4. Կախարդական ավտոմատներ
Որտեղ եք տեսել.
Աստղային դեսանտ, Մումիա, Մաքս Պեյն, Կոմանդո, Ջոն Վուի բոլոր կինոները, Սպիով դեմքը
Առասպելը.
Լիքը հին ու անհամ կատակներ կան այն մասին, թե ինչպես կինոներում երբեք ոչ ոքի փամփուշտները չեն վերջանում (եթե, իհարկե, սցենարում հակառակը գրված չէ): Հոլիվուդը, թերևս, որոշ հարգանք է ցուցաբերում միայն ռևոլվերների նկատմամբ (ընդամենը 11-12 կրակոց՝ սովորական վեցկրականի ցիլինդրի համար): Բայց երբ գործը հասնում է ավտոմատ զենքերին, բոլորը ասես խենթանում են: Ընդ որում՝ այնքան համոզիչ են խենթանում, որ մարդկանց մեծամասնության մեջ սխալագույն կարծիք է ձևավորվել այդ զենքերի մասին: Մարդիկ շատ լուրջ համոզված են, որ ավտոմատները կարող են մի քանի հարյուր անգամ ավելի շատ փամփուշտ կրակել, քան դրանց մեջ իրականում տեղավորվում է:
Հոլիվուդը սատանայաբար օգտվում է այն բանից, որ դրսից չի երևում, թե ավտոմատի ներսում ինչ կա, ու մեզ համոզում է, որ յուրաքանչյուր ավտոմատի ներսում փամփուշտների պուճուրիկ կախարդական գործարան է աշխատում: Ըստ երույթին՝ հենց դրա շնորհիվ է, որ «Կոմանդոյում» կարելի է տեսնել, թե ինչպես է Առնոլդը կինոյի մոտավորապես կեսի ընթացքում անընդմեջ կրակում ուր պատահի, բայց այդպես էլ պահունակը չի փոխում.
Խնդիրը.
Եթե դու հետևում ես վերջին նորություններին կամ Modern Warfare ես խաղացել, ապա դու հաստատ տեսել ես այս զենքը.
Շվայնեն փաղթիզանեն
Սա M4 կարաբին է: Սրա մեջ տեղավորվում է 30 փամփուշտ: Ահա թե ինչպես է ինչ-որ երեխա լրիվ ավտոմատ ռեժիմով կրակում այդ 30 փամփուշտը.
Տեսա՞ք: Կարծում եք՝ չորս վայրկյան հետո կրակահերթը դադարեց, որովհետև կրակողը հոգնե՞ց: Չէ մի չէ՜. փամփուշտները վերջացան: Դե լավ, կինոների լավ տղերքի զենքը տեսանք, հիմա անցնենք վատ տղերքի ստանդարտ զենքին: Ծանոթացեք՝ AK-47.
Օ՜ ոոոոոոոոոոոոոո՜չ
Հիմա տեսնենք, թե ինչպես է ինչ-որ մեկը լրիվ ավտոմատ ռեժիմով AK կրակում.
Կրկին՝ չորս վայրկյան հետո պահունակը դատարկ է: Պատճառն այն է, որ լրիվ ավտոմատ զենքերը իրոք ահավոր արագ են կրակում՝ րոպեում մոտավորապես 700 փամփուշտ: Պարզապես դու ոչ թե 700 փամփուշտ ունես, այլ ընամենը 30-ը: Հաշվարկները թողնում եմ ձեզ:
ԱՄՆ-ի բանակում սովորական հետևակ զինվորի սպառազինությունը ներառում է ընդամենը 210 փամփուշտ: Սա նշանակում է, որ լրիվ ավտոմատ ռեժիմով մարտը կտևի առավելագույնը մի կես րոպե, եթե նույնիսկ հաշվի առնենք պահունակները փոխելու համար անհրաժեշտ ժամանակը: Բարեբախտաբար՝ ավտոմատ ռեժիմն այնքան հազվադեպ է օգտագործվում, որ շատ մարտական զենքեր նույնիսկ չունեն էլ այդ հնարավորությունը:
«Հլը մի րոպե՜», կասեք դուք: «Ես լիքը իսկական կադրեր եմ տեսել Վիետնամի ու Չեչնիայի մասին, ու էնտեղ հեռվում անընդհատ ավտոմատի կրակահերթեր են լսվում: Ուրեմն ինչ-որ մեկը կրակում է էդ ձեր ավտոմատ ռեժիմով, չէ՞, ցեցը ձեզ ուտի»:
Իհա՛րկե դուք ճիշտ եք, իհա՛րկե կրակում են, պարզապես՝ ոչ կոնկրետ մարդկանց վրա: Լրիվ ավտոմատ կրակը հիմնականում օգտագործվում է հակառակորդի դիրքերը ճնշելու նպատակով, այսինքն՝ ստիպելու համար, որ վատ տղերքը կռանան ու կռացած մնան իրենց խրամատներում, քանի դեռ լավ տղերքը դիրքավորվում են: Գործնականում բոլոր փամփուշտներն էլ հենց միայն դրա վրա են ծախսվում (սնայպերներ, կներեք. խոսքը ավտոմատ զենքի մասին է): Ըստ վիճակագրության՝ Իրաքում և Աֆղանստանում ոչնչացված յուրաքանչյուր գրոհայինի համար ծախսվել է 250,000 փամփուշտ: Այսինքն՝ մոտավորապես երեք տոննա զինամթեր՝ ամեն դիակի վրա: Հիմա դիակների քանակը բազմապատկեք երեք տոննայով ու պատկերացրեք, թե ի՜նչ սարսափելի բեռ է վզին դրած քարշ տալիս Առնոլդը իր բոլոր կինոներում:
Էջանիշներ