Առյուծ արքան. մի գողության պատմություն
Կարելի է երկար ու ձանձրալի մենագրություն գրել՝ ապացուցելով, որ «Առյուծ արքան» նույն շեքսպիրյան Համլետն է, որը դիսնեյականների թեթև ձեռքով տեղափոխվել է աֆրիկյան սավաննաներ ու փոքր-ինչ գիշատիչ երանգ է ձեռք բերել (նույնիսկ բամբասում են, որ Շեքսպիրը սկզբում ցանկանում էր, որ իր պիեսներում կենդանիներ էլ խաղան, բայց հետո միտքը փոխեց, երբ առյուծները փախան ու դարձան 1600 թվի լոնդոնյան կոտորածի պատճառը): Սպանված հայր, աքսոր, վրեժ... Սակայն իրականությունը շատ ավելի անշուք է: Դիսնեյը նստեց, մտածեց-մտածեց ու որոշեց, որ մեծ դրամատուրգի ամենահայտնի գործը բավարար գեղարվեստական հենք չի կարող լինել իր համար, և պարզապես դրեց ու դեմքի լկտիագույն արտահայտությամբ պատճենեց հին ճապոնական մի մուլտֆիլմ՝ դեռ օրորոցում խեղդելով սեփական օրիգինալության բոլոր նշույլները:
Ահա թե ինչից է պատճենած «Առյուծ արքան».
Կիմբային՝ նկարի վրայի փոքրիկ ալբինոս կորյունին, ստեղծել է ճապոնացի հռչակավոր նկարիչ ու մուլտիպլիկատոր Օսամու Տեզուկան (հայտնի Astro Boy-ի հեղինակը): Նմանությունն ավելի քան ակնհայտ է: Չնայած... Հետո՞ ինչ: Ստեղծել է՝ ստեղծել է: Չէ՞ որ մենք խոսում ենք մեծն և սարսափելի «Առյուծ արքայի» մասին: Սրբապղծությու՛ն: Ինչպե՞ս կարելի է չնկատել երկու մուլտֆիլմերի ահռելի տարբերությունը: Մեկի գլխավոր հերոսի անունը Կիմբա է, իսկ մյուսինը՝ Սիմբա: Տեսա՞ք: Կ - Ս: Լրիվ տարբեր տառեր են: Եթե, իհարկե, մոռանանք, որ նրանք երկուսն էլ առյուծներ են, երկուսն էլ լուրջ ընտանեկան խնդիրներ ունեն, երկուսն էլ...
Մի րոպե: Հերթով, հերթով:
Դիսնեյը, իհարկե, կարող է հավերժ մերժել, որ «Առյուծ արքան» իրականում «Կիմբայի» ռիմեյքն է, բայց, օրինակ, ինչպե՞ս բացատրենք «Առյուծ արքայի» DVD-տարբերակներից մեկում ներառված այս նախնական սքեչը.
Խորագիր. միայն դալտոնիկների համար
Այո, սկզբում Սիմբան սպիտակ էր: Հետո եկավ մի պահ, երբ Դիսնեյը որոշեց գլուխը չզբաղեցնել զանազան հեղինակային իրավունքներով ու բանակցություններով, և առանց երկար-բարակ մտածելու վերցրեց ու ներկեց առյուծի ձագին: Խնդրեմ, ճանապարհն ազատ է, կանաչ լույս: Փոխարենը Դիսնեյը ճապոնական օրիգինալից վերցրեց գրեթե բոլոր հայտնի տեսարանները, սյուժեն, ինչպես նաև այնպիսի կերպարների, ինչպիսիք են շաման կապիկը, Սիմբայի ընկեր կապույտ թռչունն ու չար բորենիները:
Դեժավյու
«Կիմբայում» գլխավոր չարագործը Կիմբայի հորաքույրն էր: Դիսնեյի տարբերակում չարագործի սեռը փոխեցին, և նա դարձավ Սիմբայի հորեղբայրը: Սակայն քսերոքսի դեմն առնելն արդեն անհնար էր: Վերևում նշեցինք, որ մեկին մեկ կրկնված են նույնիսկ լավագույն տեսարանները: Խնդրեմ. Սիմբան խոսում է իր հոր՝ ամպերի խորքից հայտնված ուրվականի հետ, Սիմբան կանգնած է ժայռի գլխին... Սիմբա՞ն, թե՞ Կիմբան:
Գտեք տասը տարբերություն
Ուզու՞մ եք ձեր սեփական մաշկի վրա զգալ պլագիատի ողջ ծանրությունը: Փորձեք մուլտֆիլմ նկարել ծվծվան ձայնով Զիկի Մաուսի և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Բադիկի մասին: Հետո համաշխարհային շուկայում այդ մուլտֆիլմով աշխատեք գոնե մեկ ցենտ և հաշվեք, թե քանի վայրկյան հետո Դիսնեյի փաստաբանները կզանգեն ձեզ:
Էջանիշներ