Hab-ի խոսքերից
Քաղաքիս ձյունը եզրաքարերից
Ճերմակ փոշու պես քթով եմ քաշում,
Բայց փաթիլները չեն հասկանում ինձ
Ու կոպերիս մեջ լցնում են աշուն...
Շուտով երկինքը ցավից կպայթի.
Քամուց ծակոտված աֆիշներ ենք,տե'ս,
Անշարժ կանգնել ենք կծկված մայթին`
Մարմնավաճառը, աղբամանն ու ես:
Հեռվում ծառերը դողում են քնած,
Քնած ծառերին հազա~ր երանի,
Մարմնավաճառը սակարկեց, գնաց,
Մնացածներիս քամին կտանի:
Կեսգիշերային իմ Երևանում
Գլուխս` իբրև փոքրիկ ձնեգունդ,
Ջղաձիգ ափով հեռու եմ վանում,
Քաղաքիս ձյունը փոշուց շատ է թունդ...
Պատեր
Քարե պատեր, պատեր լացի,
Պատեր վանքի, կյանքի պատեր,
Ոչինչ չկա պատից բացի,
Քարաշեն է աշխարհը, Տե'ր:
Լուռ եք հիմա, դուռ եք հիմա,
Ու ես անցա հենց ձեր միջով,
Նորից եկա հիմար-հիմար,
Ափոսո~ս, չեղա ձեզ պես զիջող:
Մի պատի տակ մոմերը տաք
Վաճառում է Լուսիկ տատին,
Բայց նույն պահին երկնքի տակ
Հարբեցողը միզեց պատին...
Էջանիշներ