր իմ:
- Շատ իզուր: Դա է°լ ավելի կշեղի Կրասոսի առանց այն էլ շեղված ուշադրությունը: Հիմա վստահ եմ: Իրոք, պատերազմը մոտակա օրերին չի սկսվի, և դա մեզ հնարավորություն կտա շտկել այն բացերը, որոնք ունեինք ժամանակի սղության պատճառով: Ես բուռն գործունեություն կծավալեմ Կրասոսի շուրջը, և նրա կողմնակիցները շուտով թշնամիների կվերածվեն: Փառնակն իսկական փրկություն է մեզ համար:
- Երբ իմ տերը խոսում է Կրասոսի դաշնակիցների մասին, արդյո±ք նկատի ունի Հայաստանը:
Սուրենը խորամանկ շողացրեց աչքերը:
- Հայաստանի կողմից առայժմ վախենալու բան չունենք: Ես նկատի ունեմ մյուս արևելյան երկրներին: Ըստ քեզ` ո±ւմ կարող ենք թշնամուց դաշնակցի վերածել և նրա օգնությամբ մեր կամքը թելադրել Կրասոսին:
- Այստեղ մտածելու բան չկա, տե°ր իմ: Կապադովկիայի և Կոմմագենի արքաները հեշտությամբ երես կդարձնեն Հռոմից նույն պահին, երբ մենք Կրասոսից ավելին առաջարկենք:
- Իսկ մեզնից երես չե±ն դարձնի, երբ Կրասոսը մեզնից ավելին առաջարկի:
Մի պահ Վագիզը չիմացավ ինչ պատասխանել:
- Կրասոսը, տե°ր իմ, հայտնի է իր բացառիկ ագահությամբ:
Տեսնելով Սուրենի անտարբերությունը Կապադովկիայի և Կոմմագենի հանդեպ` Վագիզն արտահայտվեց նաև մյուս դաշնակիցների մասին:
- Կան նաև արաբ Ալքաուդոնիոսը և Եդեսացի Աբգարը: Առաջինից` ոչ մի օգուտ: Ալքաուդոնիոսը ոչինչ չգիտի, բացի ձիավարելուց և թրամարտելուց: Աբգարի հետ գործ բռնելն ավելի անհույսէ: Օսրոենի արքան Հռոմի բարեկամն է դեռևս Պոմպեոսի պատերազմների ժամանակներից: Մոտ տասը տարի: Կրասոսի հետ նրա հարաբերություններն ավելի սերտ են, քան Պոմպեոսի: Աբգարը նրան հայր է անվանում, Կրասոսը չի տարբերում նրան իր որդի Պուբլիոսից: Կապադովկիան և Կոմմագենը մեր միակ տարբերակներն են: Կամ էլ ստիպված ենք գրողի ծոցն ուղարկել բոլորին և կենտրոնանալ Հայաստանի վրա:
- Եթե բանակցությունները Հայաստանի հետ արդյունք չտան, տանուլ կտանք պատերազմը: Ինձ հակակշիռ է պետք հենց Կրասոսի քթի տակ:
Սուրենը հիասթափված ոտքի կանգնեց: Չհամարձակվելով նստած մնալ` Վագիզը նույնպես վեր կացավ: Երիտասարդ սպարապետը հետուառաջ էր անում սենյակում, կշռադատում քիչ լսածը և ինքն իրեն խոսում: Հետզհետե սպարապետի դեմքը լուսավորվեց: Նա ինչ-որ բան էր մտածել:
- Նկարագրի°ր ինձ Աբգարին,- հանկարծ ասաց` դիմելով Վագիզին:
Դա մի-փոքր տարօրինակ թվաց նրան: Աբգարին բոլորն էլ գիտեին և բոլորից լավ` Սուրենը:
- Աբգարը քաջ զինվոր է, խելացի և խորամանկ: Առատաձեռն է իր հպատակների հանդեպ և անողոք` թշնամիների նկատմամբ: Բնավորությամբ բռնկվող է: Պահի ազդեցության տակ կարող է այնպիսի արարքներ թույլ տալ, որ հետո դժվար է լինում ուղղել: Կարելի է ավարտել` ասելով, որ հավատարիմ է նրան, ում ծառայում է, բայց աստվածներն ազատեն նրա վրեժից, եթե ինչ-որ մեկի խելքին փչի դավաճանել կամ խաբել նրան:
- Իսկ հիմա նկարագրի°ր Կրասոսին:
Վագիզի զարմանքն ավելի խորացավ:
- Կրասոսն ագահ է և ամբարտավան, հարստության համար կծախի նույնիսկ հարազատ հորը: Բացարձակապես անսկզբունքային է: Ընդունակ չէ լինելու ո°չ հավատարիմ բարեկամ, ո°չ էլ երդվյալ թշնամի: Դա իմ տերն ինձնից լավ գիտե:
- Իսկ հիմա իրար կողք դիր այդ երկու կերպարները: Ի±նչ նմանություն կա նրանց միջև:
- Ոչ մի նմանություն: Հակապատկերներ են:
- Իսկ քո մտքով չի± անցել երբևէ, Վագի°զ, թե ինչպես են բարեկամություն անում բացարձակ հակապատկեր այդ երկու մարդիկ:
Քանի որ պալատականը ոչինչ չպատասխանեց, Սուրենը շարունակեց:
- Կրասոսի ազդեցությունը հսկայական կլինի Աբգարի վրա, մինչ կոնսուլին կհաջողվի մեծահոգության դիմակի տակ թաքցնել իր արատները, բայց, ինչպես հայտնի է, ասեղը պարկի մեջ չես թաքցնի: Ահրումազդը վկա, նրանց բախումն անխուսափելի է: Մենք պետք է բոլոր միջոցներով նպաստենք այդ բախմանը և արագացնենք այն, Վագի°զ:
- Ես շտապ ճանապարհ կընկնեմ, տե°ր իմ:
- Իմ անունից մի նամակ կտանես ու կձևացնես, թե հաշտության բանակցություններ ես վարում: Իրականում օր ու գիշեր հետևիր Աբգարին: Երբ կհամոզվես, որ կոնսուլի ու Եդեսիայի թագավորի միջև հակասւթյուններ են ծագել, փորձիր Աբգարին մեր կողմը գրավել: Ոսկի վերցրու որքան անհրաժեշտ կհամարես:
- Ե±րբ է իմ տերը հրամայում ճանապարհ ընկնել:
- Հենց հիմա:
Վագիզը գլուխ տվեց և դուրս եկավ:
- Ահրումազդը կպատժի քո նենգությունը,- նրա ետևից ճղճղաց Արիոբարզանը:
Սուրենի տրամադրությունը բարձրացել էր: Նա կրկին իր մոտ կանչեց Արիոբարզանին և սկսեց կերակրել գրպանից հանած անուշեղենով:
- Սիրելի° բարեկամ,- դիմելով ագռավին` ասաց նա,- մենք կհաղթենք Կրասոսին և Պարթևաստանի ամենահզորը կդառնանք: Իսկ հիմա պատրաստվենք ընդունել աստվածային Օրոդես Արշակունուն, առայժմ մեր երկրի միակ տիրակալին:
Էջանիշներ