3.Գործարար մարդիկ
Կրասոսի առանձնասենյակում: Կրասոս և Փառնակ:
- Այն բանից հետո, երբ Պոնտոսը Հռոմի դաշնակիցը դարձավ, մեր հարաբերությունները սերտացել են, իսկ հանդիպումները դարձել մի հաճելի իրադարձություն: Սակայն, իմանալով, որ ցանկացել ես տեսնել ինձ, խիստ զարմացա: Ի±նչն է քեզ ստիպել, Փառնա°կ, հսկա տարածություն կտրել և հասնել աշխարհի ծայրը:
Ահա այսպես դիմեց Կրասոսը Պոնտոսի, Բոսփորի և Փոքր Հայքի թագավորին, երբ նա վաճառական Սաուլի հետ ներս մտավ և տեղավորվեց կոնսուլի դիմաց` հարմարավետ բազմոցի վրա: Փառնակը չէր շտապում պատասխանել: Խորամանկ պոնտացին, նենգ ժպիտ խաղացնելով դեմքին` ուշադիր զննում էր թանկարժեք մատանիներով զարդարված աջ ձեռքի մատները` ձևացնելով, թե ամբողջովին կլանված է դրանով:
- Պարթևների հետ պատերազմը չէ, որ բերել է ինձ այստեղ,- վերջապես պատասխանեց Փառնակը, ապա բազմանշանակ լռեց ու շարունակեց,- աշխարհին է հայտնի` Կրասոսը ոչ միայն քաջ զորավար է, այլև շնորհալի գործարար մարդ: Չէ± որ քո այդ տաղանդին ես պարտական հարստությունը, որին տիրում ես: Ասում են` Հռոմում քեզնից հարուստ մարդ չկա:
Կրասոսն, իրոք, տաղանդավոր գործարար էր, բայց իր հարստության մեծ մասը դիզել էր նենգությամբ ու ստորությամբ, դիկտատոր Սուլլայի կառավարման սկզբում, երբ հարուստ մարդկանց և անձնական հակառակորդներին հատուկ ցուցակների մեջ էին մտցնում և պետության թշնամիների անվան տակ մահապատժի ենթարկում, իսկ զոհերի ունեցվածքն անցնում էր իրենց դահիճներին: Ասում էին` Կրասոսն այդ ժամանակ այնքան էր չափն անցել, որ հարուցել էր նույնիսկ գթություն չիմացող Սուլլայի վրդովմունքը:
- Հույժ կարևոր մի գործ է ինձ բերել այստեղ,- շարունակեց Փառնակը,- մի գործ, որով, կարծում եմ, հետաքրքրված կլինես նույնքան, որքան ես:
Կրասոսի դեմքին, իրոք, հետաքրքրության նշույլ երևաց: Փառնակի խոսակցությունից փողի հոտ էր գալիս, իսկ դա միակ բանն էր, որի կողքով Կրասոսն անընդունակ էր անտարբեր անցնել:
- Ավելի պարզ արտահայտվի°ր, Փառնա°կ:
- Կա մի փոքրիկ թագավորություն, վիճելի մի տարածք: Մերթ մի պետության մասն է կազմում, մերթ` մյուսի, երբեմն էլ նույնիսկ անկախություն է ստանում: Տուր ինձ այդ թագավորությունը, ոսկով կհատուցեմ…
- Ի±նչ թագավորության մասին է խոսքը,- անհամբեր կտրեց Կրասոսը, որը չէր սիրում անտեղի ժամանակ վատնել:
Փառնակը նորից նենգ ժպտաց ու նայեց Սաուլին, որն ակնթարթորեն կրկնօրինակեց Պոնտոսի թագավորի հայացքը:
- Գուցե դո±ւ ասես, Սաո°ւլ: Չէ որ հենց քոնն է այդ հանճարեղ միտքը:
Սաուլը համեստորեն խոնարհեց գլուխը և պատասխանեց արագ` առանց չարաշահելու խիստ ու գործնական հռոմեացու համբերությունը:
- Խոսքը Ծոփքի թագավորության մասին է,- ասաց նա:
Կրասոսը դիվանագիտորեն ծիծաղեց:
- Ծոփքը Կապադովկիային է պատկանում, ինչպես կարող եմ առանց սենատի թույլտվության վերցնել ու քեզ տալ:
- Այս պահին դա ամենևին էլ անհնար չէ, նույնիսկ շատ դյուրին է,- առանց դեմքի որևէ մկան շարժելու ասաց Փառնակը:
- Բարի եղիր բացատրել, թե ինչպես:
- Նախ քեզ կպատմեմ, թե ինչպես է Ծոփքը բաժին ընկել Կապադովկիային:
- Ես իսկապես հետաքրքրությամբ կլսեմ,- պատրաստակամորեն ասաց Կրասոսը,- միայն խնդրում եմ հնարավորինս հակիրճ` առանց արևելյան հանրահայտ դարձվածքների ու ճչացող համեմատությունների:
Փառնակն այնպես լիաթոք ծիծաղեց, ասես իսկապես ընդունակ էր այդպես անկեղծորեն ուրախանալ:
- Հռո¯մ, Հռո¯մ,- ծոր տվեց նա,- ինչ խելահեղ արագությամբ է հոսում կյանքն այստեղ:
Պոնտացին փոքր դադար տվեց, ապա դիմախաղով իմաստավորեց հայացքն ու փիլիսոփայական շեշտադրումով շարունակեց.
- Ճոխ դարձվածքները խոսքի համն ու հոտն են, Կրասո°ս, իսկ գեղեցիկ համեմատությունները` պատմության հետաքրքրությունը: Հրաժարվել սրանցից` կնշանակի հրաժարվել կյանքից, իսկ խելահեղ սլանալը կնշանակի գահավիժման վտանգի ենթարկվել:
Կրասոսին այլ բան չմնաց, քան ուրախ ծիծաղել ու հրաժարվել իր խիստ գործնական կեցվածքից:
- Դե լավ, Փառնա°կ, պատմիր ինչպես կուզես,- ասաց նա:
Փառնակն անշտապ վերցրեց գինու գավաթը, մի կում աստվածային խմիչք վայելեց և կկոցելով նենգ աչքերը` սկսեց պատմել:
- Սրանից մոտ տասը տարի առաջ,- ասաց նա,- Ծոփքը Հայաստանին էր պատկանում:
Նորից լռություն տիրեց, բայց` ոչ տևական: Փառնակը լրջացել էր և ցանկանում էր հնարավորինս արագ Կրասոսին շարադրել իր ծրագիրը:
- Ծերունի Տիգրանը Ծոփքն իր որդի Տիգրան Կրտսերին էր հանձնել,- շարունակեց նա,- բայցն այն մարդկանցից չէր Տիգրան Կրտսերը, որոնք ընդունակ են այդպիսի փոքրիկ թագավորությամբ գայթակղվել, երբ հորիզոնում շողշողում էր Մեծ Հայքի գահը: Ցանկանալով շրջանցել հորը և ՙարքայից արքա՚ հորջորջվել` Տիգրան Կրտսերն ապստամբություն բարձրացրեց: Ծերունի Տիգրանը սեղմված էր Պարթիայի ու Հռոմի միջև և անելանելի դրության մեջ ընկավ: Թվում էր` եկել է նրա վերջը, բայց գործերն անսպասելի ընթացք ստացան: Թե ինչպես հաջողացրեց բարեկամանալ Պոմպեոսի հետ և հաշտության պայմանագիր կնքել` մինչ օրս առեղծված է մնում: Այն ժամանակ հայերը տարածքային կորուստ չունեցան և պահպանեցին բուն հայկական հողերը: Տիգրանը նույնիսկ ռազմատուգանք չվճարեց, եթե նկատենք, որ Պոմպեոսի պահանջած վեց հազար տաղանդ ոսկին վճարվեց այլևս Հայաստանին չպատկանող Ծոփքից: Դրանից հետո պարթևները զգուշորեն պոչերն իրենց քաշեցին, իսկ Տիգրան Կրտսերը հորը նորից տեսնելով Հայաստանի գահին` այնպես կատաղեց, որ հիմարություն ունեցավ Պոմպեոսի երեսին ասել այն ամենը, ինչ մտածում էր նրա մասին, իսկ սա ստիպված եղավ կալանել կռվազան տղային ու հետը Հռոմ տանել: Տիգրան Կրտսերը Հռոմում կարճ, բայց բուռն ժամանակ անցկացրեց…
- Գիտե¯մ, գիտե¯մ,- անսպասելիորեն գոչեց Կրասոսը,- կանանց կուռքն էր ու տղամարդկանց սարսափը: Առանձնապես Կլոդիոսի հետ էր մտերմացել, իսկ դա մի մարդ էր, որի ահից Ցիցերոնը սարսափում էր քիթը հանել Պալատինի իր տնից: Ինչքա¯ն աղմուկ հանեցին այդ երկուսը: Հենց Կլոդիոսն էր, որ կազմակերպեց Տիգրան Կրտսերի փախուստը, բայց դավադիրներն անհաջողություն կրեցին: Կլոդիոսը ստիպված էր որոշ ժամանակ թաքնվել, իսկ Տիգրան Կրտսերը բռնվեց ու մահապատժի ենթարկվեց:
Փառնակը հիացած ժպտաց:
- Այսպիսով, Ծոփքի գահը մնաց թափուր,- շարունակեց նա:- Իրավամբ այն Հայաստանին էր պատկանում, բայց Հռոմը վտանգավոր համարեց կրկին Տիգրանին տալ: Հայաստանի հզորացումը կարող էր նոր գլխացավանքներ բերել. ո±վ չգիտեր Տիգրանի մեծ ծրագրերի մասին: Ծոփքն ուղղակի նվիրեցին Կապադովկիային:
- Իսկ ինչո±վ պատասխանեց ծերունի Տիգրանը:
Փառնակը տհաճությամբ տարուբերեց գլուխը:
- Այն ժամանակ Հայաստանի տեղը նեղ էր, կարելի էր ավելի ծանր պայմաններ պարտադրել: Բայց այդ անիծյալ ծերունին բանակցությունների մեջ մտավ Պոմպեոսի հետ և` այնքան վարպետորեն ու ինքնավստահ, որ նույնիսկ այն ժամանակ օգուտ քաղեց, երբ միայն վնասներ պետք է կրեր: Համբերատար լսելով Հայաստանի թագավորին, Պոմպեոսը մի պայմանագիր ստորագրեց, որով Ծոփքը Կապադովկիային տվեց ոչ թե հավերժ, այլ` տասը տարի ժամկետով: Ի լրումն` Տիգրանը մի յուղալի պատառ էլ Փոքր Հայքից պոկեց: Ամբողջ հինգ հազար քառակուսի կիլոմետր` ոսկու և արծաթի հանքերով հարուստ մի երկրամաս, որը մի քանի տարի անց, հորս մահից հետո ինձ էր պատկանելու:
- Դու ուզում ես նաև այդ հանքե±րը հետ ստանալ,- հարցրեց Կրասոսը:
Փառնակը չնկատելու տվեց Կրասոսի ծաղրը:
- Մի քանի ամիս անց լրանում է Ծոփքը Կապադովկիային հանձնելու պայմանագրի ժամկետը,- ասաց նա ու բազմանշանակ լռեց:
Կրասոսը վեր կացավ և հետուառաջ անելով` ասաց:
- Հետաքրքրաշարժ պատմություն արեցիր Ծոփքի թագավորության մասին, բայց այդպես էլ չասացիր` ի±նչ պատրվակով կարող եմ այն միացնել Պոնտոսին: Քո ասածից բխում է, որ ավելի արդարացի կլիներ Ծոփքը Հայաստանին միացնել: Լինել հարուստ և Սիրիայի պրոկոնսուլի թիկնոց կրել` ամենևին չի նշանակում լինել ամենակարող: Սենատում ի±նչ պատասխան կարող եմ տալ:
- Պատասխան տալ ընդհանրապես պետք չէ,- ավելի խորացնելով Կրասոսի զարմանքը` գոչեց Փառնակը,- ես բոլորովին չեմ կատակում, իմ սիրելի բարակամ: Եթե Ծոփքը Հայաստանից վերցվել է նրան թուլացնելու նպատակով, ինչ տարբերություն, ուրեմն, Կապադովկիայի±ն է միացվել, թե± Պոնտոսին:
- Ենթադրենք ես համաձայն եմ գործարքի մեջ մտնել քեզ հետ, բայց հո չե±մ կարող հենց այնպես վերցնել ու քեզ տալ Ծոփքը: Հռոմն օգտվում է Ծոփքի եկամուտներից. սենատը չի վավերացնի իմ որոշումը:
- Այժմ ես և դու պետք է օգտվենք Ծոփքի եկամուտներից, իսկ որոշման վավերացում ինձ բոլորովին պետք չէ: Ամեն դեպքում, առանց պատճառի չենք վերցնի Ծոփքը: Ես ամեն բան կհոգամ: Արիոբարզանին էլ մի բան կտանք: Բոլորն էլ գոհ կլինեն:
- Չգիտեմ գոհ կլինի± Արիոբարզանը, թե` ոչ, բայց դա ամենակարևորը չէ: Ի±նչ կասի Մեծ Հայքի թագավոր Արտավազդը:
- Ահա թե ինչու գոհ կլինի Կապադովկիայի թագավորը: Ծոփքի պատճառով նա կրում է Հայաստանի վտանգավոր թշնամությունը, մինչդեռ եկամուտները հիմնականում Հռոմն է տանում:
- Դու չափազանցնում ես, Փառնա°կ: Կապադովկիան Հռոմի դաշնակիցն է և վախենալու բան չունի:
Պոնտոսի թագավորն ի սրտե ծիծաղեց:
- Հավատացնում եմ, Կրասո°ս, Արիոբարզանը շատ է վախենում է հայերից: Ոչ վաղ անցյալում Տիգրանը երեք անգամ վերից վար ավերել է Կապադովկիան, գերեվարել նրա բնակչության մի ստվար մասը, և այդ ամենն Արիոբարզանը տեսել է իր աչքերով: Եթե Ծոփքի փոխարեն նրան դրամ առաջարկենք, ուրախությամբ կհամաձայնի: Ինչ վերաբերում է Արտավազդին,- Փառնակը վախվխելով շուրջ նայեց` հո մոտակայքում չի± երևում Տիգրանուհին,- ապա նրա մասին մեծ կարծիք չունեմ, իսկ նրան ճանաչում եմ մանկուց: Պատահական թագավոր է և ոչինչ չի արել իր կյանքում, բացի ճառեր ասելուց և ողբերգություններ գրելուց: Նրա ավագ եղբայրներից գեթ մեկը կենդանի մնար, Արտավազդն իր ականջները կտեսներ, Հայաստանի թագը չէր տեսնի: Բացի այդ, մեր հռչակավոր ողբերգակը նոր է թագադրվել և, լինելով զգույշ մարդ, չի հանդգնի իր տիրակալությունը սկսել` պայքարի մեջ մտնելով այդպիսի լուրջ բանի համար:
- Դու թերագնահատում ես Արտավազդին: Եթե նա կարող է խլել Ծոփքը Կապադովկիայից, կարող է խլել նաև Պոնտոսից:
- Դա արդեն իմ հոգսն է, Կրա°սոս: Ես հարկ եղած միջոցները կձեռնարկեմ նրա դեմ, և Ծոփքը կմնա ինձ, ինչպես տարիներ շարունակ մնում է Փոքր Հայքը:
- Իսկ ի±նչ...
- Ինչքան եմ պատրաստվում վճարե±լ, - Փառնակը խորամանկ ժպտաց,- հսկայական մի գումար, հինգ հազար տաղանդ ոսկով:
- Դու երևի ուզում էիր ասել հիսուն հազար, Փառնա°կ, միայն Արշամաշատի համար կարելի է տասը հազար տալ...
Սկսվեց մի ստոր առևտուր: Միայն տեսնել էր պետք, թե ինչպես էին սակարկում այդ երկու ագահները ոսկու ամեն մի պտղունցի և հողի ամեն թզաչափի համար: Մեկ ժամ շարունակված բանակցությունների արդյունքում կողմերը կանգ առան քսան հազարի վրա: Հանդիպումը մոտեցավ ավարտին: Կրասոսն ու Փառնակը հրաժեշտ տվին իրար: Պոնտոսի թագավորն արդեն դռան մոտ էր, երբ կրկին լսվեց կուսակալի ձայնը.
- Չմոռանաս պատշաճ պատրվակ մտածել, այլապես գործարքը չի կայանա:
- Անհոգ եղի°ր, Կրասո°ս,- պատասխանեց Փառնակը,- ծրագիրը վաղուց պատրաստ է: Հաջորդ հանդիպմանը կիմանաս այդ մասին:
Էջանիշներ