Քեզ կներեմ ես ամեն բան, ինչ եղել է
ու այն ամենն, ինչ չի լինելու էլ երբեք:
Ամեն, ամեն ինչ կներեմ,
միայն մի բան քեզ չեմ ների, ներո՜ղ եղիր…
Քեզ կներեմ բոլո՜ր-բոլոր երազներս,
որ թռչելով հասել էին քեզ,
ու ուզեցին շարունակել թռիչքը՝ քո մտքերի հետ,
բայց բախվելով դրանց՝ անդարձ փշրվեցին…
Քեզ կներեմ այն բազմաթիվ գիշերները, երբ չեմ քնել
ու ոռնալ եմ ուզել ցավից…
Ու արցունքների գետերը, որ հեղվել են,
ես կներեմ կաթիլ-կաթիլ…
Քեզ կներեմ նրա համար, որ ռունգերդ մի օր ուրիշ կին կշնչեն,
որ մի ուրիշ ժպիտ կձուլվի ժպիտիդ,
որ աչքերդ կփայլեն մի ուրիշ զույգ աչքեր տեսնելիս…
Քեզ կներեմ…
Ու կներեմ քեզ նաև այն, որ մի ուրիշ տղամարդու
թևը պիտի մեջքս գրկի,
մեկ ուրիշի համբույրներից պիտի դողամ,
ուրիշ, ուրի՜շ մեկից լսեմ «քեզ սիրում եմ»…
Ես կներեմ…
Քեզ կներեմ, երբ ուրիշը քեզ կգովի իմ փոխարեն…
Երբ ուրիշի ափերի մեջ կորոնես երջանկություն…
Եվ երբ հոգուդ դռները բաց, թրթռացող հուրը սրտում՝
դու կաղոթես նրա՛ համար, այն ուրիշի,
ու կցնծաս…
Կներեմ, ջանս, հավատա…
Ու նույնիսկ այն ես կներեմ, որ տերտերի հարցին՝ «տե՞ր ես»,
մեկ ուրիշը «այո» կասի,
ու մեկ ուրիշին ես կլինեմ «հնազանդ»…
Ու ոչ քեզ, այլ մեկ ուրիշին կնվիրեմ կյանքս՝ հլու․․․
Ես կներեմ…
…
Քեզ չեմ ների միայն մի բան…
…Որ իմ որդին մեկ ուրիշին պիտի ժպտա…
Մեկ ուրիշը պիտի տեսնի նրան՝ քայլող…
Մեկ ուրիշին որդիս պիտի ասի «հայրիկ»…
Իր սեփական հորը, ցավոք:
02.02.2010
Էջանիշներ