Սթափվեց ու հասկացավ,որ երկար ժամանակ է,ինչ այդպես կանգնած դիտում է:Հեռվում գետը անցնել փորձող երկու աղջնակները արդեն այս ափին էին…
Կամաց մոտեցավ,ոտքերի տակ զգաց հաճելիորեն փափուկ խոտի թացությունը:Անձրևել էր,2 րոպե միայն, բայց անձրևել էր:Օդը պաղել էր ու մաքրվել,այսինքն օդը այստեղ միշտ էլ մաքուր էր:Խշշում էր գետը,այս անդորր պաղությանը անհամապատասխան աղմկոտ գետը,դադարած անձրևից վարարած ու պղտորված Վեդի գետը:
Ցուրտ էր:Մի քիչ քամի էր:Քամին խլել էր նոր լվացված եղևնիների բույրը ու տարածում էր շուրջը:
Չմրսի հանկարծ,-արագ անցավ մտքով:Ավելի մոտեցավ ու նստեց շատ մոտ:Հանեց թիկնոցը, բայց չհամարձակվեց ծածկել նրան.կարթնանար հանկարծ…
Մի կտոր արև երևաց:Հետո մի ամբողջ գունդ հալվեց ու կաթեց եղևնիների առատությունից գարնան գույն ստացած լեռների վրա:Վառվեց կանաչը,վառվեց լեռների վրա սփռված Խոսրով թագավորի անտառը:Վառվեց ու հանգավ:Այստեղ այդպես է.սովորականից ավելի կապույտ երկինքը շուտ ամպում է,շուտ էլ արևում:
Շուրջը մթնեց:
Մրսեց,բայց քիչ առաջ հանած թիկնոցը չհագավ:Հենվեց գետի ափին կողք կողքի աճած զույգ ուռենիներից մեկի ոչ այնքան հաստ,բայց ողորկ բնին:Սառնություն զգաց:
Ժպտաց:
Մատներով կամաց մի կողմ հրեց ցորենագույն մազափունջը ու բացեց նրա ճերմակ ճակատը…
Սիրուն էր Արամը:Լուրջ տղա էր:Նրա մոտ զգաստանում էին նույնիսկ ամենաերեսառածները:Նրա մոտ գրագետ էին ձևացնում իրենց,բանիմաց ու համեստ:Բայց Արամը հեռու էր մարդկանցից,կիլոմետրերով հեռու:
9րդ Ա-ում նա նորեկ էր ու շատ աղջիկներ էին թաքուն սիրահարվում նրա անտարբեր հայացքին ու շեկ մազերին:10րդ-ում նա արդեն հարազատ էր դարձել ու աղջիկները սկսեցին նրան սիրել եղբոր նման:Գնալով աղջիկների հետաքրքրությունը մարեց Արամի խորհրդավորության հանդեպ ու տասներորդցի գեղեցկուհիներից շատերը արդեն ընկեր ունեին:Բայց բոլորին հետաքրքրում էր,թե ով էր Արամի սերը:Շատերն էին նկատել,որ նա լուռ սիրում է:Նառան էլ էր նկատել,այսինքն պարզ տեսել էր:Բոլորն էին տեսել Արամի օրագրի, բոլոր տետրերի ու նույնիսկ կենսաբանության գրքի կազմի վրա նկարված զույգ աչքերը,թախծոտ,չներկված,քիչ առաջ լաց եղած աչքերը:Ոչ ոք չէր ճանաչել այդ աչքերը:Նառան էլ չէր ճանաչել մինչև այն օրը…
Մայիսը նոր էր բացվում:Ինչպես բազմաթիվ տասներորդցիներ,նրանք էլ ամբողջ եռանդով պատրաստվում էին «Վերջին զանգի»-ի ավարտական միջոցառմանը,որը յուրաքանչյուրի երևակայության մեջ շքեղ էր լինելու,գեղեցիկ ու անկրկնելի…
-Անցած տարվա տասերինը ինչ էր, որ…դուք դեռ մեր կազմակերպածը կտեսնեք…
Երիտասարդ դասղեկին`ընկ. Հայրապետյանին գեղեցիկ անակնկալ էր սպասվում.որոշել էին մի մեծ կտավ նվիրել նրան,վրան վրձինով նկարված դասարանի բոլոր աշակերտները:Ինչու չէ,եթե հնարավորություն ունեին:Հնարավորությունը Արամն էր.նա նկարում էր:
Որոշել էին նաև,որ ամեն ինչ միայն իրենց ձեռքով էր պատրաստված լինելու`երաժշտությունը,սցենարը,դեկորացիան,ամեն ինչ.թող ընտիր չլիներ,բայց իրենց ձեռքով ու երևակայությամբ լիներ:Ամենից շատ ոգևորվել էին Ինգան ու Նաիրան:Ինգան լավ երգում էր,իսկ Նաիրան երգի բառերը կգրեր…
Շոգ էր…չնայած դպրոցի բակում աղմկող հավաքվածներից ոչ մեկ չէր նկատել:
Նաիրան հանկարծ հոգնեց այդ ժխորից,այդ թեժացող վեճերից.որոշեց գնալ տուն ու մի քիչ պարապել առաջիկա քննությունների համար:Հարցաշարը Արամի մոտ էր:
-Երեխեք,Արամն ու՞ր է…
-Նառ,դու համաձա՞յն ես որ վարդերից բացի ուրիշ ծաղիկներ էլ գնենք:Ես ասում եմ,եթե այդ ժամանակ վարդերն են բացվում,ուրեմն ավելի բնական ու գեղեցիկ կլինի,որ միայն վարդեր նվիրենք ուսուցիչներին ու վարդերով էլ զարդարենք բեմը…
-Արամը այսօ՞ր էլ չի եկել:
-Չէ,չի եկել,վա~յ Տիգրա՛ն, մի՛ գոռա,ին՞չ կալլա,կալլաները թանկ են ու կարծես արհեստական ծաղիկներ լինեն:Հետո էլ դու տղա ես,զարդարելու հետ գործ չունես,դուք երաժշտությունը պատրաստեք:
-Կալլաները նույն գինն ունեն,տգե՛տ:
-Դուք սրա խոսելը տեսեք աղջկա հետ…
Ինգայի ու Տիգրանի գոռգոռոցները հեռվանում էին.արդեն դպրոցից դուրս էր եկել:«Տեսնես ի՞նչ է պատահել Արամին,-մտածեց,-գուցե…դե ոչ…երևի կտավն է նկարում»:
Արամը լավ էր նկարում.դե այնպես չէ,որ աշխարհահռչակ դառնար,բայց լավ էր նկարում:Համարյա բոլորին էլ դուր էին գալիս նրա նկարները:
Մտածում էր`գնա, թե՞ չգնա…
Ասում են` Արամը սիրում է,ասում են,որն է,ինքն էլ նկատել էր ու այդ աղջկա աչքերն էլ տեսել էր ամենուր,մի օր էլ նույնիսկ գրատախտակին(մինչ այդ կասկածում էին,որ անձամբ է այդպես լավ նկարում):
Իսկ եթե այդ աղջկա հե՞տ է…Հիմա երևի իրար ձեռք են բռնել ու նայում են իրար,այնպես ինչպես այն անդաստիարակ Ինգան է մեկ-մեկ,ծիծաղեցնելու համար կրկնօրինակում Արամի նայվածքը:Ժպտաց:Տեսնես այդ աղջկան դու՞ր է գալիս Արամի երկչոտությունը:Իրեն երևի դուր կգար,որ իրենից ամաչեին ու դողալով վերաբերվեին,այնպես, ինչպես երևի Արամն է վերաբերվում իր սիրած աղջկան:
Արդեն որոշել էր չգնալ,մենակ թողնել սիրահար զույգին,բայց Արամը լուրջ առողջական խնդիրներ ուներ ու չէր կարելի միայն լավը գուշակել նրա համար,չնայած շատ էր բարկանում, երբ իրեն բռնացնում էր վատ բաներ մտածելիս,երբ Արամը բացակայում էր: Իսկ Արամը քիչ էր բացակայում:
Այլևս որոշելու ոչինչ չկար…արդեն Արամենց տան առջև էր:Տունը երկհարկանի էր ու շատ գեղեցիկ:Արամը տատիկի հետ էր ապրում,որը հարգարժան բժշկուհի էր եղել իրենց քաղաքի հիվանդանոցում:
«Դա շատ վաղուց էր,բայց իմ հիվանդներից շատերը մինչև օրս էլ հիշում են ինձ…»-հաճույքով սկսում էր նա իր պատմությունը,երբ հարցնում էին ու ո~նց չէր հոգնում անընդհատ պատմելուց:Իսկ երբ ոչ ոք չէր հարցնում Արամի համար էր պատմում: Արամը միայն ժպտում էր ու ամուր գրկում նրան:
Ասում են` Արամին տեսել է հիվանդանոցում:Դժվար էր հասկանալ,որ չի կարող բուժել նրան: Արամը համարյա 4 տարեկան էր:Նրա հետևից ոչ ոք չէր եկել:Սպասել է,այնուհետև նրան վերցրել իր խնամակալության տակ:Սիրում էր Արամին ու մնացած կյանքը որոշել էր հենց նրա համար ապրել: Արամը գնահատում էր դա,տարիների հետ էլ դադարում էր ծնողների մասին հարցնել,նամանավանդ,որ դա դուր չէր գալիս տատիկին:Ուրիշ ոչ մեկի չուներ Արամը ու դրանից ավելի շատ էր սիրում նրան:
Դարպասը բաց էր:Մտավ ներս:Հսկայական մի ծաղկանոց բացվեց նրա առջև:Թոշակի անցած տատիկի հոգատարությունը զգացվում էր փարթամ վարդերի ամեն մի թփից:
Ոչ մի դուռ կողպված չէր,ինչից էլ ենթադրեց,որ տանը մարդ կա:Մտավ տուն:Առաջին հարկի միջանցքի աջ անկյունի ոչ շատ լայն,լաքապատ աստիճանները վերևում մի փոքր թեքվելով նրան հանեցին երկրորդ հարկ:Սրահը մութ էր:Ոչ մի ձայն:Ճնշող էր լռությունը:Որոշեց,որ Արամը կամ աշխատասենյակում պիտի լիներ,ուր միշտ նկարում էր ու պարապում կամ էլ ննջարանում:Դատելով այս մթությունից,որ երևի ինքն է ստեղծել, քնած կլինի:Աշխատասենյակը միջանցքի վերջում էր:Ննջարանի դռան մոտ մի քիչ վարանեց.ինչքան էլ,որ իր եղբոր ընկերն էր, ինչքան էլ,որ նրան եղբորը հավասար սիրում ու հարգում էր,համենայն դեպս ինքը իրավունք չուներ նրա ննջարանը մտնելու:Թակեց դուռը:Ոչ մի արձագանք:Չլինի՞ բան է պատահել նրան:Երկու անգամ թակելուց հետո կամաց հրեց դուռը:Սենյակում մութ էր:Շոշափեց պատի այն հատվածը,որտեղ պետք է, որ լիներ վարդակը:Վառեց լույսը:Այնքան գեղեցիկ էր լուսավորված տեսարանը:Բոլոր պատերին,բոլոր նկարակալներին,վարագույրներին,հայելու վրա,նույնիսկ բարձի վրա,մի խոսքով `ողջ սենյակը ողողված էր մի աղջկա պատկերով:«Տեսնես ո՞վ է»:
Աղջիկը հիմնականում,մերկ էր,կիսով չափ ծածկված սպիտակ,ատլասե սավանով,երբեմն էլ սպիտակ,ասեղնագործ,թափանցիկ գիշերազգեստով կամ ոչ շատ շքեղ հարսանեկան զգեստով:Նրա շուրջը միշտ ճերմակ էր.ծովի ճերմակ փրփուրներ կամ ամպի քուլաներ…Մարմինը գեղեցիկ էր,մազերը սև,ոչ շատ երկար,իսկ դեմքը հիմնականում չէր երևում.միշտ ինչ-որ մաս ծածկված էր:Մի տեղ միայն մի քիչ երևում էին փոքրիկ շուրթերը,իսկ մնացած տեղերում միայն աչքերն էին պարզորոշ երևում:Նույն աչքերն էին,թախծոտ,մի քիչ լացած…
Նույնիսկ մի քիչ նախանձեց այդ աղջկան,որ ինչ-որ մի սիրտ այդպես աստվածացրել էր նրան:Երևի Արամը ուժգին է սիրում,ինքնամոռաց:Իսկ աղջի՞կը:Դե երևի նա էլ է սիրում,որ այդքան նկարվել է:
Դուրս եկավ ննջարանից ու քայլեց դեպի աշխատասենյակ:Բացեց դուռը:Ճերմակ բազմոցի մեջ ընկղմված Արամը կապույտ աչքերը հառեց նրա վրա.չշարժվեց:Սկզբում Արամին թվաց,թե տեսիլք է տեսնում:
-Դասի չէիր եկել`անհանգստացել էինք…համ էլ հարցաշարս…
Տեսիլք չէր:
-Պատրաստվում էի դասարանի նկարը նկարելու:
Կտրուկ շարժումով վեր կացավ.
-Ինչ լավ է,որ եկար.միասին կնկարենք:Կօգնե՞ս:
-Ինչպե՞ս
Ուզում եմ նրանց բնավորությունները արտացոլվեն կտավի վրա:Բոլորին երկուսով կնկարագրենք,ինձ`դու,քեզ էլ` ես:
Ժպտաց:
-Իսկ ի՞նչպիսին եմ ես…
-Քեզ նկարելու ժամանակ կասեմ,համբերի,նստիր այստեղ.ամենափափուկ տեղն է իմ սենյակում,-վեր կացավ բազմոցից ու համարյա ուժով նստացրեց երկու տարվա դասընկերուհուն,-չես ձանձրանա,չէ՞:
-Չգիտեմ,առաջին անգամ եմ նայելու,թե ոնց են նկարում…
-Պարտադիր էլ չի նայես,դու ընդամենը իմ մուսան կլինես,իսկ մուսաները ոչինչ էլ չեն անում, միայն ներկա են գրվում:
Ին~չ լավ ծիծաղեց:
Նառան էլ ծիծաղեց.
-Լավ համաձայն եմ:
Սկսեց նկարել:Երևի կես ժամ կլիներ,ինչ նա լուռ նկարում էր:Մերթընդմերթ նա կանգ էր առնում.մտածում էր:Այդ րոպեներին նրա դեմքը մտահոգ էր դառնում,ճակատը կնճռոտվում էր:Նայեց աղջկան:
-Դու կարո՞ղ ես զրուցելով նկարել,-հարցրեց աղջիկը:
Չպատասխանեց,չժպտաց,միայն լուռ մոտեցավ:Աղջիկը զարմացած նայեց նրան:Տղան նկարչի իր նուրբ մատներով արձակեց նրա մազերը,հետո դանդաղ անցավ զգեստի կոճակներին:Աղջկա սիրտը ուժգին բաբախեց:Դողաց ողջ մարմնով ու հասկացավ,որ ամբողջովին անզոր է դիմադրելու:Սթափվեց,երբ Արամը արդեն հանել էր նրա զգեստը,կոշիկները ու պառկեցրել էր նրան բազմոցին:Բազմոցը սովորականից փափուկ էր ու աղջիկը արտասովոր հաճույք զգաց:Էլ ոչինչ չէր գիտակցում:Մի՞թե Արամը առիթից կօգտվի:
Արամը զգույշ հանեց վարդագույն կրծկալը:Աղջիկը վախեցած ծածկեց մերկությունը հանած զգեստով:Արամը մոտեցավ պահարանին:Բացված դռից աղջիկը տեսավ բազմաթիվ ներկապնակներ,հին և նոր վրձիններ,նկարների շրջանակներ ու մի սնդուկ կամ դրա նման մի բան,որի միջից էլ Արամը մի ճերմակ գիշերազգեստ հանեց:Այն նուրբ էր,թափանցիկ,ասեղնագործ,փեշերը բավականին կարճ էին:Աղջկան այն իրենը լինելու չափ ծանոթ թվաց,բայց նա չհիշեց, թե որտեղ է տեսել այդ զգեստը:Արամը կամաց մոտեցավ նրան ու զգեստը հագցրեց նրա դողացող մարմնին:Ձեռքի թեթևակի հպումով ուղղեց աղջկա անփութորեն գանգրացրած մազերը:Աղջիկը չէր հասկանում,թե ինչ էր կատարվում իր հետ:Նրա մարմնին համակել էր իրեն անծանոթ մի դող ու նա ոչինչ չկարողանալու չափ թույլ էր:Ոչինչ չէր հասկանում,ոչինչ չէր մտածում.գուցե՞ չէր ուզում մտածել:Բանականությունը սկսեց մթագնել:Սենյակի կիսամութը,այդ լռությունը,բազմոցի ճերմակ փափկությունը ու աշխարհի ամենագեղեցիկ տղայի նուրբ մատների խաղը արձակված մազերի մեջ, նրան կտրեցին իրականությունից ու մի անուշ նիրհ իջեցրին հոգնած մարմնին ու ուղեղին…
×××
Արդեն իշխանության անցած մայիսյան արևը կամացուկ թեքվեց դեպի արևմուտք:Բազմաթիվ գույներ թափվեցին աշխարհի վրա:Աշխարհից առանձնացված կիսամութ մի սենյակում լսվում էր երկու կամացուկ շնչառություն:
Մի քիչ ցրտեց…
Արամը սարսռաց անակնկալ ցրտից ու արթնացավ:Իրեն գտնելով փայտե չոր աթոռի վրա`բոլորովին էլ չզարմացավ.քանի անգամ էր այդտեղ արթնացել…Չզարմացավ նաև կիսամերկ դասընկերուհու նկարը իր առջև տեսնելով.իսկ որտե՞ղ նրա նկարը չկար:Իսկ նրա մարմի՞նը բազմոցի վրա.առաջին անգամը չէր,որ նա պատկերացրել էր Նաիրային այդ բազմոցի վրա,այդ հագուստով,այդ դիրքով…
«Էլի նրան եմ նկարել, Տե՛ր Աստված,մի՞թե ինչ նկարեմ նրա պատկերն է ստացվելու…»
Մատներով հպվեց նկարին.համարյա չորացել էր:
«Դասարանի նկարն էլի մնաց.երեխեքին ի՞նչ եմ ասելու…»:
Զգաց,որ աչքերը փակվում են:Մոտեցավ բազմոցին:Տեսիլքը չէր անհետանում:Ուզեց պառկել,սակայն վեր թռչեց քրտնած լինելու պատճառով մի քիչ սառած մարմնին անսովոր ջերմություն զգալով:Հասկացավ ամեն ինչ,հիշեց :Նստեց բազմոցի անկյունում,զգուշորեն գիրկն առավ դասընկերուհու գլուխն ու սկսեց լուռ դիտել նրան:Աղջիկը խորը քնած էր ու նրա դեմքը չէր աղավաղում ոչ մի արտահայտություն:Արդեն որոշել էր, թե հաջորդ կտավում ինչ էր նկարելու…
Էջանիշներ