Արևը
Լուսնի աչքերից կախված է արծաթե ծանրություն`
Կաթիլային, եթերային, հուշող…
Մի ուրիշ հարստություն խլվեց նրանից,
Դու նույնպես ետ չես գա, ինչպես…նա…
Երկուսը`
Ցերեկային, գիշերային, փայլող…
Մեկն անաղմուկ, անխոնջ, խիզախ,
Մեկն`անզգույշ, համառ…
Անհամատեղ, բայց լույս…երկուսն էլ…
Հիմա խամրեց, մարեց Արևն այն,
Իսկ Լուսինը լույս մուրալու միշտ ենթակա,
Սովորում է, դեռ փնտրում է լույս գտնելու
Ու լույս տալու դժվարությամբ հաղթանակը…
Սիրում էինք, նստում էինք մայրամուտին…
Երբ ծտերը երկինք - տետրում իրենց մարմնով խզբզում էին,
Որդիդ ասաց. «Մա՛մ, Լուսոյի ձեռքից բռնի՛, ելեք երկի՜նք,
Տե՛ս, ոչ դու կաս, ոչ ինքն էնտեղ…»…
Ու ժպտացինք. համեստ, սիրուն, գերո՜ղ…
Ինչե՜ր ասես չեղան այդօրվա ժպիտների
Ու այսօրվա արտասուքի միջև…
Մենակ թողեցիր ինձ`թույլ, անօգնական,
Դու հեռացար, քեզ հետ տարար… մի ուրիշ լույս ինձնից խլվեց,
Դու բացեցիր, այն ընթացքի մեր վերքերը…
Բայց կարող եմ կոտրած սրտով էլի լույս տալ,
Թե սիրում եմ լույս սիրողին:
Ակնարկում եմ`
Սիրե՛ք լույսը, հիշե՛ք Արևին,
Որ Լուսնի նվազ լույսը հերիքի…
02.11.10
***
ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Էջանիշներ