Ամենապրիմիտիվ ու «առաջին մակարդակի» բաժանումն ունի հետևյալ տեսքը.
- ասպետներ + վիշապներ + թրեր + կախարդներ + ամրոցներ + էլֆեր + օռկեր = ֆենտզի
- տիեզերանավեր + այլմոլորակայիններ + լազերներ + գիտնականներ + տիեզերք + ռոբոտներ = ֆանտաստիկա / սայ-ֆայ
Երբ մի քիչ խորանում ես ու մի քիչ ավելի շատ բաներ ես կարդում, քան «Մատանիների տիրակալն» ու «Նեյրոմանտիկն» են, հասկանում ես, որ այս՝ ըստ setting-ների բաժանումը չափազանց մակերեսային ու սխալ է: Կարդ Օրսոնը, օրինակ, ասում էր, որ ֆենտզիի ու սայ-ֆայի միակ տարբերույթունն այն է, որ ֆենտզիում ծառեր են, իսկ սայ-ֆայում՝ պտուտակներ: Սայ-ֆայը նաև որոնում ու երազանք է ենթադրում, իսկ ֆենտզին՝ կարոտ ու ափսոսանք: Ֆենտզիներում շատ ավելի հաճախ կարելի է հանդիպել անկման շրջանում գտնվող արքայությունների, քան թե ծաղկող ու հզոր երկրների: Սայ-ֆայներում, ընդհակառակը, մարդկությունը հիմնականում շատ ավելի հզոր ու խելացի է, քան մենք՝ հիմա: Ֆենտզին հաճախ անցյալ է, իսկ սայ-ֆայը՝ ապագա: Մյուս կողմից էլ սայ-ֆայներում տարածված են դիստոպիան և մարդկայնության անկումը՝ մարդկության աճի ֆոնի վրա, իսկ ֆենտզիները շատ ավելի «ծառ ու ծաղիկ» են, ավելի մոտ բնությանն ու ընդհանուր հարմոնիային: Սայ-ֆայը հաճախ մեծ տեղ է տալիս սոցիալական բաղադրիչի նկարագրությանը, տեխնոլոգիայի ազդեցությանը մարդկանց կյանքի վրա, այն դեպքում երբ ֆենտզին պարզապես հետաքրքիր պատմություն է պատմում: Բացառությունները, իհարկե, բազմաթիվ են ու ճչացող, որովհետև մի երկու տողով նման երկու ահռելի ժանրեր ամփոփելն ուղղակի անհնար է: Արդյո՞ք մի դարաշրջանի կախարդանքը մեկ այլ դարաշրջանի կորցրած տեխնոլոգիան չէ: Արդյո՞ք «Աստղային պատերազմները» սայ-ֆայ են, եթե տիեզերանավեր ու լուսային թրեր ունեն, չնայած նրան, որ դեպքերը տեղի են ունենում անցյալում, և կա չարի/բարու հստակ դուալիստական համակարգ: Միանշանակ պատասխան գտնելը դժվար է, եթե ոչ անհնար:
Էջանիշներ