Էմմիի՝ «Եվրատեսիլ-2011» մրցույթի երգի ընտրությունը (որը պետք է կայանար փետրվարի 26-ին, սակայն անորոշ ժամկետով հետաձգվել էր երգչուհու հոր՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի մահվան պատճառով) տեղի կունենա մարտի 5-ին։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Եվրատեսիլ-2011» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ երգի ընտրության կարգը չի փոփոխվել եւ արդեն հայտնի 4 երգերից մեկն ընտրվելու է ժյուրիի եւ հեռուստադիտողի 50/50 հարաբերակցությամբ։
Նշենք, որ ըստ նախօրոք ծրագրվածի՝ Էմմիի մրցութային երգի ընտրությունը պետք է տեղի ունենար դեռեւս փետրվարի 19-ին։ Ավելի ուշ, երգի ընտրությունը մինչեւ փետրվարի 26-ը հետաձգվել էր երգչուհու մենահամերգներ ունենալու եւ «Եվրատեսիլ-2011»-ում հայկական պատվիրակության զբաղվածության պատճառով։
Նշենք նաեւ, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:
Մրցույթի առաջին կիսեզրափակչում Էմիի հետ միասին ելույթ են ունենալու նաեւ Ալբանիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Հունաստանի, Հունգարիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Մալթայի, Սերբիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Սան-Մարինոյի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
news.am
Էջանիշներ