Դիտեցի տեսահոլովակը. հասկանալի է, թե ինչ է ուզում ասել հեղինակը: Սխալ բան չի ասում, կարծում եմ: Բայց, ընդահնուր առմամբ թույլ է և ոչ շատ ազդեցիկ: Փորձեմ հիմնավորել:
1. Փողոցային լեզվով, հայհոյանքներով ու կոպտումներով հակադարձումները երգիչների և դերասանների երգին և խաղին, իբրև որպես խորը վրդովմունքի ապացույց, համոզիչ չէ:«Աքցանը աքցանով հանելու» տարբերակը, չեմ կարծում, որ մեծ օգուտ տա: Դրա փոխարեն կարելի էր թողնել, որ ավելի շատ «խոսեին» արվեստի այն ներկայացուցիչների գործերը, որոնց հոլովակի հեղինակը հակադրում է ժամանակակիցներին: Ասածս այն է, որ ինչ-որ մի բան ցածր մակարդակից վեր բարձրացնելու համար չի կարելի իջնել այդ մակարդակին, ինքդ կսուզվես: Փոխարենը պետք է փորձել վեր ձգել:
2. Նախարարներին ուղղված հատվածում հոլովակի հեղինակը միայն վիրավորանքներ է տեղում, առանց որևէ հիմնավորումների (դերասանների դեպքում գոնե նրանց խաղն է բերվում որպես ապացույց): Սա, անկախ վիրավորվածության աստիճանից, քաղաքակիրթ նորմերի կոպիտ խախտում է, ինչն ընդհանուր ասելիքը դարձնում է ավելի անվստահելի ու խամրած: Հատկապես «տրամաբանությանն» առնչվող մասերը, քանի որ ինքնին անտրամաբանական է մարդուն վիրավորելն առանց հիմնավորման:
3. Նյութը համաչափորեն չի ներկայացնում արվեստի բնագավառները: Քանդակագործությունը, օրինակ, գրեթե չի ներկայացված, խաչքարների մասին խոսք չկա: Հայ երաժշտության մեծությունները ներկայացված չեն, մինչդեռ հոլովակի զգալի մասը զբաղված է հենց երաժշտության քննարկումով: Խոսքը գնում է մեր արմատների մասին, «գեներ փնտրելու մասին»՝ Բեթհովենի երաժշտության ներքո, իսկ Կոմիտասի, Եկմալյանի, Տիգրանյանի, Ա. Խաչատրյանի անունները անգամ չեն նշվում: Հասկանում եմ, որ բոլորին հնարավոր չէ նշել կարճ հոլովակի մեջ, բայց խոսել հայ արվեստից և չհիշատակել Կոմիտասի անունը, անհեթեթություն է:
4. Քաղաքական կողմը հպանցիկ է ներկայացված, մինչդեռ սա մշակութային անկման որոշիչ բաղադրիչներից է: Ինչո՞ւ պաշտոնյաներին ուղղված մեղադրանքները հասնում են ընդամենը Երևանի քաղաքապետարան: Իսկ կառավարությունն ու նախագահը եթե նորմալ մայրենի լեզվով խոսել չեն կարողանում, իսկ լեզվի մասին օրե՞նքը (սա՝ ինչ վերաբերում է մշակույթին): «Որպիսի երկիրը շենանա անհրաժեշտ է... երգ, ինչպես ասել է ՊյութագոՌասը»,- համարում է հեղինակը: Իսկ ղեկավարման համակարգն ու ներկա ռեժինը մնան նո՞ւյնը: Ու «այլսեՌված պատարագները» կվերանա՞ն:
Իմ կարծիքով, ասելիքը ճիշտ է, ներկայացումը՝ թույլ և ոչ շատ արդյունավետ:
Էջանիշներ