User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Կյանքի ծամածռությունները. հին հայկական սովորություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքի ծամածռությունները. հին հայկական սովորություն

    Կարճ, բայց, ըստ իս, շատ մեզ՝ հայերիս համար շատ բնութագրական մի պատմվածք:
    -----------------------------------------


    Նորիկի լղար կերպարանքը, թույլ շարժումները, նվազ ձայնը ցույց են տալիս, որ խեղճի դրությունը մտահոգիչ է, պետք է լուրջ քննել մարդու դրությունը, հնար մտածել: Մարդը հիվանդ է պարզապես:
    Բայց չգիտես ինչու՝ մարդամեջ դուրս գալիս հենց մոտենում է մի խմբի, ձայն են տալիս.

    — Նորի՛կ, ո՞նց ես, - և առանց պատասխան ստանալու՝ ավելացնում, - Ի՜նչ լավ կազդուրվել ես, Նորի՛կ ջան:

    Ու ամեն կողմից, խոսք-խոսքի հետևից.
    — Նորի՛կ, եկա՞ր: Հը, ի՞նչ կասես: Չէէէ, լավ ես, լավ:
    — Ա՛յ տղա, տեսեք ինչ լավ լցվել է մեր Նորիկը:
    — Նորի՞կը, հաա՜, շատ լավ է երևում աչքիս:
    — Ջա՛նըմ, Նորիկն ինչ հիվանդ է որ...
    — Նորիկի հիվանդությունը մի պատահական բան էր, անցավ-գնաց:
    — Էլ մի ասա, գնաց ու էն էլ ոնց գնաց:
    — Քեֆ արա, Նորո՛ ջան, ա՛յ ախպեր, լավ էլ լավ ես:
    — Չէէէ՜ է, էլ շատ մի խոսի, որ արդեն լավ ես, է, գնա ու քեֆիդ ուզածով ման արի:
    — Ճիշտ է ասում, գործերդ լավ են:

    Բայց դե ի՞նչ գործերը լավ: Մարդը չոր տախտակ է դառել, փորը կպել է մեջքին: Մեռնում է:
    Նորիկը լսում է նրանց, լսում, թույլ-թույլ հևում է ու երկար չկարողանալով փողոցում մնալ՝ դառնում է տուն, տնքում է, տնքում ու պառկում:
    Հիմի էլ տանը: Բարեկամները թե.

    — Նորի՛կ, պառկե՞լ ես:
    — Մրսած ես մի քիչ: Վնաս չունի, քրտնես՝ կանցնի:
    — Տո, իհարկե կանցնի, ի՞նչ բան է նրսածությունը: Հենց վաղը վեր կկենա:
    — Ախպեր, Նորոյիս ի՞նչ է եղել, որ երկարացնում եք: Ի՞նչ մրսածություն, ի՞նչ բան՝ ուղղակի հոգնած է մարդը: Կհանգստանա, վաղը էլի վեր կկենա:

    Սեղանը սարքում են, ու սկսվում է քեֆը:
    — Նորիկը հենց այս րոպեիս էլ առողջ է:
    Զուր է լսում էդ բժիշկներին:
    — Ո՞վ է հիվանդ, Նորո՞ն: Տո, մերը չմեռնի Նորիկի: Տասն առողջ մարդ կմաշի:
    — Բան ասիր: Ուրիշ տիպն է Նորիկը: Ա՛յ ջանըմըզըն, հլը վե՛ր կաց:
    — Նորո՛, կենացդ:
    — Նորի՛կ, մի էս տոլմից մի ափսե լցնեմ, լազաթիդ կեր:
    — Խաշ կուզե՞ս, ախպե՛րս:
    — Տո ինչի՞ չի ուտի: Հիվանդ հո չի: Բերեք:

    Հիվանդ չէ. այսպես են եզրակացնում բարեկամները:
    Նորիկս էլ ուրիշ տեսակ եզրակացրեց: Գիշերն ուղղակի մեռավ: Կարճ և ազդու: Կարծես ջգրու: Դե գնա:

    Բարեկամներն իրար նայեցին: Պահո, բանն այսպես էր եղել: Տեսար Նորիկ, վայ Նորիկ: Այ տղա, էս ինչ բան էր: Էս ոնց եղավ:

    Ոնց պիտի լիներ: Շատ պարզ: Մինչդեռ Նորիկի բարեկամները շարունակ զբաղված էին նրա առողջությունը վկայող խոսակցություներով, փոքրիկ բացիլները կատարում էին բնության գործը, օրենքը: Այն օրենքը, որ ասում է, թե՝ երբ թոքերի մեջ բացիլներ են ընկնում, երբ այդ թոքերը թույլ են, երբ միջոցներ են ձեռք առնում դիմադրելու ու չեն հաջողում, երբ չգիտեն, և չգիտեն, երբ չեն ուզում գիտենալ և օգնելու փոխարեն բոլորը զբաղված են գովելով ու սիրտ շահելով, բացիլները կատարում են իրենց պարտականությունը, և Նորիկը մեռնում է:

    Ատելի՜ բացիլներ...
    Ո՛չ: Ատելի շողոքորթություն:

    Ահա տեսեք, Շորիկի դագաղը տանում են ուսներին դրած, տանում են, որ նրան ներփակեն: Ահա Նորիկի «բարեկամները» բերանբաց նայում են ու հարցնում.

    — Էս ո՞ւմ դագաղն է:
    — Նորիկինը:
    — Նորիկի դագա՞ղը: Վահ, ինչ գեղեցիկ է:
    — Լավ ամուր դագաղ է:
    — Արժե, շատ լավն է: Բարո՛վ մաշի:

    Դե գնա:
    Ինչ անի Նորիկը. կյանքն այսպես է ծամածռում բերանը:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.10.2011), ars83 (24.12.2010), Claudia Mori (05.11.2011), E-la Via (24.12.2010), Freeman (24.12.2010), Gayl (25.12.2010), Mark Pauler (24.12.2010), Արևածագ (24.12.2010), Գանգրահեր (25.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքի աստիճան
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.01.2018, 08:54
  2. Լուրեր կարդալու սովորություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2015, 20:14
  3. Արձակ. Կյանքի համը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 31.10.2014, 03:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •