Մանիկ տատը դարակներից սկսեց հերթով ինչ-որ թղթե փոքր փաթեթներ հանել, դրանց միջից ինչ- որ գորշ նյութեր էր քիչ-քիչ լցնում մի ամանի մեջ ու փաթեթները խնամքով նորից տեղը դնելով` ամանի մեջ եղածը տրորում հավանգով, որից հետո էլ մի քանի կաթիլ մեղրանման թանձր հեղուկ ավելացրեց: Մի քանի րոպե էլ տրորելով ամանի համասեռ գորշ զանգվածը տեղափոխեց գդալի մեջ ու մեկնելով ինձ ասաց.
- Կո’ւլ տուր:
- Սա ի՞նչ է:
- Աչքերիդ կապը արձակող ճար:
- Թմրանյութ է հա՞, Մանի՛կ տատ: Քո հալյուցինոգեն սնկերից ու խոտերից սարքած խառնուրդը որ ուտեմ, կարո՞ղ է աչքիս առաջ սատանա ու հրեշտակ էլ տեսնեմ:
- Հիմա խոսելո՞ւ ես, թե՞ ուտելու:
Գդալը վերցրի ձեռքս ու իսկապես չգիտեի ինչ անել: “Գուցե ես թունավորվեմ սրանից կամ ինձ վատ զգամ”,- մտածեցի ես:
- Քեզ բան էլ չի պատահի սրանից, - ասաց մանիկ տատը, - Դու ինձ հանդիպած միակ մարդն ես, որին չեմ կարողացել քնեցնել ճակատին տալով: Դու յուրահատուկ ես: Ներսդ դեռ փակ ա աշխարհի չար ու բարի ազդեցություններից: Միայն ինքդ կարող ես բացել ներսդ, ու դա ուշ, թե շուտ կպատահի, բայց լավ կլինի, որ քեզ օգնեմ էդ հարցում: Որ կարողանաս տարբերել չարն ու բարին, որ բացվես բարու առաջ ու պաշտպանվես չարից: Քեզ հիմա ոչ մի անեծք կամ օրհնանք չի կարող շեղի ուղուցդ: Դու էն յուրահատուկ մարդկանցից ես, ով կարողանում է ինքն իր ճակատագիրը գրի, իսկ գդալի վրայի եղածը քեզ միայն հնարավորություն կտա ընտրություն կատարել` բացե՞լ ներսդ, թե՞ փակ պահել մինչ ի մահ:
Չնայած ես ինձ համարում էի ծայրահեղ ռեալիստ մարդ, բայց Մանիկ տատի բառերը վրաս ազդեցություն թողեցին, ու գդալի վրայի մածուցիկ զանգվածը դրեցի բերանս: Քախցր, բայց միաժամանակ լեղու պես դառը մածուկը կուլ տվեցի: Համը ե’վ տհաճ էր, և’ հաճելի: Քաղցրությունը հետզհետե լուծվեց ու կորավ բերանումս, իսկ դառնությունը գնալով ավելի էր ուժեղանում: Սրտխառնոց սկսվեց: Մի պահ նույնիսկ թեթև գլխապտույտ զգացի, բայց մի քանի վայրկյան անց դա էլ անցավ: Ես նստած էի Մանիկ տատի դիմաց ու սպսում էի, որ հիմա ինչ որ բան է պատահելու ինձ հետ:
- Ջուր տա՞մ, - հարցրեց Մանիկ տատը
- Հա՛: Եթե դժվար չի:
Մանիկ տատը դուրս եկավ ու մի րոպեից վերադարձավ ձեռքին փոքր սկուտեղ, որի վրա ջրով մի շիշ կար ու երկու միանման ապակե բաժակներ: Սկոտեղը դրեց սեղանին, բաժակների մեջ ջուր լցրեց ու երկուսն էլ մոտեցնելով ինձ` հարցրեց.
- Որո՞վ ես ուզում խմել:
- Ի՞նչ տարբերություն:
- Տարբերությունը դու տես
Ես սկսեցի նայել բաժակներին: Երկուսն էլ միանման էին, մաքուր, ջուրը նույն շշից էր լցված: Փորձեցի ավելի մոտիկից ուշադիր նայել: Ոչ մի տարբերություն էլ չտեսա:
- Իսկ տարբերություն հաստատ կա՞, Մանի’կ տատ, - շարունակելով նայել` հարցրեցի ես:
- Հա՛, կա: Հետն էլ մեծ տարբերություն: Բաժակներից մեկի հատակին ներսից անգույն թույն կա քսված, որը արդեն լուծվել ա ջրում, իսկ մյուսը սովորական ջուր ա: Իսկ հիմա փորձի այդքան մոտիկից ուսումնասիրելու փոխարեն գնալ սենյակի ծայրը ու այնտեղից նայել:
Այդպես էլ արեցի: Գնացի սենյակի ծայրը ու սկսեցի նայել: Բաժակներից մեկը ավելի մուգ էր, քան մյուսը: Դա էլ երևի լույսի դիրքից էր: Երբ այդ մասին բարձրաձայն ասացի, Մանիկ տատը բաժակները փոխեց տեղերով: Ոչ, դիրքից չէր, ու բաժակներից մեկի պարունակության մգությունը հիմա արդեն բացահայտ տեսնում էի:
- Շուրջդ նայի՛ր,- ասաց Մանիկ տատը:
Սկսեցի նայել դիմացս դրված պահարանի բազմաթիվ համարակալված ու նշագրված դարակներին: Դարակները կարծես տարբեր գույների լինեին, բայց ես լավ հիշում եմ, որ երբ ներս մտա սենյակ, դրանք բոլորն էլ միանման էին` սովորական շագանակագույն միանման փայտից, իսկ հիմա կարմիր, կանաչ, դեղին, կապույտ երանգներ ունեին: Նայեցի Մանիկ տատին: Նա էլ էր անսովոր լուսավոր շերտով պատված: Մի ակնթարթում սկսեցի աշխարհը այլ կերպ տեսնել: Ամեն ինչ լույս էր արձակում: Մանիկ տատը վեր կացավ ու անջատեց լուսամփոփը: Մթության մեջ ես առարկաները չէի տեսնում, բայց դրա փոխարեն տարբերում էի դրանցից ճառագվող լույսը:
Սիրտս սկսեց արագ աշխատել: Ինքս պարզ լսում էի սրտիս զարկերը ու ոչ միայն իմը, այլ նաև Մանիկ տատինը, նույնիսկ հարևան սենյակում քնած Արայինը: Վախ, հիացմունք խառնվել էին իրար: Ամեն ինչ շրջապատում իր սեփական լույսն ու ջերմությունն ուներ: Ուզում էի դուրս գալ սենյակից ու էդպես տեսնել աշխարհը` ծառերը, սարերը, մարկանց: Քայլեցի դեպի դուռը: Բայց Մանիկ տատը այդ պահին միացրեց լույսն ու ասաց.
- Դրա համար դեռ շուտ է: Դու դրան դեռ պատրաստ չես: Մնա այստեղ:
Լուռ հնազանդվեցի: Բայց նույնիսկ լուսավորված սենյակում ես տեսնում էի այդ գունագեղ լույսերի աշխարհը: Նորից նայեցի ջրով լի բաժակներին: Բաժակներից մեկը երկնագույն լույս էր ճառագում, իսկ մյուսից, կարծես սև լույս էր հորդում ու կլանում մյուս առարկաներից տարածվող լույսերը: Ես վստահությամբ վերցրի երկնագույն լույս տարածող բաժակով ջուրը ու խմեցի մինչև վերջին կաթիլը: Սրտիս զարկերը ավելի ու ավելի էին արագանում: Աչքերիս առաջ մթնեց: Օդը չէր հերիքում…
Շարունակելի...
Էջանիշներ