ես սրբագրում եմ իմ անցյալը
քեզ, նրան, էն մյուսին
ինձ
իմ սերերն ու պսեվդոսերերը
ջանքերը - իմ, քո, նրա -
ինչ-որ բանի հասնելու
ինչ-որ բան գուցե ստեղծելու
սրբագրում եմ զգացողություններս
սրտիս թրթիռները
հույսերս ու կարոտներս
էն ամբողջ ցավն ու երանությունը
որ կար
կամ չկար
կամ կար, բայց սուտ էր
սրբագրում եմ ամենը
էն բոլոր ճամփաները, որոնցով երբևէ քայլել ենք
գնացքի ռելսերը
զրույցներն ու դրանց թեմաները
հիմարությունն ու հանճարը
աստվածացումն ու անարգանքը
հարգանքն ու անվստահությունը
հավատն՝ առ երջանկություն
ու կամքը՝ ամեն ինչ փոշիացնելու
սրբագրում եմ
գույները, իրերն ու մարդկանց
բույրերն ու համերը
ու ջղային կծկումները սրտիս
կամ երջանկությունից ու հաճույքից տարածական դարձած սրտխփոցներիս հաճախությունը
սրբագրում եմ ամեն ինչ
որ եղել է
որ չի եղել
սխալները
ու ճիշտը՝ առավել ևս
սրբագրում եմ
ինձ
քեզ
նրան
սրբագրում եմ
թող ամեն ինչ էնպես լինի, ոնց պետք է
Էջանիշներ