User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար



    Երևի ավելի տպավորիչ կլիներ գրել - բազմաթիվ ընթերցողների խնդրանքով... Սակայն ճշմարտությունն այն է, որ ակումբում վերը նշված վեպն ինձ խնդրել է մաս մաս տեղադրել մեր սիրելի և հանրաճանաչ Լիոնը: Չնայած եթե մեկ այլ կողմից նայենք, Լիոնը մեն մենակ մի քանի հազար ընթերցող արժի :
    Սա վեպի երկրորդ խմբագրությունն է, որն առաջինից զգալիորեն տարբերվում է: Առայժմ խմբագրված չէ պրոֆեսիոնալ խմբագրի կողմից, որի համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.02.2011), Moonwalker (14.02.2011), Sagittarius (14.02.2011), ՆանՍ (15.02.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Կրասոսը, Փառնակը և մյուսները

    Թե երբ Մարկոս Լիցինիոս Կրասոսը (Ք.Ա. 115-53: Հռոմեացի քաղաքական գործիչ և զորավար), որոշեց կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը, դժվար է ասել: Գուցե դրա մասին երազել էր երիտասարդ տարիներին, երբ որպես Սուլլայի կողմնակից կռվում էր արյունարբու Մարիուսի դեմ, իսկ գուցե հասուն տարիքում էր նման եզրահանգման եկել, երբ վճռական ճակատամարտում հաղթանակ էր տարել Սպարտակի դեմ և փրկել Հռոմն այդ զարհուրելի վտանգից: Ինչևիցե, այսօր Մարկոս Կրասոսը, վաթսուներկուամյա թիկնեղ, բայց վաղուց արդեն ճերմակած և նույնիսկ իր հասուն տարիքից էլ ավելի զառամյալ տեսք ունեցող հռոմեացին, որպես Սիրիա նահանգի կուսակալ Անտիոք էր ժամանել և պատրաստվում էր մոտակա ամիսներին խորտակիչ հարված հասցնել պարթևական պետությանը: Դա աշխարհի նվաճման առաջին փուլը պետք է լիներ: Եթե ասած լինենք ամբողջ ճշմարտությունը, ապա Կրասոսն այստեղ էր ժամանել դեռևս անցյալ աշուն, գրավել փյունիկյան և հրեական մի քանի քաղաքներ, մանր ճակատամարտեր շահել պարթևների հետ սկսած պատերազմում և աշխույժ գործունեություն սկսել տեղական վաճառականների հետ: Վրա հասած ցրտերը ստիպեցին քաշվելու Անտիոք ձմեռելու: Որոշելով իզուր չկորցնել ժամանակը Կրասոսն ամբողջապես նվիրվեց առևտրին: Թալանված ոսկյա զարդերը վաճառվում էին, նորից գնվում ավելի էժան գնով ու հետո կրկին վաճառվում: Դրանից հետո Կրասոսը նոր տեսակի գործառություն սկսեց: Զորքն ուժեղացնելու պատճառաբանությամբ նա համընդհանուր զորահավաք հայտարարեց, իսկ երբ հազարավոր միջագետքցիներ ստիպողաբար հռոմեական ճամբար բերվեցին, բոլորին թույլատրվեց փրկագնվել և տուն վերադառնալ: Այն անսպառ եռանդը, որը Կրասոսը դրսևորեց իբրև վաճառական, ինչպես նաև առևտրական գործարքների այն հսկա ծավալը, որը կլանել էր շրջակայքի բոլոր վաճառականների ուժերը, շատերի մոտ կասկած առաջացրեց, թե նա մոռացել է ինչի համար է այստեղ եկել: Սակայն գարնանային մի գեղեցիկ օր նա մի փոքր հագեցավ առևտրական գործունեությունից իր մոտ հրավիրեց բոլոր դաշնակիցներին: Փառավոր խնջույք կազմակերպեց, որն իր ճոխությամբ ավելի շատ Լուկուլլոսին կվայելեր, քան կծծի Կրասոսին: Գինին հոսում էր ինչպես Եփրատն իր վարարման ամիսներին, իսկ խորտիկների բազմազանությունը կարող էր զարմացնել ամենացուցամոլ արևելցուն անգամ: Նույնիսկ կուսակալի ամենաոխերիմ թշնամիները ստիպված եղան մի քանի օր լուռ մնալ և այդ ընթացքում ոչ մի անգամ չհիշատակել, որ իր անհաշիվ հարստություններին զուգահեռ, Կրասոսն աշխարհի ամենաագահ և ամենաժլատ մարդն է: Ամեն դեպքում մի քանի չար լեզուներ գտան այդ չլսված վատնողականության պատճառը: Դաշնակից թագավորներից զատ հրավիրված էին արևելքի ամենահարուստ և ամենաճանաչված մարդիկ, իսկ նրանք ըստ իրենց երկրների սովորության ճոխ նվերներ կբերեին: Եթե նույնիսկ դա իրոք այդպես էր, ապա ի նպաստ Կրասոսի կարող ենք ասել, որ նրա պալատում հանգրվանած հյուրերը որպես անշահախնդիր բարեկամներ չէին այստեղ եկել և նույնպես իրենց ակնկալիքներն ունեին: Խնջույքի ժամանակ բազմաթիվ հարցեր պատասխան էին ստանալու: Որոշ թագավորություններ ընդլայնելու էին իրենց տարածքները, մյուսները կորուստներ էին ունենալու: Մի քանի փառասեր իշխաններ հույս էին տածում իրենց համեստ իշխանական թագերն արքայականի վերածելու, իսկ արդեն թագավորական մեծություն ունեցողները փորձելու էին ամրապնդել այն, անակնկալ հարվածով տեղը դնելով ամբարտավան նորելուկներին:

    Դաշնակից պետությունների թագավորներին Կրասոսն առանձին սեղանի շուրջ էր տեղավորել և, ընկերակցելով Ամֆիտրիտե անունով մի տասնութամյա գեղեցկուհու, ինքն էլ նրանց միացել: Կրասոսից աջ նստած էր Կոմմագենայի թագավոր Անտիոքոսը, ուղիղ երկար դիմագծերով բացառիկ մի անձնավորություն, որը Նեմրութ լեռան վրա աստվածների հանրահայտ սրբավայր էր ստեղծել և իրեն էլ, նրանց հավասար, աստված հայտարարել: Այնուհետև գալիս էր Կապադովկիայի արքա Արիոբարզանը, իր երկրում երրորդ միապետն այդ անվամբ: Արիոբարզանը մի քանի ամիս առաջ էր թագադրվել, թավամորուս էր և մսոտ ու արևահարված դեմք ուներ: Կոմմագենայի արքան իր կնոջ, Տիգրանուհու հետ էր ժամանել, իսկ Կապադովկիայի թագավորը բացի կնոջից բերել էր նաև դեռատի դստերը: Սրանք հաջորդաբար Ալեքսանդրա և Սելենե անուններն էին կրում:

    Կրասոսից ձախ տեղ էր գտել Օսրոենայի երիտասարդ տիրակալ Աբգարը, դեռևս Պոմպեոսի ժամանակներից Հռոմի հավատարիմ դաշնակիցը, որն այժմ էլ, չնայած սեղանի շուրջ նստած էր Կրասոսից ձախ, սակայն իրականում նրա աջ ձեռքն էր հանդիսանում: Աբգարը համակրելի տղամարդ էր, բարձրահասակ էր և ամրակազմ, արտաքինից հավասարակշռված էր երևում, բայց իրականում տաքարյուն էր և կռվարար: Թագավորների ցանկը եզրափակում էր Փառնակը, Պոնտոսի, Բոսպորի և Փոքր Հայքի տիրակալը, Միհրդատ Եվպատորի` Հռոմի երդվյալ թշնամու որդին, որը, սակայն, այժմ հավերժական քաղաքի դաշնակիցներից մեկն էր: Փառնակը հիսունն անց էր, գունատ դեմք ուներ, հաշվենկատ և նենգ հայացք, միջահասակ էր և պնդակազմ: Սեղանի վերջին մասնակիցը հրեա վաճառական Սաուլն էր, վաթսունհինգ տարեկան ճարպակալած մի մարդ, որի մազերը ճակատի կողմից նոսրացել ու ետ էին քաշվել, իսկ արծվային կեռ քիթը և լիքը շրթունքները վստահ տեսք էին տալիս նրա կեցվածքին ու որոշակիորեն բացատրում, թե ինչպես է այդ շատ հարուստ մարդը հաջողացրել դաշնակից թագավորների շարքերը խցկվել:

    Կրասոսը բարեհամբույր էր բոլորի նկատմամբ և ուշադիր: Սիրիայի կուսակալը չէր մոռանում հաճոյախոսություններ շռայլել կանանց, իսկ տղամարդկանց երախտագիտություն էր հայտնում` հիշելով մատուցված բազմաթիվ ծառայությունները թե° Հռոմեական կայսրությանը, և թե° անձամբ իրեն: Հյուրերը փոխադարձաբար պատասխանում էին: Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի: Կրասոսը արքայական թագ չէր կրում, բայց ավելի մեծ իշխանություն ուներ, քան սեղանի շուրջ նստած բոլոր թագավորները միասին վերցրած: Վերջապես, ինչի համար են հավաքվել այստեղ: Մի±թե Կրասոսը չէր այն մարդը, որը ողորմածաբար պատիվներ էր շռայլելու, կամ դժգոհ լինելով շնորհազրկելու էր: Սակայն, արտաքնապես անհավասարության որևէ նշույլ չկար: Կրասոսը հյուրերին վերաբերվում էր որպես հին բարեկամների, իսկ հյուրերը նույնպես ձևացնում էին, որ դա, իրոք, այդպես է: Համենայն դեպս, երբ Արիոբարզան Երրորդը կենաց ասելու նպատակով բաժակ բարձրացրեց, նա հատկապես հավատարիմ դաշնակցի և տարիներով փորձված ընկերոջ տեսք ուներ: Արիոբարզանը իր ժողովրդի անունից խորը երախտագիություն հայտնեց Կրասոսին, զուտ արևելյան ճոխությամբ նկարագրեց Հռոմի նախկին կոնսուլի (Հին Հռոմում բարձրագույն քաղաքացիական պաշտոն) մի քանի եղած և էլ ավելի շատ հնարած արժանիքները, իսկ վերջում բաժակաճառը հնարամտորեն երդման վերածեց, որով իր կամքին հլու Կապադովկիան Հռոմի հնազանդ նեցուկը հայտարարեց: Այսքանն ասելուց հետո պատկառելի կապադովկիացին գավաթը դատարկեցէ°լ ավելի հանդիսավորությամբ, քան ճառն ինքն էր: Նորին աստվածություն Անտիոքոսի խոսքն ասես իր նախորդի շարունակությունը լիներ: Պարզվեց Կոմմագենան էլ ավելի հավատարիմ պետություն է և բացի այդ միակն է բոլորի մեջ ընդունակ ինչպես հարկն է գնահատել Կրասոսի ներխուժումն արևելք: Բացահայտվեցին հռոմեացու ևս մի քանի կարևոր արժանիքներ: Դրանց գոյության մասին Կրասոսը, մինչ այդ երեկո, չէր էլ կասկածել: Կապադովկիայի օրինակով Կոմմագենան նույնպես իր բանակն ու գանձարանը հանձնում էր ի տնօրինություն Հռոմի: Բաժակաճառի ավարտին գինին խմվեց ասես ոչ թե կենացի բնական ավարտ, այլ ի ցույց բոլորի: Ահա այսպես են խմում բարեկամի կենացը: Պոնտոսի, Բոսպորի և Փոքր Հայքի տիրակալ Փառնակը փորձեց տարբերվել իրենից առաջ խոսք վերցրածներից, սակայն, ըստ էության, ոչ վարժ կերպով կրկնեց այն ամենը, ինչ ասել էին նախորդ երկու արքաները: Մինչ այս, ամեն ինչ բնականոն էր: Կրասոսը գիտեր. երբ արևելյան արքայիկը սեղանի շուրջ խոստանում է տալ իր կյանքը հանուն մեծահզոր տիրակալի, դա ընդամենը նշանակում է, ՙես չեմ հարվածի թիկունքիդ, եթե քո բանակը պարթևների երկիր մտնի և պահպանի իր ռազմական հզորությունը՚: Իսկական պայմանավորվածություն ձեռք կբերվեր ավելի ուշ, միմիայն այն բանից հետո, երբ ամեն մի պետություն հստակ կսակարկեր իր հասանելիքը: Ինչևէ, Փառնակից հետո խոսք վերցրեց Աբգարը, որը երևի միակ անկեղծ մարդն էր սեղանի շուրջը: Չփայլեց երեսուներեքամյա տիրակալը որպես բաժակաճառ ասող: Իսկ պատճառը սաստիկ հուզմունքն էր, որ պատել էր նրան այն պահից սկսած, երբ առաջին անգամ տեսավ Կապադովկիայի արքայադստերը: Աբգարը խոսեց մի մարդու պես, որը չի էլ մտածում թե ինչ է խոսում, իսկ խոսքը եզրափակեց ափսոսանք հայտնելով Արտավազդի, Հայաստանի թագավորի բացակայության վերաբերյալ, որի ներկայությունը, եթե նույնիսկ ցանկալի էր, ոչ մի կերպ չէր կապվում ասվածի հետ: Կրասոսը բնավ չվիրավորվեց նրանից: Լինելով իր ժամանակի լավագույն հռետորներից մեկը, նա ներողամտաբար էր վերաբերվում այդպիսի տաղանդից զուրկ մարդկանց: Բացի այդ Աբգարը նրա ամենամերձավոր բարեկամն էր և բաժակաճառի տեսքով չէ, որ պետք է օգնության գար նրան: Չնայած դրան, խոսակցությունը կտրուկ փոխեց իր տեսքը, և դա կատարվեց այնքան արագ, որ նույնիսկ չթույլատրեց Կրասոսին պատասխան շնորհակալություն հայտնել:

    Փառնակը, որը բաժակաճառի ժամանակ չէր կարողացել արտահայտել մտքերն այնպես, ինչպես ինքը կուզենար, մի տեսակ անբավարարվածություն էր զգում: Տեսնելով, թե ինչպես հայտնվեց մեկը, որն իրենից ետ մնաց, Պոնտոսի թագավորը չվարանեց կծու մի խոսքով էլ ավելի շփոթեցնել երիտասարդին և ուրիշին սևացնելու գնով վերացնել այն թյուր կարծիքը, որն իր գնահատմամբ մինչ այդ ստեղծվել էր:
    - Արտավազդն իր մայրաքաղաքում նստած ողբերգություններ է գրում, սիրելի° Աբգար, և այսօրվա հանդիսության հետ ոչ մի առնչություն չունի,- ասաց նա: (Մեծ Հայքի թագավոր Արտավազդ Երկրորդը (Ք.Ա.55-30) ողբերգություններ է գրել և եղել է իր ժամանակի ամենաուսյալ մարդկանցից մեկը)
    Մինչ Օսրոենայի արքան կհավաքեր մտքերը, որպեսզի իր նման քաջին վայել պատասխան տա, Փառնակը հարված ստացավ բոլորովին այլ կողմից: Կոմմագենայի թագուհի Տիգրանուհին` Արտավազդի հարազատ քույրը և, հետևաբար, Տիգրան Երկրորդի աղջիկը և Փառնակի քրոջ դուստրը, Աբգարին հասցված հարվածից բացի, որը նենգ պոնտացին քողարկել էր շինծու բարեհոգության տակ, տեսավ մի այլ վիրավորանք` հասցված իր եղբորը:
    - Արտավազդ արքան, իրոք, ողբերգություն է գրում, սիրելի° մորեղբայր,- պատասխանեց նա,- կարող եմ նույնիսկ ասել, թե ինչի մասին է:

    Փառնակը շուռ եկավ: Իր կյանքի չորրորդ տասնամյակը մտած թագուհուն դեռևս կարելի էր գեղեցկուհի համարել: Բազմաթիվ ծննդաբերություններն ամենևին չէին փչացրել Տիգրանուհու գեղանի իրանը, որը տարիքի հետ լցվելով մի նոր հմայք էր ստացել: Դրան կարելի էր ավելացնել նրա ձյունաճերմակ մաշկը, ձյութի նման սև մազերը, մանկամարդ դեմքը, փոքր-ինչ կամարաձև հոնքերը և նրանց տակից բարձր արժանապատվությամբ փայլող վառվռուն աչքերը: Այս ամենը Փառնակին ներկայացան մի ակնթարթում, որը բարեհոգությամբ ժպտացող կնոջ հայացքի տակ լրջորեն նետված մարտահրավեր տեսավ: Տիգրանուհու արտահայտիչ աչքերը (հիմա նոր նկատեց Փառնակը), աննկարագրելիորեն նման էին նրա հոր` Տիգրանի սարսափազդու աչքերին, որին Պոնտոսի այն ժամանակվա արքայազնը տեսել էր պալատական ընդունելություններից մեկի ժամանակ և որից այդքան ազդվել էր: Ինչքա¯ն էր հետո հայելու առաջ փորձել այդպիսի հայացքով նայել սովորել: Չէ°, Տիգրանի աղջկանից, ինչպես որ մի ժամանակ Տիգրանից, չի կարելի լավ բան սպասել:

    - Մեծ Հայքի արքա Արտավազդը մեր ժամանակի լավագույն ողբերգակն է, սիրելի Տիգրանուհի,- փորձելով շահել անսպասելի հայտնված հակառակորդի համակրանքն ասաց Փառնակը,- սակայն, ստիպված եմ խնդրելու քեզ մեկ ուրիշ անգամվա հետաձգել այդ:
    - Չմոռանանք նաև, որ այսօր այստեղ ենք հավաքվել…, - այն է ուզում էր սկսել նորին աստվածություն Անտիոքոս արքան, որն այնքան լավ էր ճանաչում սեփական կնոջը:
    - Իսկ ես, այնուամենայնիվ, կասեմ,- կոպտորեն ամուսնուն ընդհատեց Տիգրանուհին և ուղիղ նայելով Փառնակի աչքերի մեջ շարունակեց:- Դա, իրոք, ողբերգություն է, սիրելի մորեղբայր: Գործողությունները ծավալվում են Մեծ Հայքից հյուսիս կամ հյուսիս- արևելք գտնվող թագավորություններից մեկում: Տեղի արքան, տաղանդավոր մի տիրակալ, բուռն իրադարձություններով հարուստ կյանք է ապրում: Ճաշակում է թե° հաջողությունների բերկրանքը, և թե° դժբախտությունների դառնությունը: Իր կյանքի վերջում թշնամիների կողմից հալածված արքան ապաստան է խնդրում որդուց, իսկ վերջինս դավաճանաբար դաշինք է կնքում իր հոր թշնամիների հետ և ստիպում ինքնասպան լինել, որպեսզի տիրանա նրա թագավորությանը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 14.02.2011, 22:53:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.02.2011), Mark Pauler (15.02.2011), ՆանՍ (15.02.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորը հասկացան այն, ինչ ավելին էր քան ակնարկը: Անտիոքոսը լարեց ուշադրությունը, որպեսզի հարկ եղած դեպքում պաշտպանի իր ահեղ և սիրելի կնոջը, Արիոբարզանը դեմքն վեր հառեց և սկսեց ուսումնասիրել առաստաղի զարդանախշերը, Կրասոսն անսպասելիորեն ինչ որ բան հիշեց և շուռ եկավ ստրուկներին հրաման տալու, վաճառական Սաուլը սկսեց ուղղել գոտկատեղից ամրացված դրամապանակը, իսկ գեղեցկուհի Ամֆիտրիտեն համեստորեն խոնարհեց գլուխը: Միակ անտեղյակն արքայադուստր Սելենեն էր: Նրան էլ մայրը բացատրեց` արագ-արագ ականջին փսփսալով: ՙՓառնակը սրանից մոտ տաս տարի առաջ ստիպել է ինքնասպանություն գործել իր հայր Միհրդատին և ապա թագադրվել որպես Բոսպորի, Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր՚:

    Փառնակն անսպասելիությունից սպիտակեց, ապա զայրույթից կաս-կարմիր կտրեց: Պարզվում է` մարդկանց հիշողությունն անսահմանափակ երկար է: Սակայն, նրանք բնավ նեղություն չեն տա իրենց հիշելու, թե ինչպիսի պայմաններում դա կատարվեց: Եթե լսես իրեն կորցրած այս լկտի կնոջը, որը ոչինչ չի գիտակցում բացի իր Տիգրան Մեծի աղջիկը լինելուց և, պարզվում է, այլ բանի մասին չի էլ մտածում բացի իր եղբոր փառասիրությունը պաշտպանելուց, ապա կարելի է ենթադրել, որ իր հայր Միհրդատը մի անկեղծ և զավակների հանդեպ հայրական սիրով տոգորված մարդ էր, իսկ ինքը` երախտամոռ հայրասպան: Փառնակը մտաբերեց իր ընտանիքի պատմությունը: Միհրդատի մայրը սպանել է իր ամուսնուն` Միհրդատի հորը և տիրացել Պոնտոսի գահին: Հետո փորձել է այն աշխարհ ուղարկել Միհրդատին: Միհրդատը խույս է տվել փախչելով, ապա վերադառնալով վրեժ է լուծել` սպանելով իր մորը: Հետո Միհրդատը սպանել է իր կնոջը, որը նաև իր քույրն էր: Ավելի ուշ նա թունավորել է իր որդի Արիարաթին` Փառնակի հարազատ եղբորը: Իսկ ո±ւմ էր պատկանում Բոսպորի թագավորությունը, մինչ Միհրդատ արքան իր թագավորությունը կորցնելուց հետո տիրացավ նրան: Որտե±ղ էր այդ տաղանդավոր միապետը, երբ եղբայրներով իրար էին կոտորում նույն այդ Բոսպորի համար: Գուցե զբաղված էր ուրիշ պետություններում բանսարկություններ կատարելո±վ: Ինչ կա ուրեմն զարմանալու, երբ ինքն այդպիսի ճակատագրի արժանացավ:

    Փառնակը հանկարծ գիտակցեց, որ Տիգրանուհին շատ լավ գիտի այս ամենի մասին: Սա թերևս կարելի է որպես Հայաստանի պատասխան որակավորել: Չի կարելի նրա տիրակալի մասին խոսել իբրև սովորական ողբերգակի, քանի հարյուր անգամ չես նշել նրա ՙարքայից արքա՚ լինելը: Ինչ արած: Սխալն իրենն էր: Հարկավոր էր ուղղել այն: Փառնակն ուժերի գերագույն լարումով տիրապետեց իրեն և կրկին դեմքին նույն սիրալիր արտահայտությունը տվեց:
    - Սիրելի° զարմուհի, Իմ քույր Կլեոպատրան (Միհրդատ Վեցերորդ Եվպատորի աղջիկը և Տիգրան Երկրորդի կինը) քո և Արտավազդի մայրն է և մենք փաստորեն ամենամոտիկ մարդիկ ենք այս սեղանի շուրջ: Այն, ինչ ասացի Հայաստանի թագավորի մասին, փաստորեն ճիշտ չհասկացվեց քո կողմից, ես հո նրա թշնամին չե±մ: Կարծում էի ազգականներ լինելու հանգամանքը թույլ է տալիս ինձ մի փոքր ազատ արտահայտվել, սակայն տեսնում եմ, որ սխալվել եմ: Եվ իրոք, արքայական մեծությունն ավելի առաջնային է ազգակցականից: Սրանով չեմ վերջացնում: Կոնսուլի պատասխանից հետո ես դեռևս կասեմ իմ խոսքը ՙարքայից արքա՚ Արտավազդի մասին:

    Մինչ Տիգրանուհին մտածում էր, թե յուրաքանչյուր օտար ավելի լավ է Փառնակի նման ազգականից, վերջինս հարգալից ետ քաշվեց: Վերջապես խոսելու հերթը հասավ Կրասոսին: Սիրիայի կուսակալը ոտքի կանգնեց և շնորհակալական խոսք ասելով ցուցադրեց իր ողջ հռետորական տաղանդը:
    Մոտ մեկ ժամ հյուրերը կերան և խմեցին: Կրասոսը կարողանում էր լավ տանտեր լինել, երբ ուզում էր: Հունաստանից հրավիրված երաժիշտներն ու պարուհիները նվագեցին ու պարեցին, իսկ դերասանները հատվածներ արտասանեցին Եվրիպիդեսի (Ք.Ա.580-406: Հույն մեծագույն ողբերգակ) ՙԲաքոսուհիներ՚ և Արտավազդի ՙԱնահիտ աստվածուհի՚ ստեղծագործություններից: Երեկույթի ձևական մասը մոտենում էր ավարտին: Գալիս էր այն պահը, ինչի համար, ըստ էության, հավաքվել էին: Մաքուր օդ շնչելու պատրվակով հյուրերը դուրս եկան: Կրասոսը մտավ իր առանձնասենյակը: Մերթ ընդ մերթ նրա մոտ էր մտնում այս կամ այն հյուրը: Հյուրերն իրար մեջ նույնպես խոսակցություն էին ունենում: Կանանց եռյակը զբաղված էր բամբասանքների քննարկմամբ, Կապադովկիայի և Կոմմագենայի արքաները վիճում էին սահմանամերձ մի խնդրի շուրջ, Փառնակը Սաուլի հետ Կրասոսի առանձնասենյակ էր մտել, իսկ Աբգարը վերջապես հաջողացրել էր առանձնանալ Սելենեի հետ:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 14.02.2011, 22:55:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (14.02.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը

    Երևի ավելի տպավորիչ կլիներ գրել - բազմաթիվ ընթերցողների խնդրանքով... Սակայն ճշմարտությունն այն է, որ ակումբում վերը նշված վեպն ինձ խնդրել է մաս մաս տեղադրել մեր սիրելի և հանրաճանաչ Լիոնը: Չնայած եթե մեկ այլ կողմից նայենք, Լիոնը մեն մենակ մի քանի հազար ընթերցող արժի :
    Սա վեպի երկրորդ խմբագրությունն է, որն առաջինից զգալիորեն տարբերվում է: Առայժմ խմբագրված չէ պրոֆեսիոնալ խմբագրի կողմից, որի համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը:
    Եղելա տենց բան, Արմեն ջան, եղելա Ու շատ հաճելի է, որ դու հարգեցիր իմ ու նաև մեր խնդրանքը: Գիտեք ինչ, ժողովուրդ, ես կարծում եմ, որ մենք պետք է արժանին մատուցենք մեր մեջ ապրող մարդկանց, որոնք երբեմն իրոք մեծ են, բայց... որ իրենք մեզ մոտիկ են, մենք իրենց մեծությունը չենք տեսնում: Ու պետք չի վախենալ ասել այդ մասին այն դեպքում, երբ հանկարծ կասկածում ես, որ կարդում ես մեծ գրողի գործ: Հիմի մեր Արմեն Մալխասյանը. համեստիս կարծիքով, որը պատմավեպերի մեծ սիրահար է, բայց պակաս սիրահար չէ հենց լավ պատմավեպերի, Արմենի մոտ լավ է ստացվում - ոճը` ուրախ, թեթև խորիմաստ, բայց հումորային, բարդը պարզ ձևով ասելը, նկարագրությունները, կերպարները...

    Անձամբ ես ամեն պատմավեպ չէ, որ հավանում եմ, սա անկեղծ: Բոլորին թվում է, որ պատմավեպ գրելը հեշտից էլ հեշտ մի բան է` դիր ու շարադրիր: Բայց չէ, ամեն ինչ այդքան պարզ չէ - պետք է վեր հանել այն ժամանակի ոգին, այդ ժամանակի շահերն ու հետաքրքրությունները, տեսնել հաճախ աննկատ զսպանակները, որ շարժում են իրադարձությունները - կարծում եմ, որ ներկայիս, համենայն դեպս ինձ հայտնի պատմավեպ գրողներերի մեջ Արմենի մոտ ամենալավերից մեկն է ստացվում: Չեմ վախենում այս մասին բարձրաձայնել - հայտնի գրողին գովելը հեշտ է ու ապահով, բայց դեռևս ոչ այնքան անհայտ գրողի մասին սա ասելը պատասխանատու գործ է և այնուհանդերձ...

    Ապրես, Արմեն ջան, ես հավատում եմ, որ ի դեմս քեզ մենք ապրում ենք մեծ մի պատմավիպագրի կողքին: Լավ մտածիր ու շարունակիր գործդ ու նաև... մի քանի խորհուրդներ, եթե կընդունես, իհարկե.

    1. Պատմավեպը սկսելու առաջ մանրակրկտորեն ուսումնասիրիր դարաշրջանը, որն նկարագրում ես, վեր հան բոլոր հնարավոր ու անհնար աղբյուրները, մտիր "դարաշրջանի կաշվի մեջ", ապրիր դրանով, խոսիր հերոսներիդ հետ, փորձիր հասկանալ ու տեսնել նրանց,
    2. ուշադիր եղիր մանրուքներին, անուններին, տեղանուններին, ժամանակագրությանը,
    3. ուշադիր եղիր ռազմական մանրամասներին, աշխատիր այնպես նկարագրել ճակատամարտերդ, որ այն ֆանտաստիկ չլինի,
    4. խուսափիր ավելորդ իդեալիզմից - նույնիսկ ամենապաշտելի հերոսներն էլ ընդամենը մարդիկ են եղել, իրենց թերություններով, սխալներով, վախերով և այլն: Մի խուսափիր նման հերոսներից, ճիշտ է, սրանք կորցնում են հերոսականության մեջ, բայց դրա փոխարեն ավելի մարդկային են ու հասկանալի...

    Առայժմ այսքանը, իսկ հիմա - ես սկսում եմ ըմբոշխնել քո նոր վեպը` մեկնաբանությունները հաջորդիվ
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.02.2011, 22:17:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (16.02.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոնին

    Անկեղծ կարծիքի համար շատ շնորհակալ եմ, խորհուրդների համար նույնպես:
    Պետք է ասեմ, որ զգալի չափով ուսումնասիրել եմ պատմական աղբյուրները, բայց դե քեզ երբեք չեմ հասնի
    20.000 տաղանդ Ծոփքի համար և Տիգրան Մեծ վեպերի մեջ կան ճակատամարտերի նկարագրություններ: Պարզապես ժամանակ է պետք, որ հասնենք:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.02.2011), Moonwalker (14.02.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օսրոենայի երիտասարդ տիրակալ Աբգարը
    Խոսքը վերաբերվում է Աբգար II Արիարմենին (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53):

    Իմ քույր Կլեոպատրան (Միհրդատ Վեցերորդ Եվպատորի աղջիկը և Տիգրան Երկրորդի կինը) քո և Արտավազդի մայրն է և մենք փաստորեն ամենամոտիկ մարդիկ ենք այս սեղանի շուրջ:
    Այս մասին կարծես թե արդեն խոսվել է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (16.02.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը վերաբերվում է Աբգար II Արիարմենին (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53):



    Այս մասին կարծես թե արդեն խոսվել է...
    Օսրոենայի թագավորների հայ կամ հայ չլինելու մասին ինֆորմացիան հաճախ իրարամերժ է: Եկել եմ այն եզրակացության, որ այնուամենայնիվ այս մեկն արաբ է, ինչին սակայն 100 տոկոսով վստահ չեմ:

  14. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.Նորամուծություն թագավորական կյանքում


    Տարաշխարհիկ, վառվռուն և շքեղ փռված էր Անտիոք քաղաքը Օրոնտես գետի հովտում և իր բարձր ու անծայրածիր պարիսպներով, բազմաթիվ և բազմաբնույթ տաճարներով, հանրահայտ արձաններով ու հասարակական կառույցներով, փայլում էր ինչպես եզակի մարգարիտ սիրիական արևի տակ: Մտնելով քաղաքի պարիսպներից ներս, որտեղ հունականից բացի սովորական էին նաև պարսկերեն, արամեերեն, հայերեն և եբրայերեն լեզուներով խոսակցությունները, կարելի էր ներկա գտնվել քաղաքաբնակների ամենօրյա աշխույժ և աղմկոտ եռուզեռին և անձամբ համոզվել` արդյո±ք անտիոքցիներն այդքան անզուսպ և զվարճասեր են, ինչպես միաբերան պնդում էին բոլորը:

    Անտիոքը շրջակա բոլոր ազգերի կուլտուրաների միաձուլման յուրօրինակ կենտրոն էր, շատ հայտնի իր հսկա թատրոնով, որտեղ ամենահայտնի դերասաններ էին խաղում, էլ ավելի հսկա մարզադաշտով, որտեղ Օլիմպիոսից ոչ պակաս հանդիսավորությամբ Օլիմպիական խաղեր էին անցկացվում, և հանրահայտ սյունաշարով, որը կտուրապատ էր, անցնում էր գլխավոր պողոտայի ամբողջ երկայնքով և պատսպարում իրենց առօրյա հոգսերով զբաղված անտիոքցիներին: Գլխավոր պողոտան երկու կողմից կառուցապատված էր մինչև հինգ հարկանի տներով, իսկ կենտրոնում կամարապատ գեղեցիկ խաչմերուկ ուներ, որտեղից էլ հենց սկիզբ էին առնում Անտիոքի բոլոր գլխավոր փողոցները: Անտիոքը նաև խիտ բնակեցված և միևնույն ժամանակ ընդարձակ քաղաք էր, իր հզորությամբ զիջում էր Հռոմին, Ալեքսանդրիային և Սելևկիային միայն: Ունենալով չորս հարյուր հազար բնակչություն այն կազմված էր չորս խոշոր թաղամասերից, որոնցից Դափնեն, քիչ հարավ էր ընկած, և ոչ միայն Անտիոքի, այլ ամբողջ միջին արևելքի շքեղագույն արվարձանն էր հանդիսանում: Ամբողջովին թաղված դափնիների և կիպարիսի ծառերի մեջ Դափնեն հեռվից կանաչ դրախտի էր նմանվում, սակայն դա միայն արտաքնապես էր այդպես: Դափնեի դրախտային մասը, թերևս, Ապոլլոնի, Զևսի, Իսիդայի շքեղ տաճարները կարելի էր համարել: Մնացյալում այն ավելի շատ հաճույքների և զվարճությունների կենտրոն էր: Հենց Դափնեում կատարվող աղմկոտ խնջույքներն էին, որ անտիոքցիներին զվարճասեր և սանձարձակ մարդկանց համբավ էին բերել:

    Դափնե արվարձանում էին գտնվում ամենագեղեցիկ կանանց առանձնատները, զվարճանքի ամենահայտնի կենտրոնները, ամենաշքեղ դղյակները, հյուրանոցներն ու բաղնինքերը: Այստեղ էր և գտնվում Սելևկոս Առաջին Նիկատորի, Անտիոք քաղաքի հիմնադրի պալատը, որտեղ հետագա հարյուրամյակներում իշխում և ժողովուրդների ճակատագրերն էին տնօրինում Սելևկյան հզոր կայսրերը, ավելի ուշ ՙարքայից արքա՚ Տիգրան Մեծը, իսկ այնուհետև, երբ Սիրիան բռնակցվեց Հռոմին և սովորական նահանգի վերածվեց, նաև վերջինիս կուսակալները: Արքայական պալատն ընդարձակ ծաղկազարդ բակ ուներ, շրջապատված էր գեղեցիկ, երկար ծառուղիներով, որտեղ հատուկ սյուների վրա ջահեր էին տեղադրել և այդպիսով գիշերվա ժամերին լուսավոր դարձրել:

    Պալատում խնջույք էր, ճոխ և մարդաշատ խնջույք, սակայն ոչ մեկն այն հանրահայտ անտիոքյան սանձարձակություններից, քանզի տրվում էր մի մարդու կողմից, որն ավանդական ընտանեկան դաստիարակություն էր ստացել իր հայրենի Հռոմում: Ինչպես հավանաբար արդեն գլխի ընկաք խոսքը Մարկոս Լիցինիոս Կրասոսի մասին է:

    Չանդրադառնանք այլևս խնջույքի մանրամասներին, դրան մենք բավականաչափ խոսեցինք նախորդ գլխում, այլ դուրս գանք պատշգամբ, որտեղ կանգնած է դեռատի և գեղեցիկ մի անձնավորություն և երազկոտ հայացքն ուղղել անորոշ կետի: Դա Կապադովկիայի արքայադուստր Սելենեն է, Կապադովկիայի թագավորի միակ դուստրը: Ավելի ճիշտ դա Ալեքսանդրայի աղջիկն էր առաջին ամուսնությունից, երբ նա Ծոփքի թագուհին էր: Ամուսնու մահվանից հետո Ալեքսանդրային ամուսնացրին Կապադովկիայի թագավորի հետ, իսկ վերջինս որդեգրեց նրան և այնքան կապվեց հետը, որ սիրում էր իր մանկահասակ երկու որդիներից ավելի շատ: Արիոբարզանը փոքրուց Սելենեին դաստիարակել էր իբրև իսկական թագուհու, դեռ վաղ տարիքից նրան ներշնչել իր գալիք դերի մասին: Արքայադուստրը պետք է ամուսնանա հարևան երկրի թագավորներից կամ արքայազներից մեկի հետ և քաղաքական դաշինք ապահովի իր պետության համար` սա պետք է լիներ նրա կենսական գերակայությունը: Ցանկալի էր Հայաստանի թագաժառանգ Արտաշեսի հետ, դրանով Արիոբարզանը կամրապնդեր իր ամենաթույլ մասը, արևելքը, բայց քանի դեռ Ծոփքը գտնվում էր Կապադովկիայի տիրապետության տակ, այդ մասին խոսք չէր կարող լինել: Արտավազդը որպես օժիտ կպահանջեր այդ հարուստ թագավորությունը, որն իրավամբ իրենն էր համարում: Բաժանվել այդպիսի հարուստ երկրամասից Արիոբարզանը չէր ցանկանում, ասենք չէր էլ կարող: Հռոմն էր նվիրել այն իրեն, Հռոմն էլ կարող էր տնօրինել նրա ճակատագիրը: Իսկ տալ Ծոփքը Հայաստանին և այդպիսով է°լ ավելի հզորացնել իր արժանապատիվ և վտանգավոր դաշնակցին յոթ բլուրների քաղաքը չէր ցանկանում: Այս ամենն աղջիկը գիտեր շնորհիվ հոր պարզաբանումների:

    Սելենեն հաճախ էր մտածում այն մասին, թե իրեն վերջապես ում հետ կամուսնացնեն, տասնյոթ տարին հասուն տարիք էր աղջկա համար, բայց այսօր նոր մարդիկ էր տեսել և այդ պատճառով առանձնահատուկ հուզմունքով տրվեց երազանքներին: Երանելի հայացքն ուղղելով դեպի հեռուն արքայադուստրը սկսեց պատկերացնել իր հավանական փեսացուներին, որոնք մեկը մյուսի ետևից արագորեն հառնում էին նրա զգայուն երևակայության մեջ ու չքանում նույնքան արագ, որքան հայտնվել էին: Արևմուտքում Գալաթիայի արքայազնն էր, արժանավոր մի երիտասարդ, բայց Գալաթիան նույն կարգավիճակում էր ինչ որ Կապադովկիան, այսինքն Հռոմի վասալն էր, հետևաբար ոչ մի քաղաքական հենարան այդ միությունը չուներ: Հյուսիսում Պոնտոսն էր իր Փառնակ արքայով… Սելենեն միանգամից զզվանքով ետ վանեց իրենից այդ միտքը: Անշուշտ իրեն չեն տա այդ ստոր հայրասպանին: Մնում էին Կոմմագենան և Օսրոենան: Առաջինը բացառվում էր, քանի որ համապատասխան թեկնածու չուներ, իսկ ահա Օսրոենան… Սելենեն հաճույքից շիկնեց, գեղեցիկ մի ժպիտ առաջացավ նրա չքնաղ դեմքին: Աբգարը թագավորում էր դրախտային մի երկրում, և ամենակարևորը` ինչպիսի հայացքներ էր գցում իր վրա, երբ նստած էին սեղանի շուրջ: Մինչ այդ օրը Սելենեն սոսկ հպատակներ ու ծառաներ էր տեսել և բնավ դժվար չէր այս փաստից եզրակացնել, որ Աբգարի շանթարձակ հայացքներն արդեն ունեցել էին իրենց ազդեցությունը: Սիրտը թրթռացնող զգացմունքը դեռևս անծանոթ էր աղջկան, նույնիսկ չէր հասցրել խոստովանել իրեն, բայց արդեն մի փոքր սիրում էր Աբգարին:

    - Օսրոենայի արքա Աբգարը ողջունում է քեզ, ո¯վ արևելքի մարգարիտ:

    Սելենեն հանցանքի վայրում բռնված գողի նման հանկարծակիի եկավ, քանզի այս խոսքերն ասվել էին այն մարդու կողմից, որի մասին այդ պահին մտածում էր: Աղջիկն ամոթից կարմրեց և այնքան շփոթվեց, որ նույնիսկ չպատասխանեց երիտասարդի ողջույնին:

    - Մի±թե քեզ վախեցրի, իմ աչքերի լույս:

    Երիտասարդի առանց նախաբանի սիրաբանությունը վերջնականապես ջլատեց աղջկա ուժերը: Մի±թե այդպես են աղջկան հայտնում սերը: Դեռևս կարգին չեն էլ ծանոթացել, իսկ նա իրեն պահում էր այնպես, ասես հարսանիքը շուտվանից որոշված մի բան էր: Աբգարը զգաց այդ և փորձեց շտկել դրությունը:

    - Ամեն մի հասարակ մարդ,- սկսեց նա բոլորովին ուրիշ տոնով,- երազում է թագավոր դառնալ, սակայն, նա մի առավելություն ունի թագակիր անձի նկատմամբ և բոլորովին չի գիտակցում այդ:

    - Ի±նչ առավելություն կարող է ունենալ հասարակ մարդը թագավորի նկատմամբ,- որոշ դադարից հետո, որն անհրաժեշտ էր ուշքի գալու համար, հարցրեց Սելենեն:

    - Յուրաքանչյուր հողագործ, արհեստավոր կամ զինվոր կարող է անձամբ տնօրինել իր ճակատագիրը:
    Աղջիկը գլխի ընկավ, թե որ կողմ է տանում Աբգարը և շիկնեց:

    - Հասարակ մարդը կարող է ապրել իր հաճույքի համար, ուշադիր շուրջը նայել և սեփական հայեցողությամբ կին ընտրել, մինչդեռ արքան ծնված օրվանից ստրուկ է իր թագին և ամեն քայլը պարտավոր է համաձայնեցնել իր երկրի շահերին: Չկշռված խոսքը, անտեղի ժպիտը կամ չափազանց զայրույթը թանկ կարժենան նրան, բազում հոգսեր ու տհաճություններ կպատճառեն… և նույնիսկ կին նա պարտավոր է ընտրել ըստ պետական շահերի, այլ ոչ սրտի հրամանի:

    - Թագակիր անձը ծնված է կատարելու իր պարտքը աստվածների և հպատակների առաջ և իրավուք չունի տնօրինելու անձնական կյանքը,- պատասխանեց արքայադուստրը:

    Ինչքան էլ որ Աբգարը հուզված էր, այնուամենայնիվ, հասկացավ` աղջիկը կրկնում է հորից լսած պատրաստի խոսքերը:

    - Ես այսօր խախտում եմ այդ օրենքը, Սելե°նե,- շանթարձակ նայելով աղջկա աչքերի մեջ ասաց Աբգարը,- Ես սիրում եմ քեզ և ցանկանում, որ իմը լինես: Կգա±ս ինձ հետ Եդեսիա: Անսպասելիորեն ասված խոսքերը նախկինից էլ ավելի շփոթության մեջ գցեցին աղջկան:

    - Մի±թե այդ ամենը հնարավոր է…

    - Ես ասացի, որ այսօր խախտում եմ բոլոր օրենքները: Միմիայն այդ է պատճառը, որ փոխանակ դիվանագիտորեն դրան հասնելու, առաջինը որոշել եմ քո համաձայնությունը ստանալ: Կգա±ս ինձ հետ Եդեսիա:

    - Ես չգիտեմ, թե ինչ կասի հայրս…

    - Ներիր ինձ շիտակության համար, Սելենե: Ես բոլորովին չեմ ուզում հենց առաջին հանդիպմանը չափից ավելին պահանջել: Կցանկանայի պատերազմ մղել ամբողջ աշխարհի դեմ, բազում թագավորություններ կործանել, անթիվ քաջագործություններ կատարել և նոր արժանանալ քո սիրուն, սակայն պատասխանիր, այնուամենայնիվ, կգա±ս ինձ հետ Եդեսիա:

    - Ես համաձայն եմ,- կմկմաց Սելենեն,- խնդրում եմ միայն սկզբում հորս համաձայնությունը ստանաս:

    - Քո ցանկություններն իմ ցանկություններ են, Սելե°նե, - խանդավառված բացականչեց Աբգարը,- ես իմ կյանքն այսուհետև կնվիրաբերեմ քեզ ծառայելուն: Ասա մի խոսք միայն, և ես շուռ կտամ ամբողջ աշխարհը, պատերազմ կհայտարարեմ Հռոմին և Պարթիաին, առանձին-առանձին և միասին վերցրած, կհրկիզեմ Պոնտոսի և Բոսպորի թագավորությունները, ամբողջ աշխարհը քեզ կնվիրեմ:

    - Ինչի±ս է պետք հրկիզված թագավորությունը,- մեղմ հարցրեց Սելենեն:

    Աբգարը սիրահարվածին հատուկ խանդավառությամբ ծիծաղեց և խոստացավ ոչ մի թագավորություն չհրկիզել: Այնուամենայնիվ Սելենեն զգացված էր ու երջանիկ այն մտքից, որ իր ներշնչած զգացմունքը կարող է ոչ քիչ թվով թագավորությունների կործանման պատճառ դառնալ:

  15. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Օսրոենայի թագավորների հայ կամ հայ չլինելու մասին ինֆորմացիան հաճախ իրարամերժ է: Եկել եմ այն եզրակացության, որ այնուամենայնիվ այս մեկն արաբ է, ինչին սակայն 100 տոկոսով վստահ չեմ:
    Ես միշտ մի բանի վրա եմ զարմանում - այդքան թալանել են մեր պատմությունը, բայց այն դեռևս այնքան հարուստ է, որ շարունակում է լինել հետաքրքիր: Հերթական գողունը` Հայաստանի տարածքում գտնված ու հիմնական հայ հպատակեր ունեցող թագավորությունը համարվել է... ոչ հայկական??!!

    - Քո ցանկություններն իմ ցանկություններ են, Սելե°նե, - խանդավառված բացականչեց Աբգարը,- ես իմ կյանքն այսուհետև կնվիրաբերեմ քեզ ծառայելուն: Ասա մի խոսք միայն, և ես շուռ կտամ ամբողջ աշխարհը, պատերազմ կհայտարարեմ Հռոմին և Պարթիաին, առանձին-առանձին և միասին վերցրած, կհրկիզեմ Պոնտոսի և Բոսպորի թագավորությունները, ամբողջ աշխարհը քեզ կնվիրեմ:
    Սիրահարին... բայց ոչ քաղաքական գործչին հարիր խոսքեր Ի դեպ, այդ ժամանակներում Ծոփքը հաստատ Կապադովկիանին չէր` նրա հիմնական մասը Մեծ Հայքի թագավորության կազմում էր, իսկ փոքրիկ մասը` Կոմագենե և Գավրենե գավառները, պատկանում էին Կոմագենեի թագավորությանը...
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.02.2011, 12:14:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միշտ մի բանի վրա եմ զարմանում - այդքան թալանել են մեր պատմությունը, բայց այն դեռևս այնքան հարուստ է, որ շարունակում է լինել հետաքրքիր: Հերթական գողունը` Հայաստանի տարածքում գտնված ու հիմնական հայ հպատակեր ունեցող թագավորությունը համարվել է... ոչ հայկական??!!



    Սիրահարին... բայց ոչ քաղաքական գործչին հարիր խոսքեր Ի դեպ, այդ ժամանակներում Ծոփքը հաստատ Կապադովկիանին չէր` նրա հիմնական մասը Մեծ Հայքի թագավորության կազմում էր, իսկ փոքրիկ մասը` Կոմագենե և Գավրենե գավառները, պատկանում էին Կոմագենեի թագավորությանը...
    Վեպում Աբգարն ավելի շատ սիրահար է, քան պետական գործիչ
    Ծոփքի թագավորության պատկանելիության մասով այնքան էլ համամիտ չեմ քեզ հետ: Այն Մեծ Հայքի թագավորությանը վերադարձրել է ավելի ուշ, Արտավազդ Երկրորդը:

  17. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէի ուզենա այս թեմայում պատմական վեճ սկսել` ուղղակի այդ պահով վերջին մի դիտարկում առ այն, որ նահանգը կցված էր Մեծ Հայքի թագավորությանը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (15.02.2011)

  19. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորություն 20.000 տաղանդ Ծոփքի համար պատմավեպի ընթերցողներին: Արդեն գա վեպի 1-6 գլուխների խմբագրված տարբերակը: Չնայած 1 -ին և 2 -րդ գլուխներն արդեն կան թեմայում, սրանք ևս տեղադրում եմ խմբագրված տեսքով: Կարող եք տեսնել, թե ինչքան օգտակար գործ է կատարում խմբագիրը:

  20. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Կրասոսը, Փառնակը և մյուսները


    Թե երբ Մարկոս Լիցինիոս Կրասոսը որոշեց կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը, դժվար է ասել: Գուցե դրա մասին երազել էր երիտասարդ տարիներին, երբ Սուլլայի հետ կռվում էր արյունարբու Մարիուսի դեմ, իսկ գուցե հասուն տարիքում էր նման եզրահանգման եկել, երբ վճռական ճակատամարտում հաղթանակ էր տարել Սպարտակի դեմ և փրկել Հռոմն այդ զարհուրելի վտանգից: Ինչևիցե, այսօր Մարկոս Կրասոսը, վաթսուներկուամյա թիկնեղ, բայց վաղուց ճերմակած և նույնիսկ իր տարիքից ծեր երևացող հռոմեացին, որպես Սիրիա նահանգի կուսակալ Անտիոք էր ժամանել և պատրաստվում էր մոտակա ամիսներին խորտակիչ հարված հասցնել պարթևական պետությանը: Դա աշխարհի նվաճման առաջին փուլն էր լինելու: Եթե ասելու լինենք ամբողջ ճշմարտությունը, ապա Կրասոսը ժամանել էր դեռևս անցյալ աշուն, գրավել փյունիկյան և հրեական մի քանի քաղաքներ, մանր ճակատամարտեր շահել պարթևների հետ սկսած պատերազմում և աշխույժ գործունեություն սկսել տեղական վաճառականների հետ: Վրա հասած ցրտերը ստիպեցին քաշվել Անտիոք` ձմեռելու:

    Որոշելով իզուր չկորցնել ժամանակը Կրասոսն ամբողջապես նվիրվեց առևտրին: Թալանված ոսկյա զարդերը վաճառվում էին, նորից գնվում ավելի էժան գնով ու կրկին վաճառվում: Դրանից հետո Կրասոսը մի նոր գործառություն սկսեց: Զորքն ուժեղացնելու պատճառաբանությամբ համընդհանուր զորահավաք հայտարարեց, իսկ երբ հազարավոր միջագետքցիներ ստիպողաբար հռոմեական ճամբար բերվեցին, բոլորին թույլատրվեց փրկագնվել և տուն վերադառնալ: Այն անսպառ եռանդը, որը Կրասոսը դրսևորեց իբրև վաճառական, ինչպես և առևտրական գործարքների հսկա ծավալը, որ կլանել էր շրջակայքի բոլոր վաճառականների ուժերը, շատերի մոտ կասկած առաջացրեց, թե նա մոռացել է ինչի համար է եկել: Սակայն գարնանային մի գեղեցիկ օր նա փոքր-ինչ հագեցավ առևտրական գործունեությունից և հրավիրեց բոլոր դաշնակիցներին: Փառավոր խմջույք կազմակերպեց, որն իր ճոխությամբ ավելի շատ Լուկուլլոսին կվայելեր, քան կծծի Կրասոսին: Գինին հոսում էր ինչպես Եփրատը վարարման ամիսներին, իսկ խորտիկների բազմազանությունը կարող էր զարմացնել ամենացուցամոլ արևելցուն անգամ: Նույնիսկ կուսակալի ամենաոխերիմ թշնամիները ստիպված եղան մի քանի օր լուռ մնալ և այդ ընթացքում ոչ մի անգամ չհիշատակել, թե անհաշիվ հարստություններին ունեցող Կրասոսն աշխարհի ամենաագահ և ամենաժլատ մարդն է:

    Ամեն դեպքում, մի քանի չար լեզուներ գտան այդ չլսված վատնողության պատճառը: Դաշնակից թագավորներից զատ հրավիրված էին արևելքի ամենահարուստ և ամենաճանաչված մարդիկ, իսկ նրանք, ըստ իրենց երկրների սովորության, ճոխ նվերներ կբերեին: Եթե նույնիսկ դա իրոք այդպես էր, ապա ի նպաստ Կրասոսի կարող ենք ասել, որ նրա պալատում հանգրվանած հյուրերը որպես անշահախնդիր բարեկամներ չէին եկել և նույնպես իրենց ակնկալիքներն ունեին: Խնջույքի ժամանակ բազմաթիվ հարցեր պատասխան էին ստանալու: Որոշ թագավորություններ ընդլայնելու էին իրենց տարածքները, մյուսները կորուստներ էին ունենալու: Մի քանի փառասեր իշխաններ իրենց համեստ իշխանական թագերն արքայականի վերածելու հույս էին տածում, իսկ արդեն թագավորական մեծություն ունեցողները փորձելու էին ամրապնդել այն` անակնկալ հարվածով տեղը դնելով ամբարտավան նորելուկներին:

    Դաշնակից պետությունների թագավորներին Կրասոսն առանձին սեղանի շուրջ էր տեղավորել և, ընկերակցելով Ամֆիտրիտե անունով մի տասնութամյա գեղեցկուհու` միացել նրանց: Կրասոսից աջ նստած էր Կոմմագենի թագավոր Անտիոքոսը, ուղիղ ու երկարուկ դիմագծերով բացառիկ մի անձնավորություն, որը Նեմրութ լեռան վրա աստվածների հանրահայտ սրբավայրն էր ստեղծել և իրեն էլ, նրանց հավասար, աստված հայտարարել: Հետո Կապադովկիայի արքա Արիոբարզանն էր, իր երկրում երրորդ միապետն այդ անվամբ: Արիոբարզանը մի քանի ամիս առաջ էր թագադրվել, թավամորուս էր և մսոտ ու արևահարված դեմք ուներ: Կոմմագենի արքան իր կնոջ` Տիգրանուհու հետ էր ժամանել, իսկ Կապադովկիայի թագավորը բացի կնոջից բերել էր նաև դեռատի դստերը: Սրանք հաջորդաբար Ալեքսանդրա և Սելենե անուններն էին կրում:

    Կրասոսից ձախ տեղ էր գտել Օսրոենի երիտասարդ տիրակալ Աբգարը, դեռևս Պոմպեոսի ժամանակներից Հռոմի հավատարիմ դաշնակիցը, որն այժմ էլ, չնայած սեղանի շուրջ նստած էր Կրասոսից ձախ, իրականում նրա աջ ձեռքն էր: Աբգարը համակրելի տղամարդ էր, բարձրահասակ և ամրակազմ, արտաքինից հավասարակշռված էր երևում, բայց իրականում տաքարյուն էր և կռվարար: Թագավորների ցանկը եզրափակում էր Փառնակը` Պոնտոսի, Բոսփորի և Փոքր Հայքի տիրակալը, Միհրդատ Եվպատորի` Հռոմի երդվյալ թշնամու որդին, որը, սակայն, այժմ հավերժական քաղաքի դաշնակիցներից մեկն էր: Փառնակը հիսունն անց էր, գունատ դեմք ուներ, հաշվենկատ և նենգ հայացք, միջահասակ էր ու պնդակազմ: Վերջին սեղանակիցը հրեա վաճառական Սաուլն էր` վաթսունհինգ տարեկան ճարպակալած մի մարդ, ում մազերը ճակատից նոսրացել ու նահանջել էին, իսկ արծվենի քիթն ու լիքը շրթունքները վստահ տեսք էին տալիս նրա կեցվածքին ու որոշակիորեն պարզում, թե ինչպես է այդ չափազանց հարուստ մարդը հաջողացրել խցկվել դաշնակից թագավորների շարքը:

    Կրասոսը բարեհամբույր և ուշադիր էր բոլորի նկատմամբ: Սիրիայի կուսակալը չէր մոռանում հաճոյախոսություններ շռայլել կանանց, իսկ տղամարդկանց երախտագիտություն էր հայտնում` հիշելով մատուցված բազմաթիվ ծառայությունները թե° Հռոմեական կայսրությանը, և թե° անձամբ իրեն: Հյուրերը փոխադարձությամբ էին պատասխանում: Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի: Կրասոսը արքայական թագ չէր կրում, բայց ավելի մեծ իշխանություն ուներ, քան սեղանի շուրջ նստած բոլոր թագավորները միասին: Վերջապես, ինչի± համար են հավաքվել այստեղ: Մի±թե Կրասոսը չէր այն մարդը, որը ողորմածաբար պատիվներ էր շռայլելու, կամ դժգոհ լինելով շնորհազրկելու էր:

    Սակայն, արտաքուստ անհավասարության որևէ նշույլ չկար: Կրասոսը հյուրերին վերաբերվում էր որպես հին բարեկամների, իսկ հյուրերը ձևացնում էին, որ դա, իրոք, այդպես է: Համենայն դեպս, երբ Արիոբարզան Երրորդը կենաց բաժակ բարձրացրեց, հատկապես հավատարիմ դաշնակցի և տարիներով փորձված ընկերոջ տեսք ուներ: Արիոբարզանը իր ժողովրդի անունից խորին երախտագիություն հայտնեց Կրասոսին, զուտ արևելյան ճոխությամբ նկարագրեց Հռոմի նախկին կոնսուլի մի քանի եղած և էլ ավելի շատ հնարած արժանիքները, իսկ վերջում բաժակաճառը հնարամտորեն երդման վերածեց` իր կամքին հլու Կապադովկիան Հռոմի հնազանդ նեցուկ հայտարարելով: Այսքանից հետո պատկառելի կապադովկացին գավաթը դատարկեց է°լ ավելի հանդիսավորությամբ, քան ճառն ինքն էր: Նորին աստվածություն Անտիոքոսի խոսքն ասես իր նախորդի շարունակությունը լիներ: Պարզվեց Կոմմագենն ավելի հավատարիմ պետություն է և, բացի այդ, միակն է բոլորի մեջ, որ ընդունակ է ըստ հարկի գնահատել Կրասոսի ներխուժումն արևելք: Բացահայտվեցին հռոմեացու ևս մի քանի կարևոր արժանիքներ: Դրանց գոյության մասին Կրասոսը, մինչ այդ երեկո, չէր էլ կասկածել: Կապադովկիայի օրինակով Կոմմագենը նույնպես իր բանակն ու գանձարանը հանձնում էր ի տնօրինություն Հռոմի: Բաժակաճառի ավարտին գինին խմվեց ասես ոչ որպես կենացի բնական ավարտ, այլ` ի ցույց բոլորի: Ահա այսպես են խմում բարեկամի կենացը:

  21. #14
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոնտոսի, Բոսփորի և Փոքր Հայքի տիրակալ Փառնակը փորձեց տարբերվել իրենից առաջ խոսք վերցրածներից, սակայն, ըստ էության, անվարժ կրկնեց այն ամենը, ինչ ասել էին նախորդ երկու արքաները: Մինչ այս ամեն ինչ սովորական էր: Կրասոսը գիտեր. երբ արևելյան արքայիկը սեղանի շուրջ խոստանում է տալ իր կյանքը հանուն մեծահզոր տիրակալի, դա ընդամենը նշանակում է` ՙԵս չեմ հարվածի թիկունքիդ, եթե քո բանակը պարթևների երկիր մտնի և պահպանի իր ռազմական հզորությունը՚: Իսկական պայմանավորվածություն ձեռք կբերվեր ավելի ուշ, միմիայն այն բանից հետո, երբ ամեն պետություն հստակ կսակարկեր իր հասանելիքը: Ինչևէ, Փառնակից հետո խոսք վերցրեց Աբգարը, որը երևի միակ անկեղծ մարդն էր սեղանի շուրջը: Չփայլեց երեսուներեքամյա տիրակալն իր բաժակաճառով: Իսկ պատճառը սաստիկ հուզմունքն էր, որ պատել էր նրան այն պահից, երբ առաջին անգամ տեսավ Կապադովկիայի արքայադստերը: Աբգարը խոսեց մի մարդու պես, որը չի էլ մտածում թե ինչ է խոսում, իսկ խոսքը եզրափակեց` ափսոսանք հայտնելով Արտավազդի` Հայաստանի թագավորի բացակայության առթիվ, ում ներկայությունը, եթե նույնիսկ ցանկալի էր, ոչ մի կերպ չէր կապվում ասվածի հետ: Կրասոսը բնավ չվիրավորվեց նրանից: Լինելով իր ժամանակի լավագույն հռետորներից մեկը` ներողամիտ էր վերաբերվում այդպիսի տաղանդազուրկ մարդկանց: Բացի այդ, Աբգարը նրա ամենամերձավոր բարեկամն էր և բաժակաճառի տեսքով չէ, որ պետք է օգնության գար իրեն: Չնայած դրան, խոսակցությունը կտրուկ փոխեց իր կերպը, և դա կատարվեց այնքան արագ, որ նույնիսկ Կրասոսին թույլ չտվեց պատասխան շնորհակալություն հայտնել:

    Փառնակը, որը բաժակաճառի ժամանակ չէր կարողացել արտահայտել մտքերն այնպես, ինչպես ինքը կուզենար, մի տեսակ անբավարարվածություն էր զգում: Տեսնելով, թե ինչպես հայտնվեց մեկը, որն իրենից հետ մնաց, Պոնտոսի թագավորը չվարանեց կծու մի խոսքով էլ ավելի շփոթեցնել երիտասարդին և ուրիշին սևացնելու գնով ի չիք դարձնել այն թյուր կարծիքը, որն, իր գնահատմամբ, մինչ այդ ստեղծվել էր:

    - Արտավազդն իր մայրաքաղաքում նստած` ողբերգություններ է գրում, սիրելի° Աբգար, և այսօրվա հանդիսության հետ ոչ մի առնչություն չունի,- ասաց նա:
    Մինչ Օսրոենի արքան կհավաքեր մտքերը, որպեսզի իր նման քաջին վայել պատասխան տա, Փառնակը հարված ստացավ բոլորովին այլ կողմից: Կոմմագենի թագուհի Տիգրանուհին` Արտավազդի հարազատ քույրը, հետևաբար` Տիգրան Երկրորդի աղջիկը և Փառնակի քրոջ դուստրը, Աբգարին հասցված հարվածից բացի, որը նենգ պոնտացին քողարկել էր շինծու բարեհոգությամբ, տեսավ մի այլ վիրավորանք` հասցված իր եղբորը:

    - Արտավազդ արքան, իրոք, ողբերգություն է գրում, սիրելի° մորեղբայր,- պատասխանեց նա,- կարող եմ նույնիսկ ասել, թե ինչի մասին:
    Փառնակը շրջվեց: Իր կյանքի չորրորդ տասնամյակը մտած թագուհուն դեռ կարելի էր գեղեցկուհի համարել: Բազմաթիվ ծննդաբերություններն ամենևին չէին փչացրել Տիգրանուհու գեղանի իրանը, որը տարիքի հետ լցվելով` մի նոր հմայք էր ստացել: Դրան կարելի էր ավելացնել ձյունաճերմակ մաշկը, ձյութի նման սև մազերը, մանկամարդ դեմքը, փոքր-ինչ կամարաձև հոնքերը և նրանց տակից բարձր արժանապատվությամբ փայլող աշխույժ աչքերը: Այս ամենը Փառնակին ներկայացան մի ակնթարթում, և նա բարեհոգի ժպտացող կնոջ հայացքի տակ լրջորեն նետված մարտահրավեր տեսավ: Տիգրանուհու արտահայտիչ աչքերը (Փառնակը նոր նկատեց), աննկարագրելի նման էին նրա հոր` Տիգրանի սարսափազդու աչքերին, որ Պոնտոսի այն ժամանակվա արքայազնը տեսել էր պալատական ընդունելություններից մեկի ժամանակ և շատ էր ազդվել էր: Ինչքա¯ն էր հետո հայելու առաջ փորձել այդպիսի հայացքով նայել ու չէր սովորել: Չէ°, Տիգրանի աղջկանից, ինչպես մի ժամանակ Տիգրանից, չի կարելի լավ բան սպասել:

    - Մեծ Հայքի արքա Արտավազդը մեր ժամանակի լավագույն ողբերգակն է, սիրելի Տիգրանուհի,- փորձելով շահել անսպասելի հայտնված հակառակորդի համակրանքն` ասաց Փառնակը,- սակայն ստիպված եմ խնդրել, որ այլ անգամվա հետաձգես պատմությունդ:

    - Չմոռանանք նաև, որ այսօր հավաքվել ենք…, - այն է, ուզում էր սկսել նորին աստվածություն Անտիոքոս արքան, որն այնքան լավ էր ճանաչում սեփական կնոջը:

    - Իսկ ես, այնուամենայնիվ, կասեմ,- ամուսնուն կոպիտ ընդհատեց Տիգրանուհին և ուղիղ նայելով Փառնակի աչքերի մեջ` շարունակեց:- Դա, իրոք, ողբերգություն է, սիրելի մորեղբա°յր: Գործողությունները ծավալվում են Մեծ Հայքից հյուսիս կամ հյուսիս-արևելք գտնվող թագավորություններից մեկում: Տեղի արքան` տաղանդավոր մի տիրակալ, բուռն իրադարձություններով հարուստ կյանք է ապրում: Ճաշակում է թե° հաջողությունների բերկրանքը, թե° դժբախտությունների դառնությունը: Իր կյանքի վերջում թշնամիների կողմից հալածված արքան ապաստան է խնդրում որդուց, իսկ նա դավաճանաբար դաշինք է կնքում հոր թշնամիների հետ և ստիպում ինքնասպան լինել, որպեսզի տիրանա նրա թագավորությանը:

    Բոլորը հասկացան այն, ինչ ավելին էր, քան ակնարկը: Անտիոքոսը լարեց ուշադրությունը, որպեսզի հարկ եղած դեպքում պաշտպանի իր ահեղ ու սիրելի կնոջը, Արիոբարզանը հայացքը վեր հառեց և սկսեց ուսումնասիրել առաստաղի զարդանախշերը, Կրասոսն անսպասելիորեն ինչ-որ բան հիշեց և շրջվեց ստրուկներին հրաման տալու, վաճառական Սաուլը սկսեց շտկել գոտկատեղին ամրացված դրամապանակը, իսկ գեղեցկուհի Ամֆիտրիտեն համեստորեն խոնարհեց գլուխը: Միակ անտեղյակն արքայադուստր Սելենեն էր: Նրան էլ մայրը բացատրեց` արագ-արագ ականջին փսփսալով. ՙՓառնակը սրանից մոտ տասև տարի առաջ իր հայր Միհրդատին ստիպել է ինքնասպանություն գործել, ապա թագադրվել է որպես Բոսփորի, Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր՚:

    Փառնակն անսպասելիությունից ճերմակեց, ապա զայրույթից կաս-կարմիր կտրեց: Պարզվում է` մարդկանց հիշողությունն անսահման երկար է: Սակայն նրանք բնավ նեղություն չեն տա իրենց հիշելու, թե ինչպիսի պայմաններում դա կատարվեց: Եթե լսես իրեն կորցրած այս լկտի կնոջը, որը ոչինչ չի գիտակցում, բացի իր` Տիգրան Մեծի դուստրը լինելուց, և, պարզվում է, այլ բանի մասին չի էլ մտածում, բացի իր եղբոր փառասիրությունը պաշտպանելուց, ապա կարելի է ենթադրել, որ իր հայր Միհրդատը մի անկեղծ և զավակների հանդեպ հայրական սիրով տոգորված մարդ էր, իսկ ինքը` երախտամոռ հայրասպան: Փառնակը մտաբերեց իր ընտանիքի պատմությունը: Միհրդատի մայրը սպանել է ամուսնուն` Միհրդատի հորը և տիրացել Պոնտոսի գահին: Հետո փորձել է այն աշխարհ ուղարկել Միհրդատին: Միհրդատը խույս է տվել փախչելով, ապա վերադառնալով` վրեժ էր լուծել` սպանելով իր մորը: Հետո Միհրդատը սպանել է իր կնոջը, որը նաև իր քույրն էր: Ավելի ուշ թունավորել է իր որդի Արիարաթին` Փառնակի հարազատ եղբորը: Իսկ ո±ւմ էր պատկանում Բոսպորի թագավորությունը, մինչ Միհրդատ արքան իր թագավորությունը կորցնելուց հետո տիրացավ նրան: Որտե±ղ էր այդ տաղանդավոր միապետը, երբ եղբայրներով իրար էին կոտորում նույն այդ Բոսփորի համար: Գուցե ուրիշ պետություններում զբաղված էր բանսարկություններո±վ: Ինչ կա, ուրեմն, զարմանալու, որ այդպիսի ճակատագրի արժանացավ: Փառնակը հանկարծ գիտակցեց, որ Տիգրանուհին շատ լավ գիտի այս ամենի մասին: Սա, թերևս, կարելի է որպես Հայաստանի պատասխան որակավորել, որի տիրակալի մասին չի կարելի խոսել իբրև սովորական ողբերգակի, քանի հարյուր անգամ չես նշել նրա ՙարքայից արքա՚ լինելը: Ինչ արած: Սխալն իրենն էր: Հարկավոր էր ուղղել: Փառնակն ուժերի գերագույն լարումով տիրապետեց իրեն և կրկին դեմքին նույն սիրալիր արտահայտությունը տվեց:

    - Սիրելի° զարմուհի, իմ քույր Կլեոպատրան քո և Արտավազդի մայրն է, ու մենք փաստորեն ամենահարազատ մարդիկ ենք այս սեղանի շուրջ: Այն, ինչ ասացի Հայաստանի թագավորի մասին, փաստորեն ճիշտ չհասկացվեց քո կողմից. ես հո նրա թշնամին չե±մ: Կարծում էի` ազգական լինելու հանգամանքը թույլ է տալիս ինձ մի փոքր ազատ արտահայտվել, սակայն տեսնում եմ, որ սխալվել եմ: Եվ իրոք, արքայական մեծությունն ավելի առաջնային է ազգակցականից: Սրանով չեմ ավարտում: Կոնսուլի պատասխանից հետո դեռ կասեմ իմ խոսքը ՙարքայից արքա՚ Արտավազդի մասին:

    Մինչ Տիգրանուհին մտածում էր, թե ցանկացած օտար ավելի լավ է Փառնակի նման ազգականից, նա հարգալից հետ քաշվեց: Վերջապես խոսելու հերթը հասավ Կրասոսին: Սիրիայի կուսակալը ոտքի կանգնեց և շնորհակալական խոսք ասելով` ցուցադրեց իր ողջ հռետորական տաղանդը:

    Մոտ մեկ ժամ հյուրերը կերան ու խմեցին: Կրասոսը կարողանում էր լավ տանտեր լինել, երբ ուզում էր: Հունաստանից հրավիրված երաժիշտներն ու պարուհիները նվագեցին ու պարեցին, իսկ դերասանները հատվածներ արտասանեցին Եվրիպիդե ՙԲաքոսուհիներ՚ և Արտավազդի ՙԱնահիտ աստվածուհի՚ ստեղծագործություններից: Երեկույթի պաշտոնական մասը մոտենում էր ավարտին: Գալիս էր այն պահը, որի համար, ըստ էության, հավաքվել էին: Մաքուր օդ շնչելու պատրվակով հյուրերը դուրս եկան: Կրասոսը մտավ իր առանձնասենյակը: Մերթընդմերթ նրա մոտ էր մտնում այս կամ այն հյուրը: Հյուրերն իրար մեջ էլ խոսում էին: Կանանց եռյակը զբաղված էր բամբասանքների քննարկմամբ, Կապադովկիայի և Կոմմագենայի արքաները վիճում էին սահմանամերձ մի խնդրի շուրջ, Փառնակը Սաուլի հետ Կրասոսի առանձնասենյակ էր մտել, իսկ Աբգարը վերջապես հաջողացրել էր առանձնանալ Սելենեի հետ:

  22. #15
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Նորամուծություն թագավորական կյանքում


    Տարաշխարհիկ, վառվռուն ու շքեղ փռված էր Անտիոք քաղաքը Օրոնտես գետի հովտում և իր բարձր ու անծայրածիր պարիսպներով, բազմաթիվ ու բազմաբնույթ տաճարներով, հանրահայտ արձաններով ու հասարակական կառույցներով շողում էր ինչպես եզակի մարգարիտ սիրիական արևի տակ: Մտնելով քաղաքի պարիսպներից ներս, որտեղ հունարենից բացի սովորական էր նաև պարսկերեն, արամեերեն, հայերեն և եբրայերեն խոսքը, կարելի էր ներկա գտնվել քաղաքաբնակների ամենօրյա աշխույժ և աղմկոտ եռուզեռին և անձամբ համոզվել` արդյո±ք անտիոքցիներն այդքան անզուսպ և զվարճասեր են, ինչպես միաբերան պնդում էին բոլորը:

    Անտիոքը շրջակա բոլոր ազգերի մշակույթների միաձուլման յուրօրինակ կենտրոն էր, հանրահայտ` իր հսկա թատրոնով, որտեղ ամենահայտնի դերասաններ էին խաղում, էլ ավելի հսկա մարզադաշտով, որտեղ Օլիմպիոսից ոչ պակաս հանդիսավորությամբ Օլիմպիական խաղեր էին անցկացվում, և հանրահայտ սյունաշարով, որը կտուրապատ էր, անցնում էր գլխավոր պողոտայի ամբողջ երկայնքով և պատսպարում իրենց առօրյա հոգսերով զբաղված անտիոքցիներին: Գլխավոր պողոտան երկու կողմից կառուցապատված էր մինչև հինգ հարկանի տներով, իսկ կենտրոնում կամարապատ գեղեցիկ խաչմերուկ ուներ, որտեղից էլ հենց սկիզբ էին առնում Անտիոքի բոլոր գլխավոր փողոցները: Անտիոքը նաև խիտ բնակեցված և միևնույն ժամանակ ընդարձակ քաղաք էր, իր հզորությամբ զիջում էր Հռոմին, Ալեքսանդրիային և Սելևկիային միայն: Ունենալով չորս հարյուր հազար բնակչություն` կազմված էր չորս խոշոր թաղամասերից, որոնցից Դափնեն քիչ հարավ էր ընկած, և ոչ միայն Անտիոքի, այլ ամբողջ միջին արևելքի շքեղագույն արվարձանն էր: Ամբողջովին թաղված դափնիների և կիպարիսի ծառերի մեջ` Դափնեն հեռվից կանաչ դրախտի էր նման, բայց` միայն արտաքուստ: Դափնեի դրախտային մասը, թերևս, Ապոլլոնի, Զևսի, Իսիդայի շքեղ տաճարները կարելի էր համարել:

    Մնացյալում այն ավելի շատ հաճույքների և զվարճությունների կենտրոն էր: Հենց Դափնեի աղմկոտ խնջույքներն էին անտիոքցիներին զվարճասեր և սանձարձակ մարդկանց համբավ բերել: Դափնե արվարձանում էին ամենագեղեցիկ կանանց առանձնատները, զվարճանքի ամենահայտնի կենտրոնները, ամենաշքեղ դղյակները, հյուրանոցներն ու բաղնիքերը: Այստեղ էր նաև Սելևկոս Առաջին Նիկատորի, Անտիոք քաղաքի հիմնադրի պալատը, որտեղ հետագա հարյուրամյակներում իշխում և ժողովուրդների ճակատագրերն էին տնօրինում Սելևկյան հզոր կայսրերը, ավելի ուշ` ՙարքայից արքա՚ Տիգրան Մեծը, իսկ հետո, երբ Սիրիան բռնակցվեց Հռոմին և սովորական նահանգի վերածվեց, նաև վերջինիս կուսակալները: Արքայական պալատն ընդարձակ ծաղկազարդ բակ ուներ, շրջապատված էր գեղեցիկ, երկար ծառուղիներով, որտեղ գիշերային ժամերն էլ լուսավոր էին հատուկ սյուների վրա տեղադրված ջահերի շնորհիվ:

    Պալատում խնջույք էր, ճոխ ու մարդաշատ խնջույք, սակայն ոչ հանրահայտ անտիոքյան սանձարձակություններից, քանզի տրվում էր մի մարդու կողմից, որն ավանդական ընտանեկան դաստիարակություն էր ստացել հայրենի Հռոմում: Հավանաբար արդեն գլխի ընկաք, որ խոսքը Մարկոս Լիցինիոս Կրասոսի մասին է:

    Չանդրադառնանք այլևս խնջույքի մանրամասներին, դրամասին բավականաչափ խոսեցինք նախորդ գլխում, այլ դուրս գանք պատշգամբ, որտեղ կանգնած է դեռատի և գեղեցիկ մի անձնավորություն` երազկոտ հայացքն ուղղած անորոշ մի կետի: Կապադովկիայի արքայադուստր Սելենեն էր, Կապադովկիայի թագավորի միակ դուստրը: Ավելի ճիշտ, Ալեքսանդրայի աղջիկն էր առաջին ամուսնությունից, երբ նա Ծոփքի թագուհին էր: Ամուսնու մահվանից հետո Ալեքսանդրային ամուսնացրին Կապադովկիայի թագավորի հետ, իսկ սա որդեգրեց նրան և այնքան կապվեց հետը, որ սիրում էր իր մանկահասակ երկու որդիներից ավելի: Արիոբարզանը մանկուց Սելենեին դաստիարակել էր իբրև իսկական թագուհու, դեռ վաղ տարիքից նրան ներշնչել իր գալիք դերը: Արքայադուստրը պետք է ամուսնանա հարևան երկրի թագավորներից կամ արքայազններից մեկի հետ և քաղաքական դաշինք ապահովի իր պետության համար. սա պետք է լիներ նրա կենսական գերակայությունը: Ցանկալի էր` Հայաստանի թագաժառանգ Արտաշեսի հետ, դրանով Արիոբարզանը կամրապնդեր իր ամենաթույլ կողմը` արևելքը, բայց քանի դեռ Ծոփքը Կապադովկիայի տիրապետության տակ էր, այդ մասին խոսք լինել չէր կարող: Արտավազդը որպես օժիտ կպահանջեր այդ հարուստ թագավորությունը, որն իրավամբ իրենն էր համարում: Բաժանվել այդպիսի հարուստ երկրամասից Արիոբարզանը չէր ցանկանում, ասենք` չէր էլ կարող: Հռոմն էր նվիրել այն իրեն, Հռոմն էլ կարող էր տնօրինել նրա ճակատագիրը: Իսկ տալ Ծոփքը Հայաստանին և այդպիսով է°լ ավելի հզորացնել իր արժանապատիվ և վտանգավոր դաշնակցին` յոթ բլուրների քաղաքը չէր ցանկանում: Այս ամենն աղջիկը գիտեր շնորհիվ հոր բացատրությունների:

    Սելենեն հաճախ էր մտածում այն մասին, թե իրեն վերջապես ում հետ կամուսնացնեն, տասնյոթ տարին հասուն տարիք էր աղջկա համար, բայց այսօր նոր մարդիկ էր տեսել և այդ պատճառով առանձնահատուկ հուզմունքով տրվեց երազանքներին: Երանությամբ լի հայացքն ուղղելով հեռուն` արքայադուստրը սկսեց պատկերացնել իր հավանական փեսացուներին, որոնք մեկը մյուսի ետևից հառնում էին նրա զգայուն երևակայության մեջ ու չքանում նույնքան արագ, որքան հայտնվել էին: Արևմուտքում Գալաթիայի արքայազնն էր, արժանավոր մի երիտասարդ, բայց Գալաթիան նույն կարգավիճակում էր, ինչ Կապադովկիան, այսինքն Հռոմի վասալն էր, հետևաբար ոչ մի քաղաքական հենարան այդ միությունը չուներ: Հյուսիսում Պոնտոսն էր` Փառնակ արքայով… Սելենեն միանգամից զզվանքով վանեց այդ միտքը: Անշուշտ իրեն չեն տա այդ ստոր հայրասպանին: Մնում էին Կոմմագենն ու Օսրոենը: Առաջինը բացառվում էր, քանի որ համապատասխան թեկնածու չուներ, իսկ ահա Օսրոենը… Սելենեն հաճույքից շիկնեց, գեղեցիկ մի ժպիտ ծաղկեց չքնաղ դեմքին: Աբգարը թագավորում էր դրախտային մի երկրում, և ամենակարևորը` ի¯նչ հայացքներ էր գցում իր վրա, երբ նստած էին սեղանի շուրջ: Մինչ այդ օրը Սելենեն սոսկ հպատակներ ու ծառաներ էր տեսել և բնավ դժվար չէր եզրակացնել, որ Աբգարի շանթարձակ հայացքներն արդեն ունեցել էին իրենց ազդեցությունը: Սիրտը թրթռացնող զգացմունքը դեռ անծանոթ էր աղջկան, նույնիսկ չէր հասցրել խոստովանել իրեն, բայց արդեն մի փոքր սիրում էր Աբգարին:

    - Օսրոենի արքա Աբգարը ողջունում է քեզ, ո¯վ արևելքի մարգարիտ:

    Սելենեն հանցանքի վայրում բռնվածի նման հանկարծակիի եկավ, քանզի այդ խոսքերն ասել էր այն մարդը, ում մասին այդ պահին մտածում էր: Աղջիկն ամոթից կարմրեց և այնպես շփոթվեց, որ նույնիսկ չպատասխանեց երիտասարդի ողջույնին:

    - Մի±թե քեզ վախեցրի, իմ աչքերի լույս:

    Երիտասարդի առանց նախաբանի սիրաբանությունը վերջնականապես ջլատեց աղջկան: Մի±թե այդպես են հայտնում սերը: Դեռ կարգին չեն էլ ծանոթացել, իսկ նա իրեն պահում էր այնպես, ասես հարսանիքը վաղուց որոշված մի բան էր: Աբգարը զգաց դա ու փորձեց շտկել դրությունը:

    - Ամեն մի հասարակ մարդ,- սկսեց նա միանգամայն այլ տոնով,- երազում է թագավոր դառնալ, բայց նա մի առավելություն ունի թագակիր անձի նկատմամբ և դա բոլորովին չի գիտակցում:

    - Ի±նչ առավելություն կարող է ունենալ հասարակ մարդը թագավորի հանդեպ,- որոշ դադարից հետո, որն անհրաժեշտ էր ուշքի գալու համար, հարցրեց Սելենեն:

    - Ամեն մի հողագործ, արհեստավոր կամ զինվոր կարող է անձամբ տնօրինել իր ճակատագիրը:

    Աղջիկը գլխի ընկավ, թե ուր է տանում Աբգարը, և շիկնեց:

    - Հասարակ մարդը կարող է ապրել իր հաճույքի համար, ուշադիր շուրջը նայել և սեփական հայեցողությամբ կին ընտրել, մինչդեռ արքան ծնված օրվանից ստրուկն է իր թագի և ամեն քայլը պարտավոր է համաձայնեցնել իր երկրի շահերին: Չկշռված խոսքը, անտեղի ժպիտը կամ չափազանց զայրույթը թանկ կարժենան նրան, բազում հոգսեր ու տհաճություններ կպատճառեն… և նույնիսկ կին պարտավոր է ընտրել ըստ պետական շահերի, այլ ոչ սրտի հրամանով:

    - Թագակիր անձը ծնված է կատարելու իր պարտքը աստվածների և հպատակների առաջ և իրավուք չունի տնօրինելու անձնական կյանքը,- պատասխանեց արքայադուստրը:

    Որքան էլ Աբգարը հուզված էր, այնուամենայնիվ, հասկացավ` աղջիկը կրկնում է հորից լսած պատրաստի խոսքերը:

    - Ես այսօր խախտում եմ այդ օրենքը, Սելե°նե,- շանթարձակ նայելով աղջկա աչքերի մեջ` ասաց Աբգարը,- Ես սիրում եմ քեզ և ցանկանում, որ իմը լինես: Կգա±ս ինձ հետ Եդեսիա:

    Անսպասելի խոսքերը նախկինից ավելի շփոթության մեջ գցեցին աղջկան:
    - Մի±թե դա հնարավոր է…

    - Ես ասացի, որ այսօր խախտում եմ բոլոր օրենքները: Միմիայն այդ է պատճառը, որ փոխանակ դիվանագիտորեն դրան հասնելու, առաջինը որոշել եմ քո համաձայնությունը ստանալ: Կգա±ս ինձ հետ Եդեսիա:

    - Ես չգիտեմ, թե ինչ կասի հայրս…

    - Ներիր ինձ շիտակության համար, Սելե°նե: Բնավ չեմ ուզում հենց առաջին հանդիպմանը չափից ավելին պահանջել: Կցանկանայի պատերազմ մղել ամբողջ աշխարհի դեմ, բազում թագավորություններ կործանել, անթիվ քաջագործություններ կատարել և նոր արժանանալ քո սիրուն, սակայն պատասխանիր, այնուամենայնիվ, կգա±ս ինձ հետ Եդեսիա:

    - Ես համաձայն եմ,- կմկմաց Սելենեն,- խնդրում եմ միայն նախ հորս համաձայնությունը ստանաս:

    - Քո ցանկություններն իմ ցանկություններ են, Սելե°նե, - խանդավառ բացականչեց Աբգարը,- ես իմ կյանքն այսուհետև կնվիրաբերեմ քեզ ծառայելուն: Ասա մի խոսք միայն, և ես շուռ կտամ ամբողջ աշխարհը, պատերազմ կհայտարարեմ Հռոմին և Պարթիաին, առանձին-առանձին և միասին, կհրկիզեմ Պոնտոսի և Բոսպորի թագավորությունները, ամբողջ աշխարհը քեզ կնվիրեմ:

    - Ինչի±ս է պետք հրկիզված թագավորությունը,- մեղմ հարցրեց Սելենեն:
    Աբգարը սիրահարվածին հատուկ խանդավառությամբ ծիծաղեց և խոստացավ ոչ մի թագավորություն չհրկիզել: Այնուամենայնիվ, Սելենեն զգացված էր ու երջանիկ այն մտքից, որ իր ներշնչած զգացմունքը կարող է թագավորությունների կործանման պատճառ դառնալ:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  2. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  3. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  4. Արձակ. Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.04.2011, 11:06
  5. Արձակ. Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 07.11.2010, 09:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •