Մաշտոց-Սարյան փողոցների միջնամասում գտնվող այգում այսօր հարակից շենքերի բնակիչներն ու մի խումբ բնապահպաններ խորհրդանշական ծառատունկ արեցին:
Ակցիայի նախաձեռնողը հենց Արամի 70 շենքի բնակիչներն են, որոնք անհանգստացել էին իրենց այգու ճակատագրով:
Ծառատունկի մասնակիցների ասելով` Երեւանի քաղաքապետարանն հենց այսօր է հաստատել այս այգում իրականացվելիք շինարարության նախագիծը: Ըստ այդ նախագծի` նախատեսվում է ստորգետնյա երկհարկանի շինություն` ստորգետնյա ավտոկայանատեղի եւ առեւտրի կենտրոն: «Սա միանգամյա ակցիա չէ. մենք բոլոր հնարավոր միջոցներով հարակից շենքերի բնակիչների հետ պայքարելու ենք, որ այստեղ կառուցապատում չլինի, մնա հանրային տարածք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մենք ենք տերն այս քաղաքի» նախաձեռնության անդամ Արթուր Աղթանդիլյանը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի երեխաների կատարումների ներքո խորհրդանշական փոքրիկ եղեւնի տնկվեց այգու մի հատվածում:
Երեխաներն իրենց ձեռքերով փորեցին ու ջրեցին ծառը: Այս գործում նրանց օգնեց «Հայաստան ծառատունկ» կազմակերպության ներկայացուցիչը: Այգու հարակից շենքերի բնակիչներն իրենց ցանկությամբ ստանձնելու են փոքրիկ եղեւնու խնամքը:
Ակցիայի մասնակիցները հայ հայտնի գործիչների` Հենրիկ Մալյան, Արամ Մանուկյան, Լեոնիդ Ենգիբարյանի անուններով կանաչ պաստառներ էին փակցնում այգու ծառերին: Ըստ նրանց` այդպիսով կկարողանան կանխել ծառահատումը, քանի որ ինչպես իրենք են ասում` «եթե փորձեն հատել ավանակոչված ծառերը, կանարգեն հայ մեր մեծերին»:
Երբ եղեւնին տնկվեց, այն օրհնվեց Ավետարանչական եկեղեցու քահանայի կողմից: Ի դեպ, բնակիչները դիմել են նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն, սակայն ոչ մի արձագանք չի եղել: Ակցիայի շրջանակներում ի պաշտպանություն այգու` կատարումներով հանդես եկավ նաեւ «Սայաթ-Նովա» երաժշտական դպրոցի ժողգործիքների խումբը:
Էջանիշներ