Ցանցային մարքեթինգ
Network Marketing (որը համարվում է Multi-level marketing (MLM)-ի ճյուղերից մեկը)
Сетевой маркетинг

Մոտ մեկ տասնամյակից ավել է, ինչ մեր հայրենակիցներից շատերը ոգևորվածությամբ լի ներգրավվում են ցանցային առևտրի մեջ՝ կարճ ժամանակում մեծ գումարներ վաստակելու ակնկալիքով։
Տնտեսագետների կարծիքով ցանցային մարքեթինգը ապագայի շուկայական հարաբերությունների նոր ֆորմատն է։ Եվ այն իսկապես կարող է լինել ձեռնտու ներդրում կատարելու վստահելի տեղ։ Շատ հեղինակավոր և բարեխիղճ կազմակերպություններ սկսել են աշխատել այս մեթոդով։ Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը մեծ մասամբ հասարակ քաղաքացիների ակնկալիքները այդպես էլ մնում են չիրականացված։
Առաջարկում եմ այս թեմայում գրենք այն ինչ գիտենք ցանցային մարքեթինգի մասին և ներկայացնենք ձևեր, թե ինչպես կարելի է մինչև նման բիզնեսի մեջ մտնելը քննել և հասկանալ, թե արդյոք իմաստ ունի սկսել, թե ոչ։ Բնականաբար ցանկալի է մեջբերել մասնագետների կարծիքները և ստուգման եղանակները, բայց նաև շատ հետաքրքիր կլինի անձնական փորձը և տեսակետները՝ թե՛ մասնագիտական, թե՛ ոչ մասնագիտական։
Իմ անձնական՝ ոչ մասնագիտական փորձը (նկատի ունեմ ոչ թե իմ անձնական փորձը, այլ այն ինչ ես այսքան տարիների ընթացքում տեսել եմ իմ բազմաթիվ (մոտ 500) ծանոթներիս ու մտերիմ մարդկանց պարագայում) ցույց է տալիս, որ հազվագյուտ են դեպքերը, երբ մարդ իսկապես մեծ գումարներ է վաստակում։ Լավագույն դեպքում մարդ ունենում է Հայաստանի պայմաններում նորմալ համարվող աշխատանք։ Իսկ մեծամասնությունը այդպես էլ ոչինչ չի վաստակում։ Պարզապես ձեռք է բերում ապրանք, որը իրեն պետք չէ՝ այդպիսով հարստացնում ցանցային մարքեթինգով զբաղվող կազմակերպությանը։
Ինտերնետում այս հարցի մասին հայերեն լեզվով տեղեկությունները շատ աղքատիկ են։ Ուստի որոշեցի կիսվել մի քանի հետաքրքիր տեղեկություններով, որոնց հանդիպել եմ այս հարցի ուսումնասիրության ժամանակ։ Եվ այսպես՝
ՍԿՍԵ՞Լ ԶԲԱՂՎԵԼ ՑԱՆՑԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳՈՎ, ԹԵ՞ ՈՉ
Եթե մտածում ես այս հարցի մասին ամենայն հավանականությամբ դա արդյունքն է այն բանի, որ ստացել ես առաջարկ այդպիսի կազմակերպություններից մեկի ներկայացուցչից։ Չի բացառվում, որ նա քո մտերիմ մարդկանցից կամ բարեկամներիցդ մեկն է։ Նա առաջարկում է քեզ միանալ իրենց բիզնեսին և այդպիսով դառնալ կազմակերպության ներմուծողներից (դիստրիբյուտորներից) մեկը։ Նա մանրամասնորեն բացատրում է քեզ, թե ինչպես ես գումար աշխատելու այս մեթոդով։
Ես ոչ նպատակ ունեմ դեմ կամ կողմ արտահայտվելու այս բիզնեսի մասին, ոչ էլ խրախուսելու կամ քննադատելու այն։ Պարզապես քեզ կներկայացնեմ ձևեր, հարցեր, որոնք գուցե օգտակար լինեն։ Նույնիսկ մեր պես ոչ մասնագետ մարդու համար դժվար կամ անհասանելի չէ տեսնել փաստերը, տրամաբանությունը և մի փոքր էլ օգտագործել մաթեմատիկա։
Սկզբից եկեք հասկանանք «մարքեթինգ» տերմինի սահմանումը։ Ըստ American Marketing Association-ի («Ամերիկյան Մարքեթինգային Ասոցիացիայի») «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով»։
Այս սահմանումից հասկանում ենք, որ մարքեթինգի հիմնական սկզբունքներից մեկն է երկկողմանի բավարարումը և ձեռնտու լինելը։ Այսինքն՝ պահանջվում է թե՛ իրացնողի (ֆիրմայի) և թե՛սպառողի (մեր դեպքում որպես դիստրիբյուտոր՝ քո) օգուտը։ Յուրաքանչյուր ֆիրմա ձգտում է ապացուցել և բացատրել, թե ինչպես են իրենք բավարարում այս պահանջը՝ ցույց են տալիս իրենց օգուտը, որպես դիստրիբյուտոր քո օգուտը և գնորդների օգուտը, որոնք նույնպես դառնում են դիստրիբյուտորներ։ Սա շատ կարևոր բան է, քանի որ այս պահանջը չգոհացնելը զարգացած երկրներում համարվում է լուրջ հանցագործություն և պատժվում է օրենքի ամենայն խստությամբ։
Սա նկատի ունենալով հիմա եկեք տեսնենք, թե ինչն է համարվում օրինական ցանցային մարքեթինգ և ինչն է համարվում կեղծ և սուտ։
ՕՐԻՆԱԿԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ (կամ՝ օրինական MLM (Multi Level Marketing))-ը այն է, երբ ֆիրման, կազմակերպությունը որպես իրենց ապրանքի սպառման շուկա դիտում են իրենց դիստրիբյուտորներին՝ քեզ։ Դիստրիբյուտորները ոչ միայն գնում և վաճառում են ֆիրմայի ապրանքը, այլ նաև ներգրավում են նոր մարդկանց՝ նրանց դիստիբյուտոր դարձնելու նպատակով։ Այստեղ ամենագայթակղիչն այն է, որ որոշ կազմակերպություններում դու գումար ես վաստակում ոչ միայն վաճառածդ ապրանքից, այլ նաև ստանում ես տոկոսներ այն դիստրիբյուտորների վաճառքներից, որոնց դու ես դարձրել դիստիրբյուտոր։ Այսինքն եթե դու ինձ առաջարկես ապրանք, ես գնեմ և հետո ես էլ ինչ որ բան վաճառեմ ուրիշին, դու իմ վաճառքից ունենում ես տոկոս։ Սա օրինական ցանցային մարքեթինգի մոդելն է հասարակ մահկանացուներիս լեզվով
Ավելի լավ ու պարզ հասկանալու համար, թե ինչ է ՕՐԻՆԱԿԱՆ ցանցային մարքեթինգը քննենք այն հիմնական դրույթները որոնք սահմանել է US Federal Trade Commission-ը (FTC)։
1) Վաճառվում է ռեալ ապրանք։ Դու կարող ես ցանկացած պահի կատալոգում կամ ինտերնետային կայքում տեսնել ապրանքը։ Ստանալ մանրամասն տեղեկություններ ապրանքի բաղադրության, արտադրանքի և այլ հարցերի մասին։
2) Վաճառվում է հասարակությանը ոչ թե միայն «ընտրյալներին»։ Ցանկացած ոք կարող է ցանկացած պահի գնել ապրանքը դիստրիբյուտորի կամ ինտերնետային կայքի միջոցով։
3) Ֆիրմային կամ կազմակերպությանը միանում են ապրանք ձեռք բերելով, չի պահանջվում հավելավճար։ Եթե ցանկանում ես դառնալ իրենց դիստրիբյուտոր, ապա նրանք քեզ այդ իրավունքը պետք է տան, եթե դու գնել ես ապրանք։ Դրանից բացի ՈՉ ՄԻ ՎՃԱՐՈՒՄ չպիտի պահանջեն։
4) Վաճառողի օգուտը պայմանավորված է ապրանք վաճառելով, ոչ թե նոր մարդկանց ներգրավելով։ Այսինքն այս երկու դեպքերում էլ պետք է ստանաս միևնույն օգուտը՝ ա) վաճառում ես 10 ապրանք 1 հոգու կամ բ) վաճառում ես 1-ական ապրանք 10 հոգու։
Ուստի, եթե մտածում ես սկսել նման բիզնես, ապա փորձիր լրացնել այս աղյուսակը՝ հաշվի առնելով քեզ առաջարկվող ցանցային մարքեթինգով զբաղվող ֆիրմայի սկզբունքները։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հիմա եկ տեսնենք, թե որն է ՑԱՆՑԱՅԻՆ ԿԵՂԾ ՄԱՐՔԵԹԻՆԳ-ը։ Ուշադրություն. Ցանցային կեղծ մարքեթինգի տարբերությունները ԱՆՆՇԱՆ ԵՆ, համարյա թե չեն երևում։ Այ հենց այս աննշան տարբերություններն էլ դառնում են շատերի սայթաքման պատճառ։
Այդ աննշան տարբերություններից մեկը այն է, որ դիստրիբյուտորը իր օգուտը ստանում է ոչ թե ԱՊՐԱՆՔ վաճառելուց, այլ նոր ՄԱՐԴԿԱՆՑ ներգրավելուց։ Առաջին հայացքից սա դժվար է տեսնել, քանի որ նման կազմակերպությունները դա փորձում են քողազերծել։ Օրինակ վերջերս հանդիպեցի նման կազմակերպության ներկայացուցիչներից մեկին և նա մի քանի անգամ հատուկ նշեց, որ իրենք գումար են վաստակում ՄԻԱՅՆ ՎԱՃԱՌՔԻՑ և ոչ թե ՄԱՐԴԿԱՆՑ ներգրավելուց։ Բայց երբ վերլուծում եմ իր բացատրած սխեման պարզ երևում է, որ դու քո եկամուտը ստանում ես միայն այն դեպքում, երբ 2 ՄԱՐԴՈՒ վաճառել ես ապրանք և այդ 2 ՄԱՐԴԻԿ էլ յուրաքանչյուրը 2 այլ ՄԱՐԴԿԱՆՑ է վաճառել։ Այսինքն դու պետք է «վիզ» դնես վաճառել 2 ՀՈԳՈՒ ու հետո հոգ տանել, որ այդ 2-ն էլ ուրի 2 ՀՈԳՈՒ վաճառեն։ Ստացվում է, որ դու քո օգուտը ստանում ես 6-րդ ապրանքը վաճառելուց հետո միայն, ինչն էլ պարզ ցույց է տալիս, որ հակառակ այդ կազմակերպության պնդումներին իրենք քեզ վճարում են ոչ թե վաճառած ապրանքի համար, այլ իրենց բիզնես ցանց ներգրաված մարդկանց համար։
Հիմա կմտածեք, թե ինչ վատ բան կա այստեղ։ Ամենագլխավոր վատ բանն այն է, որ նրանք ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ են ՔԵԶ։ Նման սկզբունքով աշխատելով դու քո եկամուտը կամ ընդհանրապես չես ստանա, կամ էլ մի քանի ամիս հետո կստանաս։ 6 հոգու ինչ որ ապրանք վաճառելը, որի մասին ինքը կյանքում չի լսել այնքան էլ հեշտ աշխատանք չէ և երկորդ դու ԱՆՎՃԱՐ վաճառում ես ինչ որ մեկի ապրանքը։ Ու եթե 5 հոգու կարողանաս վաճառել և 6-րդին չգտնես, ստացվում է որ իրենք քեզ անվճար օգտագործեցին՝ շահագործեցին ու դու չունեցար ոչ մի օգուտ։ Այնպես որ տեսնում ենք, որ այստեղ ոչ տրամաբանությունն է գործում ոչ էլ մաթեմատիկական տարրական գիտելիքները։ Խնդրում եմ մի մոռացեք, որ ձեր մշտական եկամուտը ստանալու եք միմիայն այն դեպքում, երբ այս բուրգը գնալով զարգանա։ Այսինք առաջին 6 ապրանքը միայն սկիզբն է՝ առաջին «աշխատավարձը»։ Եթե ուզում եմ դա լինի կանոնավոր, ապա անհրաժեշտ է շատացնել գնողներին։
Իսկ մյուս վատ բանն այն է, որ նրաք ՔԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ։ Իրականում դու չես կարող իրենց խոսք տված գումարը վաստակես ՄԱՐԴԱՀԱՇՎՈՎ։ Եթե հաշվես իրենց մշակած մեխանիզմով, ապա կպարզես, որ իրենց առաջարկած տարբերակը ՍՈՒՏ Է, քանի որ չի համապատասխանում ճշմարտությանը։ Նրանց հաշվարկով դու ստանում ես այնպիսի թիվ, որը գերազանցում է մեր մոլորակի բնակիչների թիվը
Ասածս հասկանալու համար խնդրում եմ նայիր այս սյունակը։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Մանրամասն հասկանալու համար սեղմիր սյունակը։

Նորմալ երկրներում նման բիզնեսը համարվում է բավականին լուրջ հանցագործություն։ Օրինակ ԱՄՆ-ում FBI-ը այս սկզբունքով գործող կազմակերպություններին և ֆիրմաներին որակավորում է որպես ԿԵՂԾ և ՍՈՒՏ և հետապնդվում են օրենքով։
Սակայն հարկավոր է նշել, որ կան մարդիկ, ովքեր կարողանում են նման կերպով նորմալ գումար վաստակել։ Այսինքն, որքան էլ որ արգելված է նման բիզնեսը ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, երրորդ աշխարհի երկրներում կան հարյուրավոր մարդիկ, ովքեր հաջողվում են այս բիզնեսում։ Հարցն այն է, թե ի՞նչ հիմքեր ունես վստահ լինելու, որ դու էլ կհաջողվես։ Միայն էնտուզիազմը և գումար վաստակելու ցանկությունը հավատա շատ քիչ է։
Եթե այս ամենը քննելուց հետո պարզ է դառնում, որ կարող ես սկսել նման բիզնես, ապա անպայման քննիր հետևյալ հարցերը....
Շարունակելի....
ՀԳ՝ Ինչպես հավանաբար կռահեցիք ես մասնագետ չեմ։ Սա իմ անձնական հետազոտման արդյունքներն են, որտեղ հնարավոր է թույլ տված լինեմ սխալներ կամ ինչ որ մի բան այնպես հասկացած չլինեմ։ Բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ օգտակար մտքեր կգտնեք 
Աղբյուրներ որոնցից օգտվել եմ՝
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2. American Marketing Association
3. US Federal Trade Commission
4. Federal Bureau of Investigation (FBI)
5. USA Direct Selling Association
6. "The 5 RED FLAGS: Five Causative and Defining Factors of Recruiting MLMs, or Product-based Pyramid Schemes" հաշվետվություն
8. http://www.iricvalley.com/2010/10/do-u-still-want-to-join-network.html
Էջանիշներ