ՓՈՍԸ
Վերջապես հասա բլրակի փոքր տափարակ գագաթին: Առջևում մի փոս էր, խորությունը մոտ մեկ ու կես մետր, լայնքն ու երկարությունն էլ` ոչ ավել, քան երկու մետր: Ոչ մի առանձնահատուկ բան չկար այդտեղ, բացառույամբ այն փաստի, որ փոսը և դրա շրջակայքը բլրակին հատուկ փարթամ խոտածածկից զուրկ էին: Փոսի մեջ մի քիչ ջուր էր հավաքված. երևի նախորդ օրվա անձրևից էր: Իմ կանգնած դիրքից ձախ` դեպի արևելք ընկած հատվածում, վեր գոյացող սարը կարմրավուն երանգ էր ստանում: Մայրամուտին մնացել էր հազիվ կես ժամ:
Սկսեցի դանդաղ հանվել: Ամբողջովին մերկացա, շորերս խնամքով դասավորեցի տոպրակի մեջ ու, վերցնելով Մանիկ տատի տված բրդե մեծ շալը, փաթաթվեցի դրա մեջ: Նստեցի փոսի եզրին, ոտքերս կախեցի ներս ու նայեցի արևի կողմը: Րոպեներ անց սկսվելու էր իմ կյանքի ամենավտանգավոր արկածը: Երբ նորից նայեցի ներքև, տեսա, որ ոտքերս թաղվել են մթության մեջ: Մայր մտնող արևը դեռ պարզ լուսավորում էր շրջապատը, իսկ փոսի պատերից տարածվող սև, թանձր մթությունը կլանում էր լույսը: Մի պահ աչքերս փակեցի, որ կենտրոնանամ ու պատրաստվեմ սպասվելիքին: Երբ արևի խամրող լույսին զուգընթաց նորից բացեցի աչքերս, բույսերն ու քարերը սկսել էին իրենց սեփական լույսով ողողել շրջապատը:
Մի քիչ առաջ թեքվեցի ու թռա ներքև: Փոսի մեջ կանգնած հայացքով ճանապարհում էի արևին: Վերջին շողը դեռ չխամրած` նստեցի թաց հատակից քիչ բարձրացող ողորկ քարին ու սկսեցի ուսումնասիրել փոսը ամենայն մանրամասնությամբ…
21 օր առաջ
Առավոտյան ուշ արթնացա: Հասցրեցի միայն սափրվել ու երկու կում սուրճ խմել: Օդանավակայանում Արան արդեն ինձ էր սպասում իրեն հատուկ մռայլ դեմքի արտահայտությամբ:
Երբ առաջին անգամ հանդիպեցի Արային, նա չար աժդահայի տպավորություն թողեց: Աջ ու ձախ գոռգոռում էր, կոպտում մի խումբ վախեցած բանվորների ու, իր առնվազն հարյուր քսան կիլոգրամանոց մարմնով անհեթեթ շարժումներ անելով, դես ու դեն էր քայլում` ցույց տալով ինչ-որ թերություններ:
Ծանոթությունից հետո էլ ավելի մեծացավ հակակրանքս: Անընդհատ նկատողություններ էր անում ինձ, իր տեսակետը անհերքելի տոնով ասում ու հակաճառություն չընդունող դեմքի արտահայտությամբ աչքերը չռում վրաս:
Երկուսս էլ մեր մեծ հիմնարկի տարբեր մասնաճյուղերում տնօրեններ էինք: Այժմ պետք է միասին Ռուսաստան գործուղման մեկնեինք մեր կազմակերպության գործընկերների հետ ծագած խնդիրները կարգավորելու համար: Այդ գործուղումն էլ հենց դարձավ մեր մեծ ընկերության հիմքը:
Գլխավոր տնօրենը հատուկ էր ընտրել երկուսիս: Ինչպես ինքն էր ասում, այդ հարցի լուծման համար անհրաժեշտ էին իմ ճկուն միտքն ու Արայի կոշտ բնավորությունը:
Մոսկվայի հենց օդանավակայանից ուղևորվեցինք գործընկեր հիմնարկության գրասենյակ: Բանակցությունները ռուս գործընկերների հետ սկսվեցին ոչ թե, ինչպես ընդունված է, փոխադարձ հաճոյախոսությունների փոխանակմամբ, այլ շատ կարճ ու կոնկրետ ստացանք առաջարկություն` վերցնել կաշառք, շուտ վերադառնալ Հայաստան ու համոզել մեր ղեկավարին, որ ամեն ինչ կարգավորված է: Նրանք նույնիսկ արդեն մշակել էին պլան, թե մենք ինչպես պետք է այդ սուտը հրամցնենք, բայց երկուսս էլ կտրուկ հրաժարվեցինք կաշառքից: Մեր հասցեին հնչեցին սպառնալիքներ, որոնք լուրջ չընդունեցինք: Ասացին, որ իրենց ուզածին հասնելու համար մեզ կստիպեն համաձայնության գալ իրենց հետ:
Մեր կազմակերպության հիմնադիրները բավական ծանրակշիռ մարդիկ էին, և նույնիսկ Ռուսաստանում մենք մեզ բավական ապահով էինք զգում նրանց շողքի տակ: Երկուսս էլ աներկբա էինք: Բանակցությունների առաջին փուլը շատ կարճ տևեց, և երբ դուրս եկանք գրասենյակից, մեզ շատ անակնկալ կերպով ձերբակալեցին:
20 օր առաջ
Փակված էինք ոստիկանության բաժանմունքի սենյակներից մեկում: Այդպես երեք օր մեզ բացարձակ մեկուսացրեցին արտաքին աշխարհից, և միայն չորրորդ օրն առավոտյան սկսվեց ինչ-որ անհեթեթ հարցաքննություն: Հետո “հրաշքով” պարզվեց, որ մեզ սխալմամբ են ձեռբակալել, իսկ երբ ազատվեցինք դրանց ձեռքերից ու ցանկանում էինք վերադառնալ, մեզ առևանգեցին հենց օրինապահների քթի տակից:
17 օր առաջ
Հոգեբանական գրոհի տրամաբանությունը նույնն էր: Երեք օր դռան մոտ կանգնած զինված պահակախմբից ոչ ոք ոչինչ չպատասխանեց մեր հարցերին: Չորրորդ օրը առավոտյան սկսվեց սպառնալիքներով ու պահանջներով լի մի խոսակցություն: Այդպես ևս երեք օր տևեց:
Շարունակելի...
Էջանիշներ