Կյանքի իմաստը պիտի գտնվի բայց չպիտի ստեղծվի:
Վ. Է. Ֆրանկլ
Այս գիշեր մտածմունքիս թեման կյանքի իմաստն էր: Նախորդ անգամ հասկացա, որ այն կա ու ուղղակի պիտի գտնել: Փորձեցի սխեմատիկացնել եզրակացությունս: Ահա թե ինչ ստացվեց:
Նախ, որպեսզի սեփական կյանքի իմաստը հասկանալ, ինչի համար է մարդ ապրում, պետք է ընդունել մի քանի պարզ ու ակնհայտ ճշմարտություններ:
Առաջինը, ուղղակի անհրաժեշտ է ընդունել որպես փաստ, որ մարդ ստեղծված է ինչ-որ մեկի (բնականաբար ի նկատի չունեմ ծնողներին) կողմից: Կա մեկը, ով մտածել, ստեղծել ու կանոնավար աշխատանքային վիճակում է պահում այս կատարելապես հավասարակշռված Տիեզերքը՝ ներառյալ և մենք: Երդվյալ աթեիստները կարող են ուզածի չափ պնդել հակառակն ու համարել, որ իրենք առաջացել են զուտ պատահականության հետևանքով: Հնարավոր է, որ իրենց դեպքում այդպես էլ կա, բայց եթե մարդ փնտրում է սեփական կյանքի իմաստը պիտի գնա այլ ճանապարհով:
Ենթադրենք, թե ընդունեցինք, որ մենք ստեղծված ենք մեկի կողմից (Արարիչ, Բնություն, Բարձրագույն տիեզերական բանականություն. անվանումն այս պահին էական չէ) և, հետևաբար, այդ ինչ-որ մեկը ստեղծել է մեզ մեր համար գուցե դեռ անհայտ նպատակի համար:
Գնանք առաջ: Ինչպես ասում են հնագույն գրքերը՝ մարդիկ ստեղծված են կերպարով ու նմանությամբ: Բայց մարդիկ իրենք էլ անընդհատ փորձում են ստեղծել ինչ-որ բան սեփական կերպարով՝ պարզագույն քանդակներից մինչև արհեստական օրգաններ: Մենք շատ մոտ ենք մարդանման ռոբոտների (կամ էլ ռոբոտանման մարդկանց) ստեղծմանը: Ու եթե հասկանանք ինչ նպատակով է մարդը ձգտում դրան, կարելի կլինի մոտենալ հասկացողությանը, մոտենալ սեփական նպատակին ու իմաստին:
Հիմա, իսկ ինչի՞ համար ենք մենք ստեղծում այդ բոլորը: Մենք ցանկանում ենք ներդնել նրանցում սեփական էության մի մասնիկը, մի՞թե ոչ: Մենք ցանկանում ենք, որ նրանք անեն այն ինչ մենք առանց այդ էլ կարող ենք անել: Նրանք օգնում են մեզ անել այն, ինչ մեզ պետք է տվյալ պահին:
Սա կարևոր նյուանս է. հենց տվյալ պահին: Օրինակ եթե մի 30 տարի առաջ մենք կարող էինք հեռախոսից սպասել միայն զրույց հեռավոր մի ծանոթի հետ, ապա հիմա մենք սպասում ենք, որ այն լինի փոքրիկ, հարմարավետ, փոխանցի տվյալներ, մեր համար երաժշտություն հնչեցնի, լուսանկարի, մեզ արթնացնի առավոտները...: Տեսնո՞ւմ եք մեր ստեղծագործությունից մեր պահանջների փոփոխությունը:
Մենք մեր Արարչի ստեղծագործությունն ենք: Ու քանի որ մենք նրա պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված, ուստի և կարող ենք ենթադրել, որ Նրա պահանջներն էլ մեզանից ժամանակի ընթացքում փոփոխվում են: Արարիչը մեզանից տարբեր պահանջներ ունի մեր զարգացման տարբեր փուլերում (մարդն էլ տեխնիկայի նման լինում է նոր «սերնդի»): Այսպես Ռաջա Ջանակի օրոք Նա արդարադատություն ու մտքի խաղաղություն էր պահանջում, Շրի Կրիշնայի օրոք ցանկանում էր, որ լինենք ավելի պարզ ու ուրախ, Հիսուսի օրոք, սովորենք ներել մեկմեկու...
Այդ դեպքում ի՞նչ է հիմա ցանկանում մեզնից Արարիչը: Անհատը դա իր նպատակը գիտակցելու համար պիտի բացահայտի իր ներքին հնարավորությունները, այլ կերպ ասած ինքնադրսևորվի: Դեռ հազարամյակներ առաջ մեր նախնիներին էր հայտի պարզ ճշմարտությունը. «Nosce te ipsum» («Ծանի՛ր զքեզ»):
Հենց այսպես ու ոչ մի այլ կերպ: Որպեսզի հասկանաս սեփական կյանքիդ իմաստը, պիտի իմանաս, թե իրականում ով ով ես: Իսկ որպեսզի իմանաս, պիտի քո մեջ գտնես այն ուղին որ կապում է քեզ քո Արարչին, ու ուղղակիորեն՝ շրջանցելով բազմաքանակ միջնորդներին: Սա կատարելությանը տանող նեղ ու փշոտ արահետն է: Ինքնակատարելագործումն ու ներքին խաղաղությունը բացում է մարդու առաջ այն հորիզոնը, որ չի սահմանափակվում կասկածներով ու ենթադրություններով, այլ ընդգրկում է ողջ ճշմարտությունը՝ ինչպիսին որ այն կա ու եղել է, այլ ոչ թե ինչպիսին մենք ենք պատկերացնում:
Ու քանի որ մենք (եթե չեմ սխալվում) մարդ ենք՝ կերպարով ու նմանությամբ ստեղծված, ուրեմն ինքներս պիտի բռնենք մարդկային զարգացման նոր աստիճան (Homo spiritualis/մարդ հոգևոր) տանող ուղին:
Հ.Գ. Ներողություն, եթե կրոնական քարոզի կամ ցնդաբանության նմանվեց:
Էջանիշներ