Թիկունքումս երկաթաձայն շրխկոցով փակված բանտի դռների ետևում մնաց մի հեռավոր մի սպանություն գումարած տասնութը:Այո,ես տասնութ երկար,ճակատագրի պես դանդաղ տարիներ եմ սպանել այդ դռներից այն կողմ:
Չէ,ինձ ոչ ոք չէր սպասում դրսում…
Ազատությու~ն…եթե անկեղծ`այնքան էլ շատ չեմ տենչացել այն,սակայն սրտիս խորքում մի թաքուն հույս կար այդ գալիք կյանքի հանդեպ:Ես այլևս տասնութամյա այն պատանին չեմ,որ այս դռներով ներս մտավ:Նա լիքն էր հույսով ու հավատով,գլուխը լցրած պայծառ ապագայի գույներով:Ես երեսունվեցամյա տղամարդ եմ,որ ոչ մի հույս չունի ապագայի,բացի սրտում թաքուն դողացող մի փոքրիկ հույսի…
Արևն իր կիզիչ շողերով անդրադառնում էր մեքենաների,խանութների վիթխարի ապակիներին,մի տեսակ անսովոր կուրացուցիչ փայլով:Արևն`առանց ճաղերի…
Փողոցի ստվերոտ կողմով առաջ էր հոսում մարդկային հեղեղը.բաց գույնի շապիկներ,մերկ թևեր,արևահարված այտեր,փայլուն,խոնավ,անտարբեր աչքեր,աշխույժ զրույց,անսպասելի հանդիպումներ,իրարանցում և անբանություն…
Ու ես`մի կաթիլ այդ հեղեղի մեջ,նույնպես ընթացա նրա հետ:
Ամբոխի միջով տագնապալի շշուկի քամի էր անցնում.երևի տեսքս ահավոր էր…
Նյարդայնանալով այդ ուշադրությունից քայլերս ուղղեցի դեպի փոքրիկ զբոսայգին:
Կանաչ նստարաններ,փոշոտ,հիվանդ ծառեր,համբուրվող կամ իրար սեղմված,լուռ քայլող զույգեր:Ավելի ճիշտ փոշոտ ու ծեր ծառեր,կանաչ նստարան ու կարդացող աղջիկ:
Աղջիկ…Չէ,մարմինս ոչ մի կերպ չարձագանքեց աղջկա ներկայությանը,նրա կիսամերկ ոտքերի երկարությանը,նրա մոխրագույն բլուզի համարձակ բացվածքի տակից համաչափ վերուվարող կրծքի հնարավոր փափկությանը,նրա մերկ ուսերի ու մեջքի արևայրուքին:
Աղջիկն,իհարկե,այնքան էլ նման չէր բանտախցում տասնութ տարի ձեռքերումս մաշված ամսագրերի շապիկների աղջիկներին ու ոչ էլ այն աղջիկներին,որոնց սիրահարվում էի տասնութ տարի առաջ…
Ինձ,թերևս,մի քիչ շփոթեցրեց նրա անտարբեր,բայց և համարձակ հայացքը,երբ մոտեցա ու նստեցի կողքին:Նա մի թեթև լարվեց,նայեց շուրջը,թռուցիկ հայացք նետեց ժամացույցին ու շարունակեց կարդալ:
«Երևի ընկերոջն է սպասում»,-մտածեցի`ուշադիր զննելով նրա շրջազգեստի ձախ գրպանին գրված,ավելի շուտ նկարված,չգիտեմ ինչերեն տառերը…
Աղջիկը նյարդային թեքվեց իմ կողմ,խոժոռ նայվածքով հասկացնելով,որ բարկանում է իմ`այսպես ասած,անտակտ հայացքներից,վեր կացավ ու ստվերում ազատ նստարան չգտնելով գնաց ավելի խորք:Ես հետևեցի նրան:Նա նստեց ծառուղու խորքում գտնվող խարխուլ նստարանին,որը չէին ներկել և ըստ երևույթին ավելի շուտ պատրաստվում էին այդտեղից տանելու:
«Երևի սա էլ է մտածում,որ ես զզվելի եմ»,-ես համարյա շնչահեղձ էի լինում բարկությունից:
«Զզվելի»բառը,որով ուզում էի իբր վիրավորել անծանոթուհուս,խեղդվեց բարկությունից ամուր սեղմված ատամներիս արանքում:
Լուռ նստեցի կողքին:
Նրա զսպված քմծիծաղը ինձ վերջապես համարձակություն ու հիմք տվեց խոսելու:
-Դուրդ չեկա,հա՞…
-Կներեք,ուղղակի ընկերուհուս եմ սպասում,դրա համար երկտեղանոց նստարանը ընտրեցի:
Ինձ ավելի բարկացրեց նրա ներողությունը.միշտ էլ ատել եմ մարդկային այդ կեղծավորությունը,որ քաղաքավարություն է կոչվում:
-Մռութն ես բայց…
Ծիծաղեց:Այդ ծիծաղը ավելի շուտ նրա բարձր տրամադրությունից էր բխում:Զգացվում էր,որ օրը նրա համար հատուկ էր,ինչպես որ իմ համար:Բայց ես չէի ուզում,որ որևէ մեկը աշխարհում ծիծաղեր:Ես ատեցի նրան հենց այդ ծիծաղի համար,ծիծաղ,որից Աստված զրկել է ինձ…
-Գրքե՞ր էլ ես կարդում,-չգիտեմ ինչու իմ մեջ թափ էր առնում նրան վիրավորելու մոլուցքը:Գիրքը խլեցի նրա ձեռքից ու ավելի մոտ նստեցի նրան…
Մազերի մեջ խաղացող փոքրիկ քամին երեսիս հպեց մի քանի մազափունջ,որոնք անծանոթ օծանելիքի բույր ունեին:
-Անունդ ի՞նչ է:
-Նոյեմզար,-չար հայացքը շեշտակի մխրճեց արդեն շփոթված աչքերիս մեջ:
-Հաա,երևի Նոյին բարեկամ ես:
-Չէ,Նոյի բարեկամը դու ես,թե չէ,էլ ի՞նչու պիտի քեզ կտակեր իր կոշիկները:
-Հա~ հա~ հա~,շա~տ ծիծաղելի էր,կարելի է նույնիսկ ծիծաղել,դե՛, ծիծաղի՛ր քո տհաճ ծիծաղով:
Գիրքը բառացիորեն խցկելով լիքը պայուսակը`վեր կենալու շարժում արեց:Ես բռնեցի նրա ձեռքը ու կոպիտ շարժումով նստեցրի կողքիս,նույնիսկ ինձ ավելի մոտ:
-Մի հարց էլ ու վերջ,հա,տիկնիկս,քեզ երբևէ ձեռք տվել են,-երեսս հպեցի նրա ուսին:
-Ի՞նչ հարցեր ես տալիս,ի՞նչ ես անում,-աղջիկն իմ հպումներից ավելի շփոթվեց քան սպասում էի:Վախեցած աչքերով շուրջն էր նայում չհամարձակվելով կասեցնել հետզհետե մոլեգնող հպումներս:
Զգացել էր երևի,որ խենթ եմ,երևին ո՞րն է,հաստատ զգացել էր:
Կուրծքն սկսեց ավելի արագ վերուվարել ուշադրությունս հրավիրելով վրան:Ահագնանում էր ցանկությունս գլուխս թաղելու այդ փափուկ կլորություններ մեջ:Ավելի պինդ սեղմվեցի նրան:Աղջիկը կտրուկ շարժումով փորձեց վեր կենալ ու հանկարծակիի եկավ այդ շարժումին հաջորդած բղավոցիցս.
-Հանգի՛ստ:
Երևի բարձր էի գոռացել:Երկու զզվելի գլխարկներ կապույտին տվեցին ծառերի արանքից:Ատում եմ մենթերին ու եթե էս հիստերիկը մատնի ինձ,ես նրան կսպանեմ:Աղջիկը հիմար չէր.գիտեր ում հետ գործ ուներ:Լուռ նստեց ու գլուխը դրեց կրծքիս,իբր սիրահարներ ենք:Մենթերին համենայն դեպս կասկածելի թվաց տեսքս ու շատ չհեռացան:
Անկեղծ ասած ես չէի հիշում թե վերջին անգամ երբ էի հուզվել,նույնիսկ ազատություն ստանալուց ոչինչ չզգացի,իսկ հիմա հանկարծ սիրտս ուժգին բաբախեց,հիշեցնելով իր գոյությունն ամեն դեպքում…
Աղջիկը որսաց պահը:Համարձակ վեր կացավ ու գնաց`առանց դեմքիս նայելու:
Սրտիս այդպես զարկելն արդեն նորություն էր ու դրա համար ավելի ատեցի աղջկան:Ձեռքս տարա սրտիս,որն ուզում էր համոզել,որ ինքը բնավ էլ քար չէ,այլ միս է ու արյուն ու ափիս մեջ խոնավություն զգացի:Չգիտեմ ինչու մտածեցի,որ արյուն է…
Արցունք էր,վախեցած,փոքրիկ աղջկա արցունքները…
Էջանիշներ