Գագիկ Հարությունի Բյուրականցի
Հատվածներ «Լույս սիրո» պոեմից
Ծով եմ , օվկիան եմ քեզանով լցված
Ու Քեզ սիրելով , պաշտելով սաստիկ , խտանում եմ ներսից ,
Որ ընդարձակվեմ ապագայի մեջ նոր զորեղությամբ :
Անվերջ անդադար սիրո խտացումից
Բռնկվել եմ ես իմ խորքերի մեջ հրդեհով ահեղ ,
անպարագիծ ,
Եվ այս անհամար հրով բռնկված՝
Դեպի գալիքն եմ թռչում հեռավոր . սիրո լույս եմ ես
տանում գալիքին :
Հայացքդ գարնան առավոտ է ՝ արևի գույներով ողողված,
Եվ կուրծքդ այնքան գեղեցիկ է երգում , նազում է այնքան
գեղեցիկ ,
Որ կարող է հարություն տալ դրախտի առասպելին :
Քո մեջ խնդության ծովն է շառաչում , երկինք է հառնում
բոցը հմայքիդ :
Սիրում եմ կյանքը լոկ նրա համար , որ նա Քո նման ծաղիկ
է ծնել .
Աշխարհի բոլոր քաղցրությունների խտացումն ես դու ,
Դառնությունները ծնվում են այնտեղ , որտեղ դու չկաս :
Տեսքդ բոցի պես կլանում է ինձ . թե չծնվեիր իմ էության մեջ ,
Չէր ծնվի բնավ իմ ներաշխարհում Ծիր Կաթինը սիրո ,
Չէր կանաչի իմ մեջ այգին երանության :
Հպատակն եմ ես Քո մեծ իշխանության , Քո արմատն եմ
սնում ողնաշարիս մեջ ,
Եվ իմ ուղեղի յուրաքանչյուր բջիջ Քեզանով է լցված :
* * *
Հայացքս հառել եմ արևելք .
Ուր որ է կծագի լուսաբացը՝ դու ինձ մոտ կգաս լուսաբացի
միջով :
Նրա համար են իմ ձեռքերը ծնվել ,
Որ գոտի դառնան մեջքիդ կրակը փնջելու համար ,
Տեսնես կհասնե՞մ մեջքիդ կրակին ,
Թե պիտի գրկեմ տառապանքն իմ և արձան դառնամ
տառապանքների :
Շքեղ եմ ինչպես ամենաչքնաղ քաղաքն աշխարհում .
Շքեղությունս բռնկումն է Քո ներաշխարհիս մեջ ,
Դու՝ սուրբ մեղեդի , հողմ ու փոթորիկ երաժշտության ,
Իմ սեգ սիրո գերխտացում ու կերպարանք ,
Քեզ ինձ է մեկնել հողն իր ափերով .
Առանց Քեզ կործանված քաղաք եմ :
Հզոր ես այնքան , որ կարող ես երկնել մանուկ
արշալույսներ .
Քեզ պահ եմ տվել իմ արմատներին ,
Որ մեր գալիքը հուրհրա անթիվ արևների լույսով :
Գարունն է ծաղկել այտերիդ վրա ՝
Աստղերը փունջ-փունջ ծաղիկներ են՝ պոկված Քո այտերից ,
Ինչ գեղեցիկ է գարունը խոսում Քո շրթունքներով ,
Ինչ գեղեցիկ է լույսը Մարդանում Քո հասակի մեջ :
Քո ժպիտների ալիքներն այնքան քաղցրություն ունեն ,
Որքան քաղցրություն չի կարող ծնել հողը հազար տարում ,
Դու՝ իմ հոգու հպարտություն , Քեզանով է միայն սիրտս
խելագարվել :
Ծաղիկ-ծաղկոց է շուրջս , ամենուր ,
Քո նման ծաղիկ չկա ոչ մի տեղ՝ իզուր եմ փնտրում :
Քեզ համբուրելը տաճար սարքել է ...
Լուսաբացն ես դու ... ներիր ինձ , սեր իմ , Քեզ շփոթեցի
լուսաբացի հետ.
Քո մի ժպիտը բավական է , որ հազար լուսաբաց վառվի
այս աշխարհում :
Դու ծնվել ես հենց արեգակի միջից , ներիր ինձ , սեր իմ ,
սխալվեցի նորից .
Արեգակը ծնվեց Քո թարթիչներից , դրա համար էլ ջերմ է
ու գեղեցիկ :
Դու գրքերի մեջ այն գիրքն ես միայն ,
Որին հայոց երկրում մագաղաթ են կոչում ու պաշտում են հավետ :
Դու իմ սրտի , հոգու պաշտամունքն ես միակ . կուրացել եմ
Քեզնով հավերժապես :
Էջանիշներ